Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՎՐՆ ԻՐ ՍԵՎ ԳՈՐԾԸ ԿԱՏԱՐԵՑ

Մարտ 30,1999 00:00
Nato

«Պատերազմ հանուն խաղաղության» նատօյական բանաձեւը գործողության մեջ դրվեց եւ դրանով իսկ ՆԱՏՕ-ն 50-ամյա իր անփառունակ պատմությանը մի արյունոտ էջ էլ ավելացրեց։

Այդ չարաբաստիկ բանաձեւը, կարելի է ասել, զուտ վամպիրական բնորոշում ունի, քանի որ վամպիրներն են միայն խաղաղվում արյան ծարավը հագեցնելուց հետո։

Մարտի 24-ի ուշ երեկոյան արյունն արդեն թափվեց. ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի միացյալ ուժերը երեք ժամ տեւողությամբ շարունակել են հրթիռառմբակոծման ենթարկել Հարավսլավիայի յոթ քաղաքների մոտ գտնվող ռազմական օբյեկտները։ Կան զոհեր խաղաղ բնակչության մեջ։ Ընդհանուր առմամբ արձակվել է 70 հրթիռ եւ մեկ տոննայից ավելի ռումբ՝ գիշերային այդ հարձակման ընթացքում։ Հարավսլավիայի հակաօդային պաշտպանությունը կարողացել է ոչնչացնել երկու ինքնաթիռ եւ երեք հրթիռ։

Ռուսաստանի վարչապետ Պրիմակովի աննախադեպ ժեստը կամ բողոքը, ԱՄՆ պաշտոնական այցն ընդհատելը եւ կես ճանապարհից հետ դառնալը արգելք չեղան ռազմային նատօյականների համար։ Նախագահ Ելցինի հեռախոսազանգերը մի շարք երկրների ղեկավարներին, նրա բազմանշանակ բացատրությունները եւ զգուշացումները պատերազմական գործողություններն սկսելու անիմաստության եւ հետեւանքների բարդության մասին՝ պարզապես անուշադրության մատնվեցին։ Միջազգային այս խոր միջադեպը հարթելու համար Ռուսաստանի ուշացած եւ ոչ այնքան վստահ կատարած քայլերն ապարդյուն անցան։ Միջազգային հանրությունն էլ չհավատալով, որ բանը կարող է բանից անցնել՝ լռում էր։ Զարթնելով քնից եւ լսելով կատարվածի մասին՝ մի շարք երկրներ սկսեցին բողոքի ձայներ բարձրացնել։ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանատների առաջ արդեն բողոքի ցույցեր են կազմակերպվում։ Չեխիան, որ վերջերս է ընդունվել ՆԱՏՕ, հակառակ է եղել պատերազմական գործողություններին, իսկ Դանիան հրաժարվել է իր զորքերն ուղարկել։ Ճապոնիան նույնպես դեմ է եղել խնդրի այդ ձեւով լուծմանը։

Շատ քաղաքական գործիչներ վճռականապես քննադատում են հարձակումները սկսելու ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պատճառաբանումները։ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քիսինջերը նույնպես դեմ է արտահայտվել կատարվածին, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, որը գումարվել է հարձակումներն սկսվելուց հետո, միայն Չինաստանն ու Ռուսաստանն են խոսել եւ դեմ քվեարկել Հարավսլավիայի ինքնանկախ երկրի գործերին խառնվելու նման իրադեպին։ Քոֆի Անանը երկդիմի հայտարարությունով է հանդես գալիս, թե՝ ռազմական միջամտությունը թեեւ վտանգավոր, բայց անխուսափելի անհրաժեշտությունը է։ Կոսովոյի միջադեպի իրադարձությունների խաղաղ կարգավորման գործում ՄԱԿ-ը բռնել է, ինչպես նման այլ դեպքերում, ոչ միայն չեզոք դիրք, այլ ամեն կերպ պաշտպանում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմավարական շահերը։ Այդպիսի կազմակերպությունը ցրել է պետք։

ԱՄՆ-ի նախագահ Քլինթոնը երկու անգամ հանդես է եկել դիմումով, փորձելով բացատրել իր ժողովրդին հարձակումներ կատարելու անհրաժեշտության մասին, թե՝ այդ երկրի հեղինակությունն ու շահերն են պահանջում։ Նա նույնիսկ նկարագրել է, թե որտեղ է գտնվում Կոսովոն, հասկանալով, որ ժողովրդի մեծամասնությունը չգիտի էլ այդ հողակտորի տեղը։ Սակայն ամերիկյան հասարակության կարծիքները միանշանակ չեն։ Սենատում նույնպես անհամաձայնություն կա այդ հարցի կապակցությամբ։ Այսպես. 58 կողմ եւ 41 դեմ հարաբերությունն է։

ԱՄՆ-ը տարիներ շարունակ բացահայտ ճնշում է Իրաքին, հրթիռակոծում, ավերում ու արյուն թափում՝ չստանալով միջազգային հանրության ոչ քննադատությունը, ոչ էլ պարսավանքը։ Ոգեւորվելով՝ նա արդեն Հարավսլավիային է փորձում Իրաքի օրը գցել։ Վաղը կամ մյուս օրը նա հերթական զոհն է փնտրելու։ Խորհրդային իշխանության քայքայումից հետո ԱՄՆ-ը դարձել է ինքնագլուխ եւ ձգտում է բացարձակ միջազգային գերինքնիշխանության։ Շատերն ասում են, թե Քլինթոնը Մոնիկայի վրեժը Հարավսլավիայից է փորձում հանել՝ կասկածելով Մոնիկայի սլավոնական ծագման վրա։

Ինչպես երեւում է, նրա հախուռն կրքերը Մոնիկայով չեն բավարարվել… Թե երբ կհանգստանան ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմատենչ կրքերը, ՆԱՏՕ-ի՝ Հարավսլավիայի վրա հարձակումներ գործելով, Աստված էլ չգիտի, բայց որ խոտորնակին խոտորնակ է պետք՝ այդ բոլորը գիտեն։

ԴԵՐԵՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031