ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑԻՆ ԴԱՐՈՒՑ Ի ՎԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉ ՉԷՐ ՏԵՍԵԼ Հողի սեփականաշնորհումը ազգային հպարտության պես մի բան էր համարվում։ Անգամ քաղաքական ամենաբազմաշերտ քննարկում-շահարկումների պարագայում։ Հետխորհրդային Հայաստանում սեփականությունը՝ որպես երեւույթ վերականգնվել սկսեց հողի սեփականաշնորհումով։ Մինչեւ օրս էլ ներքին շուկայում ամենաէժանը տեղական արտադրության գյուղատնտեսական մթերքներն են։ Գյուղատնտեսությունը տնտեսության մյուս ոլորտների նման չի «զգում» պետության գոյության փաստը։ Ավելի ճիշտ՝ չէր զգում։ Պետությունն անցած տարիներին գյուղատնտեսությամբ զբաղվում էր։ Զբաղվում էր, այսպես ասած, մակրոտնտեսական մակարդակում։ Երկրի արտաքին պարտքը ուսումնասիրող ցանկացած մարդ կհամոզվի դրանում։ Միլիոնավոր դոլարներ են վարկի տեսքով պարտք վերցվել գյուղատնտեսական նպատակով՝ ոռոգման համակարգի վերականգնում, մեծածախ շուկայի վարկ։ Վերջերս ամենատարածված թեման գյուղատնտեսական մանր վարկերն են։ Պարզվեց, որ հանրապետության բանկային համակարգն էլ է սկսել մտածել գյուղացիներին վարկ տրամադրելու մասին։ Գյուղացիներն այս մասին վերջերս են իմացել։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ իմանալուց հետո էլ նրանց չի հաջողվում ստանալ «հասանելիք» վարկերը։ Բայց փաստը մնում է փաստ՝ գյուղատնտեսության ու գյուղացու մասին պետության մակարդակում արդեն մտածել են։ Հետեւաբար, գյուղացին պետք է արդեն փոխհատուցի կամ վճարի, որովհետեւ ոչինչ անշահախնդիր չէ։ Մի բան պարզ է՝ ներքին շուկայում գյուղատնտեսական մթերքներ առայժմ վաճառվում են։ Հետեւաբար պետությունը ենթադրում է, որ գյուղացիությունը շահույթ ունի եւ պետք է դառնա «բարեպաշտ» հարկատու խավ։ Կարճ ասած՝ գյուղացուն սկսել են հարկել։ Տրամաբանությունն անխոցելի է՝ գյուղատնտեսության վրա վարկային միջոցներ են ծախսվել եւ առաջին հերթին գյուղացին պետք է փոխհատուցի դրանց համար։ Արդյունքներն արդեն զգալի են։ Գյուղատնտեսության ոլորտում նկատելի են դառնում անկանխատեսելի եւ անկառավարելի գործընթացներ։ Ամենածանր վիճակում հայտնվել է հողագործությունը։ Պաշտոնական տվյալներով պատկերը հետեւյալն է. «Գյուղատնտեսության արդյունավետության տեսանկյունից տնտեսությունները կարելի է բաժանել երեք հիմնական խմբերի։ Առաջին խմբի (որտեղ 1 հա մշակվող հողատեսքերի հաշվով ստացվել է ավելի քան 1400 հազար դրամի համախառն արտադրանք) մեջ են մտնում Արարատյան դաշտավայրի տնտեսությունները, երկրորդ խմբի մեջ (1 հա-ի հաշվով՝ մինչեւ 700-1000 հազար դրամ) հանրապետության հյուսիս- արեւելյան (Լոռի, Տավուշ, Կոտայք, Գեղարքունիք) տարածքի տնտեսությունները, իսկ երրորդ խմբի մեջ (1 հա-ի հաշվով մինչեւ 700 հազար դրամ) Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի եւ Շիրակի մարզերի տնտեսությունները»։ Փաստորեն, պաշտոնապես հողագործությունը շահութաբեր ճյուղ է համարվում։ Հողագործ գյուղացին այլեւս իր կենցաղում զգալու է պետության ներկայությունը։ Նախընտրական շրջանում քաղաքական կուսակցություններն ու դաշինքներն, ակնկալելով գյուղացիության քվեն, այլեւս չեն կարող հայտարարել, որ «պետությունը հողը տվեց գյուղացուն ու նրան մենակ թողեց հողի հետ»։ Պետությունն իր ամենաժրաջան ներկայացուցչին՝ հարկային տեսուչին է ուղարկում գյուղացու կողքին կանգնելու։ Կասկած չկա, որ հարկային տեսուչը հաշվապահին վայել մանրամասնությամբ կհաշվարկի, թե որքան է հողագործը մուծելու պետության հարազատ գանձարկղ։ Սրան զուգահեռ հողագործներն իրենց պատասխան քայլերն են անում։ Գեղարքունիքի մարզը պաշտոնապես «արդյունավետության տեսանկյունից» ընդգրկված է միջին խմբում։ Մինչդեռ «Արմենպրեսի» տարածած ինֆորմացիայի համաձայն. «Վարդենիսում սկսվել է հողից հրաժարվելու վտանգավոր գործընթաց»։ Սեփականաշնորհված 1500 հեկտարանոց հողերից այս շրջանում սկսել են հրաժարվել ուղիղ երկու երրորդից՝ 1000 հա-ից։ Իհարկե, կարելի է սրամիտ պատճառներ հորինել՝ ասել, որ գյուղացին սեփականությունից հրաժարվում է 3,5 հազար դրամ ընտանեկան նպաստ ստանալու ակնկալիքով։ Կամ կարելի է գյուղացուն մեղադրել ալարկոտության մեջ՝ իբր չի ուզում աշխատել։ Պաշտոնապես հաշվարկել են չէ՞, որ 1 հեկտարն այս տարածքում մոտ 1 մլն դրամ արդյունավետություն է ապահովել։ Գեղարքունիքի բաժինը հանրապետության գյուղատնտեսության համախառն ծավալում կազմում է 15% (ավելի բարձր ցուցանիշ միայն Արմավիրն ունի՝ 16%)։ Պաշտոնական տվյալներով մարզում կարտոֆիլի պտուղ-բանջարեղենի արտադրության աճ է արձանագրվել։ Ու, չգիտես ինչու, գյուղացին հրաժարվում է հողից։ Նույն պաշտոնական տվյալներով «հողի հարկի դիմաց չվճարված ապառքներն արդեն հատում են 20 մլն դրամի սահմանը»։ Տպավորությունն այն է, որ որքան ժրաջան պահանջվեն հարկերը, նույնքան արագ էլ հողատերը կհրաժարվի հողից։ Կախարդական շրջան է։ Կոռը, բահրան ժամանակակից հարկահանության դեմ պարզ անհեթեթություններ են։ Ուրիշ ոչինչ։ ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ