Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍՆԵԼ ԿԱՐԵԼԻ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ՕՐՈՒՄ

Մարտ 30,1999 00:00

ՏԵՍՆԵԼ ԿԱՐԵԼԻ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ՕՐՈՒՄ Մարտի 25-27-ը BBC լրատվական գործակալությունը, Համաշխարհային բանկը եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպել էին սեմինար՝ բնապահպանության ոլորտում լրագրողների ունակությունների բարելավման նպատակով։ Կլոր սեղաններից բացի, կազմակերպվեց այց Սեւանի ավազան՝ տեղում ուսումնասիրելու շրջակա միջավայրի ջրային ռեսուրսները։ Ինչի արդյունքում ծնվեց այս հոդվածը։ Արդեն վաղուց մարգարե լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ Հայաստանի բնությունը փրկության կարիք ունի։ Այս եզրակացության համար հիմք կարող են ծառայել թվերը՝ ծառահատումների, օդի աղտոտվածության, հողի էռոզիայի, ոչնչացող եւ արդեն ոչնչացած կենդանիների ու բույսերի մասին։ Այս շարքում Հայաստանի համար ամենակարեւորը ջրային ռեսուրսներն են, որոնք, մեղմ ասած՝ անխնա են օգտագործվում։ Մեր բնակարանների ծորակներին հասնող ջուրը ավելի քան 70%-ի կորուստ է ունենում։ Մենք շարունակում ենք «մաղ դարձած» խողովակներով հոսեցնել մեր ջուրը՝ հերիք չէ, «անտակ հորի» տեղ ենք դրել մեր ամենախոշոր ջրային զանգվածը՝ Սեւանը։ Պատճառաբանելով էներգետիկ ճգնաժամը, ոռոգման ջրի կարոտ մշակովի հողերի առատությունը, լճի սանմաքրման անհրաժեշտությունը՝ Սեւանից 1997 թ. օրական բաց է թողնվել 1,5-2 մլն խմ ջուր՝ այսօրվա ամսական նորման։ Այս մասին լրագրողներին հայտնեց Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի ջրաչափիչ կայանի դիտորդ Ռաֆիկ Ավետիսյանը։ Նա չորրորդ իշխանությանն ուղղված՝ վատ քողարկված հեգնանքով հայտնեց, որ մինչ ինքը գրանցում էր այս տվյալները, լրատվամիջոցներն արձանագրում էին. Սեւանից ջուր ընդհանրապես բաց չի թողնվում։ Առանձնապես անհրաժեշտություն չկա՝ ջանքեր գործադրելու լիճն արհեստականորեն չորացնելու ուղղությամբ։ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների պահպանության վարչության պետ Հոսնիկ Կիրակոսյանի տվյալներով, երկրագնդի ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով Սեւանը առանց մեր ջանքերի էլ մոտավորապես 50 տարի հետո կվերածվի ճահճուտի։ Ռաֆիկ Ավետիսյանը Սեւանից ջրի բացթողման մասին թվերը, իր ասելով, հայտնել է բնապահպանության նախարարություն։ Սակայն տվյալ դեպքում որպես հասցեատեր պետք է գյուղատնտեսության նախարարությունը լիներ, քանի որ, ըստ պրն Կիրակոսյանի, ջրի բացթողումները հենց վերջինս է կատարում։ Մեծ վստահություն չէին ներշնչում Գեղամավանի դիտակետի տվյալները ջրի չափից ավելի բացթողումների մասին, քանի որ սարքավորումներն այստեղ մաշված էին թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես։ Չկար հեռախոսային կապ, չկար էներգամատակարարում, փոխարենը կար վերջինիս մասին որոշումը։ Ավելի մոռացված թվաց մեզ Սեւանի հիդրոերեւութաբանական կայանը. շենքային պայմանների միակ դրական կողմը կարելի է համարել ջեռուցումը՝ ոչ կենտրոնացված համակարգով, այլ փայտի վառարանով եւ ցախով։ Տեխնիկ Վահան Մկրտչյանը ներկայացրեց այդ օրվա օդի, ջրի ջերմաստիճանները, որոնք չափվում են դարձյալ «ոչ թարմ» տեխնիկայով։ Պրն Մկրտչյանը 4-րդ տարին է կայանում աշխատում եւ նորագույն, նույնիսկ նոր տեխնիկական սարքերի մասին միայն լսել եւ տեսել է հեռուստացույցով։ Մեր այցելության օրը (մարտի 26-ին) մարզում, ի տարբերություն ողջ տարվա, տեղումներ դիտվեցին, ինչը նախորդ օրվա համեմատությամբ ջրի մակարդակը բարձրացրել է 1 սմ-ով, իսկ մարտի 20-ի համեմատությամբ՝ 4 սմ-ով։ Սեւանն այս տարի սառցակալած չէ, ինչի հետեւանքով գոլորշիացումը տարեկան 1 մլրդ խմ նորմայից ավելի է։ Սեւանի պրոբլեմների մասին զրուցել չհաջողվեց «Սեւան» ազգային պարկի գրասենյակում. այնտեղ նարդի ին խաղում պարկի հետ կապ չունեցող մարդիկ։ Այս տարվա սկզբին ՀՀ բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանը հայտնել է, որ զանազան նպատակներով Սեւանից բացթողումների նորմա սահմանվել է 198 մլն խմ-ը։ Դժվար է լավատես լինել բացթողումների վերահսկման եւ ճիշտ թվերի հարցում՝ նկատի ունենալով Գեղամավանի չափիչ կայանի տխուր փորձը։ Բացի այդ, Սեւանն ուրիշ միջոցառումների կարիք էլ ունի, մասնավորապես՝ Ջրի ազգային ծրագրի։ Հոսնիկ Կիրակոսյանը հայտնեց, որ ավելի լավ է այն լինի մեկ տարի ուշացումով, բայց լավը, քան այսօր, սակայն բացթողումներով։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել