Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ -Ն ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ

Մարտ 30,1999 00:00
inqnabacark

Թեպետ լրատվամիջոցները շտապեցին հաղորդել, որ ՀՅԴ մամլո ասուլիսին ներկա լրագրողները նշյալ կուսակցության համամասնական ցուցակի վերաբերյալ գրեթե հարցեր չեն ունեցել, սակայն, մեր տպավորությամբ գոնե, այն մի շարք հարցադրումների տեղիք է տալիս։ Այդ շրջանակում առաջնային խնդիրներից մեկն էլ թերեւս այն է, թե ինչու ՀՅ Դաշնակցության ցուցակում ընդգրկված չէ Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանը։ Հենց այս հարցի պարզաբանմամբ էլ սկսեցինք հարցազրույցը վերջինիս հետ։

Նա, նախեւառաջ հարկ համարեց ասել, թե լինելով ՀՅԴ ղեկավարության մեջ, ինքը եւս ինչ-որ չափով մասնակցություն ունեցել է համամասնական ցուցակի կազմավորման գործին եւ այս հիմքով էլ. «Ինձ համար դժվար չէր լինի ցուցակում առաջիններից մեկը լինելը, սակայն, ցանկում ընդհանրապես լինելուց ինքս եմ հրաժարվել, որովհետեւ կան մարդիկ, ովքեր գուցեեւ չընտրվեն մեծամասնական ընտրակարգով, բայց նրանց ներկայությունը պառլամենտում, իմ կարծիքով, շատ օգտակար կլինի»։

Այսքանն ասելուց հետո ՀՅԴ Բյուրոյի անդամը, մեր տպավորությամբ, մի շատ էական երանգային հստակեցում կատարեց՝ այդպես է մտածում ոչ միայն ինքը, այլեւ կուսակցությունն ընդհանրապես։

Իսկ առհասարակ, ինչպես ներկայացրեց Մասիս Բաղդասարյանը, ցուցակի կազմավորումը խիստ պատասխանատու աշխատանք է, երբ պետք է հաշվի առնել բազմաթիվ հանգամանքներ, որպեսզի նրանում ընդգրկվեն այն մարդիկ, ովքեր կարող են օգտակար գործունեություն ծավալել խորհրդարանում։

-Բնական է չէ՞, որ նման դատողությունները լուրջ հիմքեր են ստեղծում լրագրողական ինտրիգի համար։ Այդ դեպքում, պրն Բաղդասարյան, ասացեք խնդրեմ, նշյալ խնդրի լուծման շրջանակում դուք չե՞ք տեղավորվել, որ ընդգրկված չեք ՀՅԴ համամասնական ցուցակում։

-Համոզված եմ, որ մեծամասնական կարգով կընտրվեմ։ Կասկած չունեմ։

-Բայց չէ՞ որ մեծամասնական ընտրակարգով էլ ձեզ լուրջ մրցակցություն է սպասվում պատգամավորության հավակնորդ երեք երկրապահներից առնվազն մեկի հետ։ Նրանցից մեկը Սյունիքի տարածաշրջանի մաքսատան նախկին պետ Աշոտ Մինասյանն է, մյուսը՝ Ջերմուկի քաղաքապետ, «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանի սեփականատեր Աշոտ Արսենյանը, իսկ երրորդը՝ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, որի ամուսինը վերջերս նշանակվել է հարկային տեսչության Սիսիանի բաժանմունքի պետ։ Իսկ դուք մտադիր եք քվեարկել հենց Ջերմուկ-Սիսիան ենթաշրջանն ամփոփող թիվ 71 ընտրատարածքում։

-Հաղթանակը, բնականաբար, պայքարի միջոցով պետք է տրվի։ Կարծում եմ, ժողովուրդը իր ընտրությունը ճիշտ կանի։

Իսկ ինչ վերաբերում է իր հնարավոր մրցակիցներին, Մասիս Բաղդասարյանն ասաց, թե Աշոտ Մինասյանի հետ ընդհանուր կենսագրություն ունի եւ ընկերություն են անում մինչեւ օրս, իսկ մյուսներին չի ճանաչում։

-Բայց կարող էիք չէ, գոնե խորհրդանշական ներկայություն ունենալ ՀՅԴ համամասնական ցուցակում։

-Խորհրդանշական ձեւով ցուցակում լինելը շատ էլ ցանկալի չէ։ Կամ պետք է առաջին տեղերում լինես, կամ էլ՝ գերադասում եմ չլինել ցանկում։ Իսկ առաջին տեղերում կան մարդիկ, որոնք, կարծում եմ, էական ներդրում կունենան խորհրդարանի աշխատանքներում։ Որպես դաշնակցական, հարմար եմ տեսնում, որ իրենք լինեն առաջինները։

Սա եւս ընդունենք որպես հիմք, արձանագրելով մեր զրուցակցի՝ առաջինը լինելու կամ խորհրդանշական ներկայություն ընդհանրապես չունենալու գաղափարը։ Դրանով հանդերձ, ասենք, որ Մասիս Բաղդասարյանն իր խորհրդանշական ներկայությունն էլ մերժել է այն հաստատ համոզմամբ, որ հաղթելու է մեծամասնական ընտրատարածքում։

Այն իրողությանը, որ ՀՅԴ ցուցակում չկան նաեւ նախորդ խորհրդարանի դաշնակցական պատգամավոր Սեյրան Բաղդասարյանը, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Վարդան Հակոբյանը, իսկ ՀՅԴ ներկա Բյուրոյի անդամ Մարտուն Մաթեւոսյանն էլ ընդամենը 8-րդն է, Մասիս Բաղդասարյանն անդրադարձավ հետեւյալ կերպ. համամասնական ցուցակն, իհարկե, ձեւավորել է ՀՅԴ հայաստանյան կառույցի ԳՄ-ն, սակայն մշակված փաստաթղթում չարժե միագիծ տրամաբանություն որոնել։ Ասենք, առաջին տասնյակում չկան դաշնակցական նախարարները, «Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը, որոնց ներկայությունը ցուցակում զուտ խորհրդանշական է։ Նույնը վերաբերում է նաեւ ԳՄ անդամ Գագիկ Գեւորգյանին, որը Կապանում հաղթելու լուրջ հնարավորություններ ունենալով հանդերձ, տվյալ դեպքում եզրափակում է դաշնակցական ցուցակը։

Թե ինչ հավակնություններով եւ ինչ սպասելիքներով է ՀՅԴ-ն մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, պրն Բաղդասարյանն անդրադարձավ խուսափողաբար. «Ամեն ինչ աշխատանքից է կախված։ Կարծում եմ, որ թե ԳՄ-ն, եւ թե դաշնակցական ողջ կառույցն ընդհանրապես, կփորձեն մաքսիմալն անել։ Հիմա կոնկրետ թիվ ասել չեմ կարող»։

Արձանագրենք մեկ հանգամանք եւս։ Մասիս Բաղդասարյանից տեղեկացանք, որ իրենից բացի, էլի կան դաշնակցականներ, որոնք ընդգրկված չլինելով ՀՅԴ ցուցակում՝ քվեարկվելու են իբրեւ պատգամավորության թեկնածուներ։ Տվյալ դեպքում մեր զրուցակիցը բացառեց, թե այդպես է ստացվել ինչ-ինչ հակասությունների պատճառով։

ՀՅԴ Բյուրոյի անդամ որպես, պրն Բաղդասարյանը ծանուցեց, թե 20 օրվա ընթացքում կտպագրվի Դաշնակցության նախընտրական պլատֆորմը. «Բայց, կարծում եմ, մի իմաստով կարեւոր հանգրվանի առջեւ ենք՝ կամ կես քայլ առաջ կգնանք, կամ՝ կես քայլ հետ։ Կարեւոր եմ համարում, որ առաջ գնանք. քաղաքական վերնախավ ձեւավորելու իմաստով թեկուզ, նոր որակ առաջացնելու հնարավորություն կա թե խորհրդարանում՝ եւ թե ընդհանրապես»։

Մեր զրուցակիցը կարեւորում է, որ այս անգամ իսկապես լեգիտիմ իշխանություն ձեւավորվի, իսկ ընտրարշավի վրա էլ՝ կուսակցությունները թեթեւ, հումորով ուղեկցվող անդրադարձ ունենան, որպեսզի էլ ավելի չխտանա լարվածությունը նախընտրական փուլում։ Այս հիմքով էլ Մասիս Բաղդասարյանն առանձնակի տեղ է տալիս այն հեռանկարին, որ օրենքի սահմաններում, կուսակցությունները ճշտումներ կատարեն, համաձայնությունների գան ընդհուպ մինչեւ առանձին ընտրատարածքների եւ թեկնածուների վերաբերյալ։ Մի խոսքով՝ նա կողմ է, որ ընտրությունները մեղմ ընթացք ունենան, որովհետեւ դրանցով կյանքը չի ավարտվում ու հետո, էլի բազմաթիվ անելիքներ են լինելու՝ նաեւ համատեղ։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031