Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթերային գրաքննություն

Մարտ 30,1999 00:00
egoryan

Մարտի 28-ի «խորհրդարանական ժամ» հաղորդումը գրաքննության է ենթարկվել։ Արշակ Սադոյանն «Առավոտին» հայտնեց, որ ԱԺՄ-ին հատկացված 3 րոպեից հազիվ 2-ն են թողել՝ կրճատելով արդյունաբերության ու գյուղատնտեսության վրա էլեկտրաէներգիայի բարձր սակագների վերաբերյալ հատվածները եւ այլն։

Եթերից ընդհանրապես է հանվել «Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանի խոսքը։ Իր խնդրանքով հրապարակում ենք այն։ Կարծում ենք, թե որեւէ մեկի մոտ տարակույս չի առաջանա, թե ինչու էր այս կոչը դուրս թողնվել։

Սիրելի՛ քաղաքացիներ։

«Հայրենիք» պատգամավորական խումբը ձե՛զ մարտի 29-ին, ժամը 16։00-ին եւս մեկ անգամ հրավիրում է Ազգային ժողովի մոտ, Բաղրամյան փողոց, օժանդակելու էլեկտրաէներգիայի սակագները խելամիտ մակարդակի իջեցնելուն նվիրված օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելուն։

Եթե միասնաբար մենք դրան չհասնենք, երկար տարիներ կունենանք անվերահսկելի իշխանություն, որը շարունակելու է վարել «ուրագի» քաղաքականություն՝ միշտ դեպի իրեն, միշտ դեպի իրեն, եւ ժողովուրդը տաշվող գերանի է վերածվելու։

Ընդհանուր կարեւոր գործը չտապալելու նպատակով իմ եւ «Հայրենիք» խմբի նկատմամբ հարձակումներ գործելու միջոցով օրենքը տապալել փորձող ցանկացած իշխանության մշտապես ծառայող եւ հաճոյացող, իսկ գնացածի հետեւից մշտապես հայհոյող բնավորության տեր, որտեղ հաց, այնտեղ կաց սկզբունքով շարժվող, կուսակցություններին, կառույցներին եւ նրանց ներկայացուցիչներին ու գրչակներին իմ պատասխանը կհետաձգեմ։

Կառավարությունը այսօր ձեզ շանտաժի է ենթարկում հովհարային անջատումների սպառնալիքով։

Հովհարային անջատումները հետեւանք են մասսայական չվճարումների։ Իսկ բնակչությունը եւ ձեռնարկությունները էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի, ջրի այսպիսի գներ ի վիճակի չեն վճարելու։

Չէ որ ավելի էժան գներով մենք շուրջօրյա էլեկտրաէներգիա ենք ունեցել 1996, 1997, 1998 թթ. եւ նույն մակարդակի թոշակները, աշխատավարձերը եւ առողջապահական վճարումները ավելի քիչ ուշացումով եւ ավելի մեծ ծավալով կատարվել են։

Ուրեմն ունենք վատնող, քաղաքացիներին վնասող, ժողովրդի համար չաշխատող կառավարություն՝ ոչ թե ցածր գներ։ Եթե միասնաբար չհաղթենք՝ սպասվում են անհույս, անօգնական ժամանակներ եւ ամենաթողության մթնոլորտում գործող մի քանի հոգու նվիրված իշխանություն։

Սիրելի ժողովո՛ւրդ, միայն դու քո հավաքական կամքով կարող ես զսպել ոմանց սահմաններ չունեցող ախորժակը եւ իշխանությունը քեզ ծառայեցնել։ Քաղաքացիներին հրավիրում ենք վաղը, երկուշաբթի, մարտի 29-ին, ժամը 16։00-ին Ազգային ժողովի մոտ, Բաղրամյան փողոց, օժանդակելու էլեկտրաէներգիայի սակագները իջեցնելու մեր փորձին։ Խնդրում ենք Ազգային ժողովի տարածքում հանդարտություն պահպանեք։ Ժամը 16.00-ին մենք կմոտենանք ձեզ եւ կներկայացնենք իրավիճակը Ազգային ժողովում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031