Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ՆՈՐԻՑ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Մարտ 30,1999 00:00
Aram Abrahamyan

Ում եւ ինչ կարող է տալ ՀՀՇ-ՀԺԿ հնարավոր դաշինքը

Ոչ ոք չի պատրաստվում գյուղի պառավների նման ձեռները ծնկներին խփել եւ հառաչել, թե՝ ախ, ինչ ցինիկ բան է քաղաքականությունը:

Այնուամենայնիվ արձանագրենք. Ազգային միացյալ կուսակցության ժառանգորդներից մեկը հանդիսացող Աշոտ Նավասարդյանի հիմնադրած ՀՀԿ-ի դաշինքը ՀԽՍՀ կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ /եթե այդպիսին կայանա/ որեւէ գաղափարական հիմք չի կարող ունենալ: Դա զուտ մարտավարական քայլ կլինի, ընդ որում՝ գործող իշխանությունների համար խիստ նպաստավոր: Նույնքան բարենպաստ էր իշխանության համար անցած նախագահական ընտրություններում պրն Դեմիրճյանի առաջադրվելը: Նա մի կողմից բարձր հասարակական վարկանիշ ուներ եւ ընտրությունների ժամանակ իր վրա էր քաշել «բողոքավոր» ընտրազանգվածի մեծ մասը, մյուս կողմից սուսուփուս կուլ էր տվել բոլոր տեսակի խախտումներն ու կեղծիքները՝ առանց բողոքի նշույլ իսկ ցուցադրելու: Դեմիրճյանը շրջանցեց շատ ավելի հեղափոխականորեն տրամադրված Վազգեն Մանուկյանին, որն այս դասավորության դեպքում մարդկանց փողոց հանելու առիթ չուներ: Դրանով Կարեն Սերոբիչը կատարեց իշխանության կողմից իրեն հատկացված դերը:

Առավոտյան մեղր չօգտագործողներին հիշեցնեմ, թե նախորդ ընտրարշավի ժամանակ ինչպիսի լուտանքներ էին թափում Դեմիրճյանի գլխին պետական եւ իշխանամետ լրատվամիջոցները: Հանրապետության գլխավոր PR-ուհու կողմից մշակած ռազմավարությունը հիմնված էր, մասնավորապես, ՀՀՇ-ական իշխանության հետ Սերոբիչին կապելու վրա: Այդ սուտը կրկնվում էր հոդվածից հոդված եւ ելույթից ելույթ՝ իր գագաթնակետին հասնելով ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի շուրթերում, որն ասաց, թե Դեմիրճյանի մի ուսին նստած է Լեւոնը, մյուսին՝ Վանոն: Այսօր նույն լրատվամիջոցներից դուք նման բան չեք լսի: Հավանաբար, մեկ տարվա ընթացքում Կարեն Սերոբիչը ազատվեց իր բոլոր դատապարտելի կողմերից, եւ նրա ուսերին այլեւս ոչ ոք չի նստում: Եվ ինչպե՞ս նստեն, եթե նա սկսել է համագործակցել իշխանության անցած ազգային ուժերի՝ իշխող ֆիդայա-երկրապահական կուսակցության հետ: Ինչպես ասում էր հայտնի կինոկատակերգության հերոսը՝ «Ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի»:

Միացնելով Դեմիրճյանի կուսակցությունը իշխանական համակարգի հետ, իշխանությունը հնարավորություն կստանա լուծել մի քանի խնդիր. 1/ «բողոքավոր» ընտրազանգվածի մի մասը՝ իր ձայնը տալով ՀԺԿ-ՀՀԿ ալյանսին, տնօրինվում է իշխանության կողմից եւ որոշ ժամանակ ոչնչից չի բողոքում, 2/ Դեմիրճյանն ու իր կուսակիցները գոհ են, որ խորհրդարանական տեղերն իրենց հասել են հեշտությամբ, առանց դաժան ընտրապայքարի՝ իշխանության հետ սակարկելու միջոցով, 3/ ՀԺԿ-ի ձայներն, այնուամենայնիվ, կպակասեն, որովհետեւ «բողոքավորների» մի մասը, տեսնելով, թե ինչպես է իրենց կուռք Դեմիրճյանը հայտնվել մի ցուցակում, ասենք, Լեդի Հակոբի հետ, կհիասթափվեն «ազգի փրկչից» եւ իրենց ձայնը կտան ավելի «գաղափարացված» ՀՅԴ-ին կամ ավելի արմատական ընդդիմադիր ԱԺՄ-ին եւ Կոմկուսին: Այսպիսով, Դեմիրճյանը նորից վարկաբեկվում է եւ ձայների մեծամասնություն չի ստանում:

Հասկանալի արտաքին եւ ներքին պատճառներով նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար գերխնդիր է ընտրություններն անցկացնել առանց էքսցեսների: Ստեղծելով ՀՀԿ-ՀԺԿ դաշինքը, որը մեծամասնական իշխանամետ պատգամավորների հետ ապագա խորհրդարանում կունենա, ենթադրաբար, ձայների կեսը եւ որը ազդելու է կառավարության ձեւավորման եւ քաղաքականության վրա, նախագահը դրանով փաստորեն սահմանափակում է իր իրավասություններն ու պատասխանատվությունը: Այդ, ընդհանուր առմամբ, դրական պրոցեսը պետք է որ ամրագրվի սահմանադրական փոփոխություններում, որոնք, ըստ պրն Քոչարյանի նախընտրական խոստումի, կոչված են բալանսավորելու իշխանության երեք թեւերը: Այդպիսով մեկընդմիշտ հնարավոր կլինի ազատվել անպատասխանատու արհեստավարժների սնամեջ գաղափարից:

Սակայն խորհրդարանը, որտեղ մեծամասնություն են կազմելու գավառական իշխանիկների ոճով «զոն նայող» համայնքապետերը, քաղաքապետերը, մարզպետերը՝ իրենց «ախպերությամբ» թաղային խմբապետ-ֆեոդալները, «պուզատի» ֆիդայիները եւ տեղական հեղինակությունները՝ գումարած դեմիրճյանական «զորակոչի» ռայկոմականներն ու ցեխավիկները, դժվար թե ընդունակ լինի արդյունավետ գործունեության: Գաղափարական հստակ կողմնորոշում եւ ծրագիր չունեցող ՀԺԿ-ն եւ ՀՀԿ-ն խոնարհաբար կսեղմեն իրենցից պահանջվող կոճակները՝ այնքան ժամանակ, մինչեւ, Աստված չանի, նրանցից պահանջվի հերթական առնետությունը:

Դեմիրճյանի ղեկավարած կամ դեմիրճյանամետ կառավարությունը նույնպիսի անիմաստ «պաուզա» կստեղծի երկրի տնտեսական զարգացման մեջ, ինչպիսին մեծ հաջողությամբ կատարում են «արհեստավարժները»: Կարեն Սերոբիչը կամ նրա հավանած վարչապետը կլինի լավագույն դեպքում Պրիմակովի նման մի ֆիգուր՝ քաղաքականապես ընդունելի, տնտեսապես անգործունյա: «Սխալ հանելով» տնտեսական բարեփոխումները, նման գործիչներն ի վիճակի չեն դրանք ոչ «հետ պտտացնել», ոչ էլ առաջ տանել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031