Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ- ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ»

Մարտ 31,1999 00:00
miasnutyun

Մարտի 30 քաղաքական օրվա երկրորդ կեսին Գիտությունների ազգային ակադեմիայի փոքր դահլիճում տեղի ունեցավ նախընտրական թերեւս ամենալուրջ դաշինքի ձեւավորումը։ Նրանում ընդգրկված են Կարեն Դեմիրճյանի ղեկավարած Ժողովրդական եւ Վազգեն Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունները։

Այս երկու հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավար մարմինների համատեղ նիստի ժամանակ, որոշակի ծանուցումներից եւ քննարկումներից հետո ընդունվեց միասնական որոշում, որը բաղկացած էր երեք կետից։

Առաջին դրույթով հանրապետականներն ու ժողովրդականները որոշում ընդունեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել միասնաբար՝ նախընտրական ընդհանուր ցուցակով։

Երկրորդ կետով ընդհանուր համաձայնության արդյունքում պայմանավորվեցին, որ նախընտրական այդ դաշինքն ունենալու է «Միասնություն» անունը։ Ի դեպ, այլ առաջարկներ էլ եղան՝ միավորման անունը դնել «Ապագա», «Ազգակառույց» եւ այլն։ Ալբերտ Բազեյանի առաջարկն այն էր, որ դաշինքը կոչվի «Ազգային միասնություն»։ Սակայն ե՛ւ Վազգեն Սարգսյանը, ե՛ւ Կարեն Դեմիրճյանն առավելապես հակված էին, որ նորաստեղծ միավորումը կոչվի «Միասնություն»։ Դա իր իմաստով, ինչպես նշվեց, արտահայտում է նաեւ երեւույթի բովանդակությունը։ Անունը հավանել էր նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, որը նախընտրական ցուցակում երրորդն է։ Ի դեպ, ցուցակի առաջին եռյակի ազգանունների հերթագայության վերաբերյալ նույնպես որոշում ընդունվեց։ Հանրապետականներն ու ժողովրդականներն ընդհանուր դիրքորոշում արտահայտեցին, որ «Միասնություն» դաշինքի առաջին երեք անունները լինեն՝ Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան, Ֆադեյ Սարգսյան։

Նշենք, որ միասնություն բառը, տվյալ դեպքում, պատահականորեն չընտրվեց։ Դրա մասին է վկայում թեկուզ ամփոփիչ խոսքում Կարեն Դեմիրճյանի արտահայտած այն միտքը, որ իրենց դռները բաց են բոլորի առջեւ՝ ե՛ւ անհատների, ե՛ւ հասարակական, ե՛ւ քաղաքական կազմակերպությունների համար։ Նա ասաց նաեւ, թե այս վիճակում երկրի միակ փրկությունն այս ծանր կացությունից դուրս բերելու առումով ժողովրդի միասնությունն է։ Դա է առկա իրավիճակը հաղթահարելու առհավատչյան։ Բոլորը պիտի միավորվեն եւ նպատակամղվեն դժվարությունները հաղթահարելուն եւ ապա երկիրը զարգացնելուն։

Միասնության գաղափարը հանրապետականների եւ ժողովրդականների համատեղ նիստում առանձնակի ուշադրության արժանացավ։ Դրա մասին խոսեց նաեւ Վազգեն Սարգսյանը։ Նա ասաց, որ այս դաշինքը ի վիճակի է մեր ժողովրդին տանել առաջընթացի ճանապարհով։ Սա դաշինք չէ քաղաքական մեկ ակցիայի համար։ Գաղտնիք չէ, ասաց Վազգեն Սարգսյանը, որ այս երկու քաղաքական ուժերն էլ ի վիճակի էին Ազգային ժողովում առավել տեղեր գրավել եւ ընտրություններին մասնակցել առանձին-առանձին։ Սակայն այդ դեպքում, ինչպես նշեց պաշտպանության նախարարը, կտուժեր միասնականության գաղափարը։ Այս դաշինքը ծանրակշիռ խոսք ունի ասելու, գուցե թե ամենածանրակշիռը երկրի գրեթե բոլոր գործընթացներում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական։

Վազգեն Սարգսյանն ասաց նաեւ, որ սա իմաստնության, փորձի, սերունդների միասնությունն է եւ դրանով իսկ ճշմարիտ դաշինք։ Անդրադառնալով ընտրարշավին, Վազգեն Սարգսյանը կարեւորեց երեք խնդիր՝ առողջ մթնոլորտ, հավատք, հենց այդպես էլ ասաց պաշտպանության նախարարը, եւ վճռականություն։

Հիմա գանք Կարեն Դեմիրճյանի խոսքին։ Նա նախեւառաջ ծանուցեց, որ ՀԺԿ-ին է դիմել Հանրապետական կուսակցությունը եւ իրենք, քննարկելով հարցը, միաձայն որոշում են կայացրել։ Խոսուն են համաձայնության հիմքերը։ ՀԺԿ վարչության նիստին մասնակցել է 200 ժողովրդական, եւ ընդհանուր հավանության է արժանացել նախընտրական այս դաշինքի գաղափարը. «Ինչո՞ւ միայն նախընտրական,- ասաց Կարեն Դեմիրճյանը,- հետագա համագործակցություն եւս՝ ժողովրդի վիճակը բարելավելու նպատակադրումով»։

Համատեղ նիստի ավարտին հանրապետականներն ու ժողովրդականներն ընդունեցին հայտարարություն, ուր մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով երկիրը սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու անհետաձգելի անհրաժեշտությունը, կարեւորելով ազգային միասնության եւ քաղաքական ուժերի համագործակցության նշանակությունը, հանդուրժողականության, վստահության, փոխադարձ հարգանքի մթնոլորտ ստեղծելու ժամանակի հրամայականը, ծայրահեղ վտանգավոր համարելով երկրում սոցիալական ահագնացող բեւեռացումը, բարոյական անկումը, մարդու արժանապատվությունը դիտելով որպես բարձրագույն հիմնարար եւ անօտարելի արժեք, օրենքի գերակայության ապահովումը համարելով սկզբունքային դիրքորոշում, իսկ դրա համար անհրաժեշտ երաշխիքների ստեղծումը քաղաքական գործունեության խնդիրներից մեկը, առաջնորդվելով շուկայական հարաբերությունների հիմքի վրա արդյունավետ զարգացող առողջ մրցակցային նախադրյալներ ունեցող բնակչության զբաղվածության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ ապահովող տնտեսական համակարգ ստեղծելու անհրաժեշտության գիտակցումը, Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը համարելով երկրի անվտանգության եւ կայունության անհրաժեշտ պայման, ՀԺԿ եւ ՀՀԿ-ն հայտարարում են՝ Երկրապահ կամավորականների միության զորակցությամբ, ընդհանուր մոտեցումների եւ սկզբունքների հիմքի վրա դաշինք կազմելու մասին»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031