Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՇՎԻ ԿՆՍՏԵՆ

Մարտ 30,1999 00:00
manvel-Badalyan

Հարցազրույց ՀԵԱԽ-ի նախագահ Մանվել Բադալյանի հետ

Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի կազմում ընդգրկված են 35 երիտասարդական եւ ուսանողական կազմակերպություններ։ Այս օրերին եւս 10 կազմակերպություններ դիմել են անդամակցելու։

-Արդեն մեկուկես տարի գործում է այս կազմակերպությունը, ինչպիսի՞ խնդիրներ է դրել իր առջեւ եւ ձեռքբերումները որո՞նք են։

– Երիտասարդ մարդկանց ներուժն առավել արդյունավետ օգտագործելու, առանձին երիտասարդական եւ ուսանողական կառույցների կազմակերպական հնարավորությունները չփոշիացնելու, մեր երկրի առջեւ ծառայած քաղաքական, պաշտպանական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային ու կրթական հիմնահարցերի լուծումներին պարտադիր մասնակցություն ունենալու եւ դրանց իրենց նպաստը բերելու վճռականությամբ ավելի քան երեք տասնյակ երիտասարդական կազմակերպություններ միավորվելով ստեղծեցին միասնական կառույց։ ՀԵԱԽ-ի կարեւորագույն ձեռքբերումներից մեկը այն է, որ երիտասարդական կառույցները իրենց ամբիցիաներից եւ տարանջատ գործունեությունից կարողացան մի քիչ ավելի բարձր կանգնել՝ գիտակցելով, որ մեր երիտասարդական խնդիրները նույնն են՝ անկախ մեր քաղաքական, գաղափարական մոտեցումներից։

– Անդամակցող կազմակերպությունների ցուցակին երբ ծանոթանում էի, տեսա, որ 6 կուսակցական միություններ կան ՀԵԱԽ-ի կազմում։ Առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին ինչպիսի՞ քաղաքականություն եք վարելու այդ ուժերը հավասարակշռելու համար։

– Մենք գիտակցում ենք, որ շատ բարդ է, այնքանով, որ տարբեր կուսակցությունների երիտասարդական միություններ են, եւ յուրաքանչյուրը, բնականաբար, փորձելու է առավելագույնս շահել։ Այստեղ մեր մոտեցումն այն է, որ, մեր հիմնական խնդիրը պետք է լինի առողջ մթնոլորտի ապահովումը։ Ամենայն հավանականությամբ, հանդես կգանք դիմում-հայտարարությամբ՝ խնդրելով ու պահանջելով բոլոր քաղաքական ուժերից, որպեսզի նախընտրական արշավի շրջանում ավելորդ քաղաքական լարվածությունը չվերածվի հիստերիայի նոր ալիքի, դադարենք մեր մեջ փնտրել ներքին թշնամիներ։ Շատ կարեւոր է 21 դար՝ մեր մուտք գործելու ձեւը եւ երիտասարդներս, բնականաբար, ավելի պահանջկոտ, անհանդուրժող եւ հետեւողական պետք է լինենք։

– Իշխանություններն արդյոք հաշվի նստո՞ւմ են «երկրի վաղվա տերերի» հետ։

– Ինձ թույլ եմ տալիս ասել՝ այո։ Վերջերս մեզ մոտ էր գտնվում Եվրախորհրդի երիտասարդության դեպարտամենտի տնօրենը, որի առաքելության նպատակն էր ճշտել իշխանությունների եւ երիտասարդության փոխհարաբերությունները։ Հուրախություն մեզ, նա հայտարարեց, որ ի տարբերություն մեր հարեւան հանրապետությունների, ՀԵԱԽ-ը բավականին անկախ եւ ինքնուրույն է եւ ոչ միշտ է կառավարական որոշումները ողջունում։

-Քաղաքական խորհրդում ձեր գտնվելը ինչքանո՞վ է օգնում երիտասարդության խնդիրները վերին օղակներին ներկայացնելուն։

– Մեզ համար պատիվ է, որ այդքան կուսակցությունների կողքին նաեւ ներկայացված է ՀԵԱԽ-ը։ Օգնում է այնքանով, որքանով քաղաքական կազմակերպությունների հետ բոլոր տեսակի քննարկումների, մոտեցումների, խնդիրների բարձրացման եւ դրանց լուծումների փնտրտուքի ժամանակ, այնուամենայնիվ, կարողանում ենք մեր խնդիրները հասու դարձնել ինչպես քաղաքական ուժերին, այնպես էլ ՀՀ նախագահին։ Եվ այդ առումով մի շարք հարցեր ավելի օպերատիվ լուծում են ստացել։ Այնուհանդերձ, մենք չենք երկնչում որոշ ուժերի համար սուր եւ անցանկալի մոտեցումներ ցուցաբերել եւ առաջարկներով հանդես գալ։

– Եթե հիշողությունս չի դավաճանում, նախագահական ընտրություններին պաշտպանում էիք Ռ. Քոչարյանի թեկնածությունը։ Նախագահ դառնալուց հետո տված խոստումներից քանի՞սն են իրագործվել։

– Ինձ մասնավորապես հետաքրքրել է երիտասարդության նկատմամբ իրականացվող քաղաքականությանը Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները, որը պարունակվում էր նախընտրական ծրագրում։ Մասնավորապես, հանգուցալուծմանն է հասել երիտասարդական հիմնադրամի ստեղծումը, որը կնպաստի երիտասարդական նախաձեռնություններին, ծրագրերի խթանմանը։ Այսօր սա առավել կարեւոր է, որովհետեւ երբ առաջին նախաձեռնությունը չի խթանվում, հետագա ծրագրերը կարծես ի չիք են դառնում։ Նախագահի հետ մեր պայմանավորվածության առանցքային հարցերից է եղել նաեւ երիտասարդության պետական քաղաքականության հայեցակարգի ձեւավորումը եւ ընդունումը, որը 98-ի դեկտեմբերին կառավարության որոշմամբ ընդունվել է։ Նախընտրական ծրագրերից բխող կարեւորագույն հարցերից է եղել նաեւ երկրի պետական կառավարման համակարգում երիտասարդների ներգրավումը։ Այսօր, քիչ թե շատ, պետական կառավարման համակարգը երիտասարդացված է։

Մյուս հարցը հանրապետությունում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման խնդիրն է։ Մարդիկ կորցրել են իրենց հավատը իշխանությունների նկատմամբ։ Պետք է քննադատաբար ասեմ, որ երբեմն իշխանության բարձրագույն օղակներ թափանցող պատեհապաշտ եւ անսկզբունք մարդիկ ուղղակի լուրջ մտավախությունների տեղիք են տալիս։ Մենք պետք է փորձենք առաջին հերթին վերացնել փոխադարձ անվստահության, կասկածամտության մթնոլորտը։ Լուծումներից մեկը, կարծում ենք, առաջիկա ընտրություններն են։ Նոր մարդիկ պետք է գան, նոր ուժեր, գաղափարներ, չվարկաբեկված, չարատավորված դեմքեր, այսինքն՝ մեր ժողովուրդը իր ազնիվ, արդար ընտրությամբ կնպաստի դրան եւ կտնօրինի իր ճակատագիրը։

– Կարծում եք «ազատ», «արդար» եւ «թափանցիկ» ընտրություններ կայանալո՞ւ են։

– Ցավոք, վերջին տարիներին բոլորս թերահավատորեն ենք վերաբերում ընտրություններին։ Ուզում եմ հավատալ բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են, եւ ովքեր ունեն համապատասխան լծակներ օրենսդրորեն ամրագրված ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու համար։ Մի բան պարզ է, որ եթե այս ընտրությունները չարդարացնեն մեր սպասումները, մեծ վտանգ կարող են ներկայացնել մեր երկրի վարկին եւ հեղինակությանը, որովհետեւ լավ գիտակցում են, որ ունենք խնդիր՝ Արցախի խնդիրը։ Միջազգային շրջանակներում, տարբեր ատյաններում մեր հանրապետության եւ ժողովրդավարական կերպարի ապահովման մասին պետք է մտածել։ Մեր կառույցը հետեւողականորեն պայքարելու է անկաշառ ընտրություններ իրականացնելու համար։ Մենք կփորձենք փոքր-ինչ վերահսկողական ֆունկցիաներ մեզ վրա վերցնել։

ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031