Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարեներ սեփական թաղում

Մարտ 30,1999 00:00
qveatertik

Նախընտրական ամբողջ շրջանում թեկնածուները խոսում էին դրանք ազատ եւ արդար անցկացնելու մասին։ Դա հիմնականում հաջողվեց, քանի որ մի քանի քվեաթերթիկ միանգամից քվեատուփ լցնելու, ընտրատարածք ընտրողներ բերելու խախտումներից բացի, այլ լուրջ խափանումներ չարձանագրվեցին։

Ընտրությունների ողջ ընթացքում քվեատուփ չգողացվեց, հոսանք չանջատվեց, արձանագրություններ չկեղծվեցին։ Այսպիսի լոկալ բնույթի ընտրություններում այլեւս կարիք չկա դիմել բացահայտ կեղծիքների։ Թեկնածուների բազմաքանակությունը ընտրարշավում եւ ընտրություններում ներգրավված մարդկանց բազմաքանակությունը հնարավորինս քիչ տեղ էր թողել կեղծիքների։

23476 ընտրողներից ընտրություններին մասնակցեց մոտ 50%-ը կամ 11802 մարդ։ Ինչպես եւ նախատեսում էին բոլորը, ընտրությունները մեկ փուլով չավարտվեցին։ Առավել շատ ձայներ ստացան քաղաքապետի պաշտոնակատար, Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավար Հարություն Մխոյանը՝ 3499 ձայն եւ «Երկրապահ» կամավորականների միության Արմավիրի տարածքի ղեկավար Ռուստամ Գասպարյանը՝ 2379 ձայն։ Շատերի համար խիստ զարմանալի էր, որ երրորդ տեղում հայտնվեց Հանրապետական կուսակցությունից եւ «Երկրապահ» միությունից հեռացված Հայկ Ղանդիլյանը՝ 1169 ձայն, իրենից ցած թողնելով ՀԺԿ-ի, Կոմկուսի, Դաշնակցության ներկայացուցիչներին, որոնց համար աշխատում էր սեփական կուսակցությունների ողջ համակարգը։

Ընտրությունների արդյունքները, ըստ տեղամասերի, ցույց տվեցին, որ ընտրողները քվեարկում են ոչ թե ըստ ինչ-որ քաղաքական հայացքների կամ նախընտրական ծրագրերի, այլ ըստ թաղային պատկանելության, անձնական ծանոթության, կամ ինչ-որ մեկի խնդրանքով։ Այսպես առաջին տեղում հայտնված Հարություն Մխոյանն իր թաղամասում գտնվող երկու ընտրատարածքներից ստացել էր մոտ հազար քվե ավել, քան Ռուստամ Գասպարյանը։ Հենց այս երկու ընտրատեղամասերը ապահովեցին պրն Մխոյանի՝ առաջինը լինելը։ Մյուս ընտրատարածքներում արդյունքները համարյա մոտ էին իրար։ ՀԺԿ ներկայացուցիչ Սամվել Երիցյանը (Ղժան Սամո), իր բնակության վայրի երկու ընտրատեղամասերում հաղթել էր բոլոր թեկնածուներին, իսկ մյուս տարածքներում, չնայած Կարեն Սերոբիչի նկատմամբ ունեցած ջերմ սիրուն, ստացել էր աննշան քվեներ։ Իսկ Կոմկուսի ներկայացուցիչ, Արմավիրի փոխքաղաքապետ Պավլիկ Հարությունյանը ստացել էր ընդամենը 313 ձայն, որը նշանակում է, որ նրա օգտին չեն քվեարկել նույնիսկ կոմունիստների ընտանիքի անդամները։

Համայնքային ընտրական հանձնաժողովն ընտրությունների երկրորդ փուլը նշանակեց ապրիլի 11-ին։ Այս անգամ շատ ավելի լուրջ պայքար է սպասվում։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031