Բաց նամակ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին
Սիրելի Արամ.
Ցանկանում եմ ողջունել «Առավոտ»-ին՝ «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանը պարբերաբար անդրադառնալու համար, եւ ներկայացնել որոշ նկատառումներ։
Նախ. ցանկանում եմ հատկապես անդրադառնալ Ձեր թերթում տպագրված Լ. Ճաղարյանի հայտնի հոդվածին եւ հետեւյալ եզրահանգումներին։
Կարդացեք նաև
Առաջին, հավատացնում եմ, թե՛ տիկին Ճաղարյանին, եւ թե՛ բոլոր հետաքրքրվողներին, որ որեւիցե «ստվերային» հզոր ձեռք չկա, եւ արդեն անցել են այն ժամանակները, երբ մարդուն կարելի է հարկադրել անդամագրվել որեւիցե կուսակցություն։ Բազմաթիվ անգամներ էլ «Օրինաց երկիր»-ը կապեցին Սերժ Սարգսյանի անվան հետ, բազմաթիվ անգամ մենք հանդես եկանք հերքումներով։ Բայց ինչ նպատակներ ունեն լուրեր տարածողները։ Առաջին հերթին փորձել ստահոդ լուրերի տարածմամբ շիկացնել ներքաղաքական իրավիճակը։ «Օրինաց երկիր» կուսակցությունը Սերժ Սարգսյանին դասում է մեր երկրի կայացման գործում ներդրում կատարած փորձառու պետական գործիչների թվին, եւ զուր են փորձերը՝ լարվածություն սերմանել կուսակցության եւ նախարարի միջեւ։ Այժմ այս կապակցությամբ անդրադառնամ Լ. Ճաղարյանի հաջորդ եզրահանգումներին։
«Օրինաց երկիր»-ը ստեղծվել է որեւէ այլ հզոր կուսակցության «մատ» անելու նպատակով։ Երկրապահին, թե՛ Դեմիրճյանականներին, թե՛ Դաշնակցությանը, թե՛ «որը պատահի»։ Չարախոսությամբ եւ զազրախոսություններով լի ներքաղաքական այս իրավիճակում նկատվում է մի չար ձգտում եւս. իրար դեմ լարել քաղաքական կուսակցությունների եւ քաղաքական գործիչներին, փորձ անել սերմանել թշնամության մթնոլորտ։ (Հուսով եմ, Լ. Ճաղարյանը նման նպատակներ չի հետապնդում.- Ա. Բ.)։
Նախ, երկրապահների մասին։ «Օրինաց երկիր» կուսակցությունը խորը հարգանքով է լցված երկրապահ շարժման եւ նրա առաջնորդ Վազգեն Սարգսյանի նկատմամբ, որը երկրի զինված ուժերի կայացման գործում անուրանալի ավանդ ունի։ Ակնածանքով ենք լցված նաեւ Կ. Դեմիրճյանի եւ ՀԺԿ-ի նկատմամբ։ Ավելին, համարում եմ, որ առաջ է եկել մի քաղաքական ուժ, որը մեծ հնարավորություններ ունի առաջիկա ընտրություններում։ Դաշնակցությունն արդեն ավանդական եւ ազդեցիկ քաղաքական ուժ է՝ հստակ ծրագրերով ու գաղափարախոսությամբ, կազմակերպչական կայացած կառույցներով ու համակիրներով։ Մեր կարծիքով, հայ քաղաքական իրականության մեջ իրենց ուրույն տեղն ու դերն ունեցել են եւ ունեն ԱԺՄ-ն, ՀՀՇ-ն, ԱԻՄ-ը, Կոմունիստական կուսակցությունը։ Մենք չենք թերագնահատում նաեւ մյուս քաղաքական կուսակցություններին, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ասելիքը մեր ժողովրդին։
Քաղաքական խաղաղություն եւ ոչ քաղաքական պատերազմ, քաղաքական մրցակցություն եւ ոչ քաղաքական թշնամություն՝ հենց սա է «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական հիմնական կարգախոսներից մեկը։
«Օրինաց երկիր»-ը եւս մասնակցելու է առաջիկա ընտրություններին եւ մեր գերխնդիրն է լինելու հաղթահարել 5 տոկոսի շեմը եւ մեծամասնական մի քանի տարածքներում փորձել հաջողության հասնել։
Այնպես որ, մեզանով խիստ անհանգստացողներին տեղեկացնում եմ, որ մեր ակնկալիքները մեծ չեն, պարոնայք, հանգստացե՛ք։ Ուղղակի առաջ է եկել մի նոր քաղաքական ուժ, որը տակավին երիտասարդ է։ Ուղղակի չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր ցանկանում են վատաբանել մեզ։ Ինչո՞ւ, ինչի՞ համար։ Երիտասարդ կուսակցությունն իր ծրագրերով, խնդիրներով, թերություններով, բացթողումներով ու ձեռքբերումներով դեռեւս հայ քաղաքական դաշտում ամրանալու համար լուրջ փորձություններ պետք է անցնի։ Եկեք չսեւացնենք եւ մեր անցած, եւ մեր անցնելիք ուղին, եկեք միասնաբար, համագործակցության առողջ հենքի վրա շարժվենք առաջ։
Բարեկամական ողջույններով՝
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ՝ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ