Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐ ՎԵՐՋԻՆ. ՀԱՅՏԵՐԸ ԲԵՐԵՔ

Մարտ 31,1999 00:00
KYH

ԿԸՀ-ի համար սկսվեցին գերլարված աշխատանքային օրերը։ Համամասնական ընտրացուցակներով խորհրդարանական ընտրություններին մասնակցել կամեցողները երեկ մինչեւ ժամը 18-ը պարտավոր էին ներկայացնել հայտերը։ Առաջին պարտաճանաչը եղել էր «ԻՄ-Սփյուռք-Հայաստան» դաշինքը, իսկ վերջինը՝ «կոմունիստների եւ սոցիալիստական կուսակցությունների միությունը» ԿԸՀ-ի շենք մտավ երեկ՝ ժամը 17։55-ին։

Հայտերի ընդունման պահին յուրաքանչյուր կուսակցություն եւ դաշինք յուրովի էր ներկայանում։ Օրինակ, ՀՀՇ-ն անաղմուկ եկավ եւ անաղմուկ հեռացավ։ ՀՀՇ-ի ընտրացուցակում 49 թեկնածու է ընդգրկված։ Առաջին երեք տեղերում Վանո Սիրադեղյանն է, Հովհաննես Իգիթյանը եւ Արարատ Զուրաբյանը։ Նույնքան անաղմուկ էր նաեւ «Ազատ Հայք-Առաքելություն» կուսակցությունը։ Այն բերել էր 11 հոգանոց ցուցակ (ընդամենը 600 անդամ ունի)։

ՀՌԱԿ-ը ՀՀՇ-ի պես 49 հոգանոց ցուցակ է ներկայացրել եւ իր պառակտումը չպառակտում դարձնելն ապացուցելով, ընտրացուցակի առաջին տեղը տրամադրել է ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Կարապետյանին։ Երկրորդ տեղում է ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, այնուհետեւ Շամիրամ Աղաբեկյանն ու փոխատենապետ Հարություն Առաքելյանը։ Երեկվա դրությամբ պարզ դարձավ, որ հանրապետության սոցիալիստական ուժերը համախմբվելու «սիրտ ու հավես» չունեն։ Նրանք ԿԸՀ եկան առանձին-առանձին, առանձին ընտրացուցակներով եւ հայտերով։ «Սոցիալիստական ուժերի եւ մտավորականների միություն» դաշինքի ընտրացուցակը 47 հոգանոց է։ Աշոտ Մանուչարյանը իր թեկնածությունը չի դրել։

Առաջին քառյակում են Լորիս Քալաշյանը, Գալինա Չեռնաուսովան, Գրիգոր Ասատրյանը եւ Դմիտրի Ադբաշյանը։ «Կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցությունների միության» ներկայացուցիչները համբերատար սպասում էին իրենց հերթին։ Նրանց ցուցակում 23 թեկնածու կա, իսկ կազմում ընդգրկված են ավանդատուների միությունը եւ կանայք։ Կուսակցությունը հույս ունի այս երկու խաբվածների, նրանց ազգական-բարեկամների քվեները ստանալ։ Ցուցակի առաջին տեղերը զբաղեցնում են Վազգեն Սաֆարյանը, Ստեփան Ստեփանյանը, Վարդան Խաչատրյանը, Բագրատ Ղարիբջանյանը եւ մյուսները։

«Ազգային պետությունը» եւս դաշինքի «հավես» չունի, քանի որ մեն-միայնակ է հայտ ներկայացրել, եւ 14 հոգանոց ցուցակում առաջին տեղը տրվել է Սամվել Շահինյանին։ Իսկ մեկ այլ պարտաճանաչ՝ «Օրինաց երկիրը», ԿԸՀ էր եկել ոչ թե հայտ ներկայացնելու (այդ բանը նա վաղուց է արել), այլ՝ 40 պաշտոնաթերթիկ հանձնելու։ Բայց հերթ էր, ինչ հերթ, ԿԸՀ-ի քարտուղարի աշխատասենյակի դռան մոտ ասեղ գցելու տեղ չկար։ Լրագրողներից, հայտ բերողներից եւ հանձնաժողովի անդամներից բաղկացած մի բազմություն էր հավաքվել։

… Երեկոյան ժամը 5։40 ԿԸՀ-ում գրանցվեց հերթական լրջանալու պահը. եկան նրանք, ում՝ բոլորը թաքուն եւ անթաքույց սպասում էին։ Միջանցքում հայտնվեցին «Հանրապետական» կուսակցության եւ ՀԺԿ-ի միասնական ներկայացուցիչները։ Ներկաներից մեկն էլ բուռն ցնծության մեջ հոգոց հանեց. «Մերոնք եկան»։ Իսկ «մերոնք» կարծես թե մի փոքր հուզված էին եւ ինչ-որ բան կամ մոռացել էին, կամ սխալ էին բերել, քանի որ Տիգրան Թորոսյանը մի քանի րոպեով մի տեղ գնաց, իսկ ԿԸՀ-ի անդամ, հանրապետական Սամվել Նիկոյանը դռան մոտ հերթապահեց այնքան, մինչեւ բարեհաջող վերադարձն արձանագրվեց։ Ասեմ, որ ԿԸՀ-ի քարտուղարին ամենից երկար ՀԺԿ-ՀՀԿ դաշինքը զբաղեցրեց։ Նրա պահանջած պաշտոնաթերթի քանակն էլ հազար է։

ՀԺԿ-ՀՀԿ դաշինքը (ժողովրդին հասկանալի լեզվով բացատրենք՝ Կարեն Դեմիրճյան եւ Վազգեն Սարգսյան դաշինք) կոչվեց «Միասնություն»։ «Դաշինքի համատեղ հայտարարության մեջ նշվել են ծրագրի մի շարք ընդհանրություններ, բնականաբար, կա նաեւ ընդհանուր նպատակ»,- ասաց Տիգրան Թորոսյանը։ Դաշինքի ցուցակում 145 թեկնածու կա։

Առաջին տասնյակ. Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան, Ֆադեյ Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, Ալբերտ Բազեյան, Հմայակ Հովհաննիսյան, Տիգրան Թորոսյան, Արմեն Խաչատրյան, Ռազմիկ Մարտիրոսյան, Ռուբիկ Միրոյան, Յուրի Բախշյան եւ այլք։

«Միասնության» ներկայացուցիչները ԿԸՀ-ի անդամների հետ շոկոլադ կերան (դա մենք տեսանք, բայց ապացուցել չենք կարող, քանի որ շոկոլադը կերան-հալվեց)։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031