Մարտի 27-ին լրագրողների մի խումբ «Մանես եւ Վալլեքս» ՓԲԸ հրավերով մեկնեց Ալավերդի՝ տեղում պղնձաձուլական գործարանի եւ այն տնօրինող ՓԲԸ-ի առջեւ ծառացած պրոբլեմներից եւ իրավիճակներից դուրս գալու հեռանկարային ծրագրին ծանոթանալու համար։
«Մանես եւ Վալլեքսը»
Տարօրինակ այս անվանումով ֆիրման հիմնադրվել է 1997-ին՝ Մանեսի գունավոր մետաղների գործարանի եւ Լիխտենշտեյնի VALLEX F.M.Establishment-ի կողմից։ ՓԲԸ-ն 1997-ից Ալավերդու պնղձաձուլական գործարանի սեփականատերն է։ «Մանես եւ Վալլեքս»-ի գլխավոր տնօրենը Վալլեքս խմբի նախագահ Վալերի Մեջլումյանն է։ Վերջինս 2,5 տարի առաջ ժամանելով Ալավերդի, ձեռնամուխ է լինում տեղի քիմիական հսկայի հերթական վերագործարկմանը։
Հարցի պատմությունից
Կարդացեք նաև
Ալավերդու պղնձաձուլարանը հիմնվել է 1770 թվականին վրացական Իրակլի արքայի կողմից։ Հույն արհեստավորները այստեղ սկսեցին Ախթալայի հանքաքարից պղնձի հանույթը։ Վերջին 229 տարիների ընթացքում պղնձաձուլարանը կանգ է առել 4 անգամ. 1785-ին՝ երկու տարով, Օմար-Խանի արշավանքի ժամանակ, հետո՝ 1795-ին, երկու տարով, Աղա-Մուհամեդի արշավանքի ժամանակ, այնուհետեւ՝ իննական տարով, 1917-ին եւ 1989-ին։ Վերջին երկու կանգառների ժամանակ խիստ տուժեց տեղի ժողովրդագրական իրավիճակը, որովհետեւ տեղի բնակավայրերը հիմնականում կառուցվել են պղնձաձուլարանին եւ պղնձի հանքերին կից։ Վերջին կանգառի ժամանակ Ալավերդու բնակչությունը 25 հազարից հասել է 15-ի։
Ճանապարհը
Դեռեւս ճանապարհին լրագրողների խմբին միացավ գլխավոր տնօրեն, շվեյցարահայ Վալերի Մեջլումյանը, որն Ապարանից Ալավերդի ընկած ճանապարհահատվածի ողջ ընթացքում հանպատրաստից մամուլի ասուլիս տվեց լրագրողներին։ Հենց սկզբից նա նշեց, որ եթե 2,5 տարի առաջ ինքը Հայաստանը ճանաչեր այսօրվա ճանաչածի մեկ տասներորդի չափով, երբեք այստեղ ներդրում չէր անի, եւ ռիսկի չէր ենթարկի իր՝ հաջողված բիզնեսմենի իմիջը։ Մինչեւ վերջ էլ նա չկարողացավ մեզ բացատրել, թե ինչն է իրեն ստիպել դիմել այդ արտառոց քայլին. թողնել բարենպաստ Լիխտենշտեյնն ու Ժնեւը եւ, Հայաստանում բազմաթիվ պրոբլեմներ հաղթահարելու անհաջող փորձերից հետո, ձեռնամուխ լինել վերջին փորձին։ Այդ վերջին փորձը մեզ տրված մամուլի տեղեկագրերի մեջ կոչվում է «Հեռանկարային ծրագիր»։
Պրոբլեմը
Թերեւս Ալավերդու պղնձաձուլականի հետ պրոբլեմն այսքան չէր սրվի, եթե միջազգային բորսաներում երկու տարվա մեջ սեւ պղնձի արժեքը գրեթե 2 անգամ չընկներ։ Լոնդոնի բորսայի տվյալներով, այն պահին, երբ «Մանես եւ Վալլեքսը» սկսել է իր պղնձի բիզնեսը Հայաստանում, մեկ տոննայի արժեքը եղել է 2550 ԱՄՆ դոլար, իսկ այսօր այդ ցուցանիշը չի անցնում 1400-ից։ Հաշվարկներից արդեն երեւում է, որ այսպիսի գնային պայմաններում պղնձաձուլարանի աշխատանքն անիմաստ է, քանի որ այստեղ մեկ տոննա պղնձի միջին ինքնարժեքը կազմում է 1672 դոլար։ Եղած տարբերությանը եթե գումարում ենք յուրաքանչյուր տոննայի փոխադրման համար 132 դոլար, ապա ստանում ենք «Մանես եւ Վալլեքսի» ստացած վնասի պատկերը։
Սառեցումը
Ամենասկզբից այն տպավորությունն էր, որ «Մանես եւ Վալլեքսը», ինչպես եւ նախատեսել է, պետք է ժամանակավորապես սառեցնի գործարանը, մինչեւ Լոնդոնի բորսայում մետաղի գները վերստին կարգավորվեն։ Բայց որքան էլ մեզ համար տարօրինակ է, միաժամանակ խոսելով գործարանի սառեցման մասին, Մեջլումյանը նախապատրաստում է ճգնաժամից դուրս գալու մանրակրկիտ նախագիծ, որտեղ որոշակիորեն դեր է հատկացնում ՀՀ կառավարությանը։ Հաշվարկը Եվրոպական բոլոր չափանիշներով ճիշտ է. գործարանին ժամանակին վերադարձվում է վճարված ԱԱՀ-ն, էլեկտրաէներգիան տրվում է ինքնարժեքով (Մեջլումյանը նշում է 7-8 դրամ), թեթեւացվում են տրանսպորտային փոխադրումների վարձերը, եւ դրա փոխարեն, պետությունը ստանում է բաժնեմաս։ Այսինքն, կառավարությունը հնարավորություն է ստանում իր ունեցած ավելցուկը ինքնարժեքով գործարանին տրամադրել, փոխարենը՝ վերջում շահույթից մաս ստանալով։ Հակառակ դեպքում՝ գործարանը փակվում է մի քանի տարով, կառավարությունը չի ստանում ոչ այն, ոչ էլ մյուսը, թշվառ վիճակում գտնվող Ալավերդիում գործազուրկների թիվն ավելանում է 500-ով։
Ժողովը
Վերը նշված ամեն ինչի մասին խոսվեց ՓԲԸ ընդլայնված ժողովի ժամանակ, որին մասնակցում էինք մենք, ինչպես նաեւ ՀՀ արդյունաբերության նախարար Հայկ Գեւորգյանը, Բնության պահպանության նախարար Գեւորգ Վարդանյանը, Երկաթգծի տնօրենը, մարզպետը, քաղաքագլուխը եւ այլք։ Հենց սկզբից արդյունաբերության նախարարը նշեց, որ կատեգորիկ դեմ է «թաղման արարողությանը» եւ, եթե եկել են այստեղ, ապա եկել են հարցը լուծելու, ոչ թե այն սառեցնելու համար։ Ի պատասխան, Մեջլումյանը նշեց խանգարիչ հինգ հիմնական հանգամանքները. ԱԱՀ-ի վերադարձի անկանխատեսելի ուշացումներ, էլեկտրականության (եվրոպականից երկու անգամ) ու տրանսպորտի թանկություն, վառարանի ոչ լրիվ ծանրաբեռնվածություն եւ համաշխարհային գներ։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց առաջին կետի վրա։ Ըստ Մեջլումյանի, վճարված ԱԱՀ-ի վերադարձը ոչ թե ուշանում է որոշակի ժամկետով, այլ իրենք ընդհանրապես չգիտեն՝ երբեւէ հետ կկարողանա՞ն ստանալ այդ գումարները։ Միաժամանակ նա նշեց, որ Վալլեքսի բաժնետերերը իրենից պահանջում են սառեցնել գործարանը, քանի որ արդեն մի քանի անգամ պետական ամենաբարձր պաշտոնյաների կողմից խոստումներ են ստացել, որ ԱԱՀ-ն կվերադարձվի մեկ ամիս հետո, բայց երբեք այդ պայմանավորվածությունը չի կատարվել։ Նա մասամբ սրանով բացատրեց, թե ինչու է ինքը ցանկանում «մտնել կառավարության անկողինը»։
Ի պատասխան, Հայկ Գեւորգյանը դիվանագիտորեն նշեց, որ կառավարությունը փայի կարիք չունի։ Կառավարությունն առանց այդ էլ շահագրգռվելու շատ ուրիշ պատճառներ ունի, որպեսզի գործարանն աշխատի եւ աշխատի՝ հաջող։ Նա մասնավորապես նշեց. «Ծրագիրն առաջին հայացքից լավն է, բայց իրատեսորեն նայենք, թե ինչի ենք մենք պատրաստ։ Հավատացեք, մենք խիստ շահագրգռված ենք եւ դրանով է պայմանավորված, որ էկոլոգիական հարցը ստիպված երկրորդ պլան ենք մղում։ Դուք ուզում եք «կառավարության հետ մտնել անկողին», կառավարությունը դեմ չի թողնել՝ ում սիրում է։ Բայց, հավատացեք, ճիշտ ճանապարհ չէ ընտրված։ Եթե կառավարությունը լինի ձեր գործընկերը, դուք կունենաք ամենավատ պարտնյորը։ Ավելի լավ է պայմանավորվածություններ ձեռք բերել պետական եւ մասնավոր այն ձեռնարկությունների հետ, որոնք տնօրինում են տվյալ ճյուղերը»։
Դեբեդը
Խորհրդային տարիներին Կիրովականի քիմիական համալիրի եւ Ալավերդու պղնձաձուլականի թափոնների պատճառով, Դեբեդում ոչ միայն ձուկ, այլեւ գորտ էլ չկար։ Դեռ Ալավերդի չհասած, տեղացիներից մեկն ասաց. «Գիտե՞ք ինչ կարմրախայտ կա գետում»։ Ժողովի ժամանակ ելույթ ունենալով, արդյունաբերության նախարարության խորհրդական Ֆրունզե Պետրոսյանը Ալավերդու քաղաքապետին ասաց. «Եղբայր, Դեբեդից ձուկ բռնելով՝ այս ժողովրդին չես պահի»։ Ընդհանրապես էկոլոգիական հարցի քննարկումը ժողովի ժամանակ բավական հետաքրքիր էր։ Բոլորը գտնում էին, որ գործարանը պետք է աշխատի, չնայած թունավորում է շրջակա միջավայրը։ Բայց, չգիտես ինչու, բոլոր ելույթ ունեցողները փորձում էին դիմացի արդեն համոզվածին եւս մեկ անգամ համոզել, որ առանց պղնձաձուլարանի Ալավերդին չի կարող գոյություն ունենալ։
Գործարանը
Այն, իր ողջ էությամբ, փշրված խորհրդային կայսրության ուրվականի սիմվոլ կարող է հանդիսանալ։ Գրեթե դատարկ գործարանում աշխատում է միայն ձուլարանը, որտեղ անասելի գարշահոտ գոլորշիների մեջ աշխատում են բանվորները։ Երբ փորձեցի նրանց հետ խոսել, նրանք անմիջապես բողոքեցին, որ արդեն երեք ամիս է ծանրագույն աշխատանքի համար նախատեսված ողորմելի 30 հազարական դրամները չեն ստացել։ Չմոռացան շեշտել, որ վարչության աշխատողները իրենցից 2-3 անգամ ավելի շատ են ստանում, իսկ տնօրենի աշխատավարձը 800 դոլար է։ Պետք էր գոնե կես ժամ շնչել ձուլարանի գարշահոտը՝ հասկանալու համար, թե ինչ էին ուզում ասել նրանք։
ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հ. Գ. Քանի որ ասելիքը շատ է, «Առավոտը» առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնա այս թեմային։