Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ԷԼ ԴՈՒ ԵՄ՝ ԵՍ ՉԿԱՄ

Մարտ 30,1999 00:00
Azgayin joxov

«Ժողովուրդ հավաքելու» իրենց կարողությամբ չեն զլանում տեղի- (հիմնականում)անտեղի հպարտանալ թե պատգամավորները, թե կառավարությունը (հանձինս վարչապետի)։

Բայց թե պատգամավորները, թե կառավարությունն, ըստ էության, չեն վայելում ժողովրդի վստահությունը։ Ուստի անգամ էլեկտրաէներգիայի սակագները սառեցնելու մղումով հավաքում են լավագույն դեպքում 1000 հոգի, այն էլ՝ երբ նրանց մեծ մասը ՆԳ աշխատակիցներ են։ Ինչը եւ տեղի ունեցավ երեկ։ Անվայել խոսքեր հղելով առ ներկա եւ անցյալ նախագահները, խոստանալով անձամբ հանել որոշ պատգամավորների աչքերը, կասկած հայտնելով կառավարության որոշ անդամների «էն» օրգանների լինել-չլինելու վերաբերյալ, ԱԺ դարպասների մոտ ժողովուրդ էր հավաքվել։

Իսկ այդ նույն ժամանակ ԱԺ-ում ոչ մի կերպ քվորում չէր հավաքվում։ Տապալվեց հերթական, ապա եւ արտահերթ նիստը։ Պատճառը չարաբաստիկ «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագիծն էր, որը պիտի երկրորդ ընթերցման դրվեր։

Քվորում չեղավ ընդամենը 116 չգրանցված պատգամավորների պատճառով։ Համարյա ողջ կազմով մոռացել էին գալ երկրապահները՝ նիստերին օրինակելի հաճախող Ջեմմա Անանյանի «գլխավորությամբ»։

Այդ 116-ից ամենահարգելի «բացակայողները» թերեւս Նադեժդա Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանն էին։ Արտաշես Գեղամյանի եւ Կտրիճ Սարդարյանի, Հերմինե Նաղդալյանի եւ Սերգեյ Բադալյանի, Խաչատուր Բեզիրջյանի ու Ֆադեյ Տաճատիչի, Անդրանիկ Մարգարյանի եւ Վահե Շահվերդյանի (զույգերն ընտրված են պատահականորեն եւ գուցե ոչ ըստ ճաշակի) եւ մնացած բոլորի անունները բարձրաձայն «հիշեցին» հավաքված մարդիկ։

Իսկ ԱԺ նախագահ Խոսրով Հարությանն անխռով զրուցում էր կիսադատարկ միջանցքում։

«Իշխանությունը բոբո չէ»

-Պրն Հարությունյան, ըստ ձեզ, ինչո՞ւ է այսօր ԱԺ-ի դարպասի մոտ ավելի քիչ ժողովուրդ հավաքվել։

-Համաձայնեք, որ այս ժամանակահատվածում երկուստեք քարոզչություն գնաց, փորձեցին տարբեր դիրքորոշումները միանգամից մեկնաբանել։ Կարող է եւ դրա արդյունք է։ Միգուցե բնակչության մի հոծ հատված ընկալեց, որ խնդիրը սակագների իջեցման մեջ չէ (բա ինչի՞ մեջ է- Լ. Ա.)։ Ավելի շուտ պետք է մտածենք՝ ինչպես լավացնենք սոցիալական վիճակը։

-Իսկ որքանո՞վ է օրինաչափ, որ հենց այսօր, ա՛յս հարցը քննարկելիս քվորում չկա։

-Ես սա վերագրում եմ նախընտրական փուլի ա՛յս հատվածին։ Այս օրերին ամենուրեք առաջադրումներն են գնում։ Կարծում եմ՝ հիմա շատերն իրենց ընտրատարածքներում ուղղակի այս գործընթացով են զբաղվում։

-«Երկրապահները»՝ համարյա ողջ կազմո՞վ։

-«Երկրապահների» ճնշող մեծամասնությունը այդուհանդերձ դրսից են, ռայոններից են, դուք դա հաշվի առեք։

-Այսինքն՝ 116 հոգու բացակայությունը զուտ պատահականությո՞ւն է։

-Ենթադրում եմ,- դեմքին հնարավորինս անկեղծ արտահայտություն տալով՝ պատասխանեց պրն Հարությունյանը։

-Ի՞նչ եք կարծում, եթե այդ պատգամավորները փորձեն դուրս գալ դրսում հավաքված մարդկանց մոտ, ի՞նչ կլինի։

-Պետք չէ պատգամավորներին ներկայացնել որպես այս ժողովրդի թշնամի։ Ինձ համար դա հասկանալի չէ։ Կարելի՞ է իշխանությանն անընդհատ ներկայացնել որպես բոբո։

«Իշխանությունները բոբո են»

«Հայրենիք» պատգամավորական խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանը հատուկ տեքստ էր պատրաստել ԱԺ-ի մոտ հավաքված ժողովրդի համար։ Նա նաեւ ընթերցեց ցավակցողների ցուցակը։ Ապա (ասում են՝ հենց Եգորյանի ցուցումով) ժողովրդի մի մասը շարժվեց դեպի նախագահի նստավայր՝ վանկարկելով նրա հրաժարականը։ Ժամը 19-ի մոտ ժողովուրդը արդեն լրիվ ցրվել էր։

«Հայրենիքի» անդամ Սոս Գիմիշյանից փորձեցի ճշտել, թե ինչո՞ւ են այսքան քիչ մարդիկ արձագանքել իրենց կոչին։

-Եկել են այնքանը, որքանին կարողացել ենք այդ հարցը ներկայացնել։ Մենք, ըստ օրենքի, 3 րոպե նկարահանվել էինք «Պառլամենտական ժամ» հեռուստածրագրի համար։ Բայց պրն Խոսրով Հարությունյանը, զբաղվելով գրաքննությամբ եւ խախտելով օրենքը, այդ նյութը պարզապես հանել էր։ Ինքն իր հայեցողությամբ ցույց է տվել Ներսիսյան Գագիկին, որը չէր նկարահանվել այդ հաղորդման համար։ Իսկ այդ 3 րոպեում էլ Եգորյանը կոչ էր արել, որ ժողովուրդը գա 2-րդ ընթերցմանը։

Հետո մեր ժողովուրդը մի քիչ դժվար է տեղից շարժվում։ Ու երեւի ժողովրդի համբերության բաժակը չի լցվել։

-116 հոգու բացակայությունն ու արտահերթի տապալումը դո՛ւք ինչին եք վերագրում։

-Իշխանությունը՝ չնայած շատ է փորձում ասել, որ ժողովրդից չի վախենում, որ ինքն էլ կարող է ժողովուրդ բերել, լրջորեն վախեցել է ժողովրդից։ Եվ վճիռ է կայացրել՝ չմասնակցել։ Այսինքն՝ իշխանությունը բոյկոտում է նիստը։ Մենք ունենք եզակի իշխանություն, որը ինքն իրեն բոյկոտում է։ Իսկ Խոսրով Հարությունյանը, ցավում եմ, բայց զբաղված է նրանով, որ գործադիր իշխանությանը եւ նախագահին փորձում է այստեղ փրկել։ Կներեք, նա փամփերսի դեր է խաղում։

Ինչպես մեռած հոգիներում

«Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագիծը կքննարկվի՞ այլեւս։ Դժվար է ասել, քանի որ մեր խորհրդարանն ունի քվորում չապահովելու հիանալի ավանդույթներ։ Նախադեպ էլ կա (Դավիթ Շահնազարյանի առաջարկը՝ անվստահություն հայտնել ՀՀ նախագահին)։

Այստեղ (խորհրդարանում) ամենադժվարը ճիշտ ժամանակին բացակայել կարողանալն է։ Իսկ մնացածը տեխնիկայի հարց է։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031