Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բոյկոտում են ընտրությունները

Մարտ 31,1999 00:00
boykot yntrutyun

Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրական կարգը խաթարված է։

Ընտրությունների ինստիտուտը, որպես իշխանությունների ձեւավորման իրավական հիմք, չի գործում։

1995 թ. Ազգային ժողովի եւ 1996 թ. նախագահական ընտրություններին հասարակության, քաղաքական ուժերի մի մասի, միջազգային հանրության կողմից տրվել է քաղաքական գնահատական՝ դրանք համարվել են անարդար։ Այդ ամենի իրավական հետեւանքի բացակայությունը, այն է՝ նոր օրինական ընտրություններով իշխանության ձեւավորում եւ Հայաստանի Հանրապետությունում օրինականության եւ ժողովրդավարության վերահաստատում, հնարավոր դարձրեց 1998 թ. փետրվարյան հեղաշրջումը եւ դրան հաջորդած իշխանության զավթումը։

Ազգային ժողովը, քաղաքական ուժերն ի զորու չեղան տալու ՀՀ նախագահի հրաժարականի իրական քաղաքական գնահատականները, ինչը ֆարսի վերածեց 1998 թ. նախագահական արտահերթ ընտրությունները, որոնց ընթացքը եւ հռչակված արդյունքը սոսկ հաստատագրեց Հայաստանում ստեղծված անօրինական վիճակը։

Ժողովրդավարության հետընթացի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օտարված են իշխանությունից։

Քաղաքական պատասխանատվություն չկրող իշխող վարչախումբը անընդունակ է ընկալելու պետության բնականոն զարգացման օրինաչափությունները։

Տնտեսությունն ամբողջովին վերահսկվում է ուժային կառույցների կողմից։ Ստեղծված պայմաններում անհնար է տնտեսության զարգացումը եւ ժողովրդի կենսամակարդակի բարելավումը։

Հայաստանի Հանրապետությունը դուրս է մնում միջազգային եւ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից, կորցնում զարգացման հեռանկարները։

Ուժային կառույցները շինծու կուսակցություններով ու միավորումներով «նորացնում» եւ վերաձեւում են քաղաքական դաշտը։

Ակնհայտ է, որ ընտրական օրենսգրքի բացակայության, Սահմանադրության եւ օրենքների ոտնահարման պայմաններում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններով հերթական անգամ կոպտորեն ոտնահարվելու է ընտրողների կամքը։

Ապօրինի ճանապարհով նախագահ դարձած, Սահմանադրությունը ոտնահարող անձը չի կարող նույն այդ Սահմանադրությամբ տրված քաղաքացիական իրավունքների՝ այդ թվում ընտրական իրավունքի իրականացման երաշխավոր դառնալ։

Գիտակցելով մեր պատասխանատվությունը պետության ապագայի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջեւ՝ բոյկոտում ենք առաջիկա խորհրդարանական ընտրությունները։

Միայն ժողովրդավարական ուղի վերադառնալով է հնարավոր լուծել պետության, ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները։

Միայն ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող ժողովրդավարական լայն ճակատի ճնշմամբ է հնարավոր Հայաստանի Հանրապետությունում վերականգնել սահմանադրական կարգը, օրինականությունը եւ ձեւավորել օրինական իշխանություններ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ,

ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ,

ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ,

ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ,

ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031