Լրագրողի հիմնական անելիքը տեղեկատվության արձանագրումն է։ Մեր երկրում սա նշանակում է պաշտոնյայի խոսքի (ներեցեք՝ անկապ բառերի) խմբագրում։ Ես, իհարկե, կողմ չեմ դրան, բայց հնազանդորեն ընդունում եմ, քանի որ այդպես են մտածում մեր լրագրողական մտքի մի քանի կարկառուն ներկայացուցիչներ։ Դե, եթե այդպես է, նվաստս պիտի լռի։
Բայց բերեք ձեր ականջը, ու կասեմ. լրագրողը ոչ միայն արձանագրող է։ Նա պետք է նաեւ մեկնաբանի, հետաքննի, իսկ ամենակարեւորը՝ առաջարկի։
Այս պահին, գոնե մեզ համար, ամենակարեւորը առաջարկն է։ Որովհետեւ «Առավոտի» Մարգարյան Լուսինեն, հարազատ թերթի մարտի 24-ի համարում անդրադառնալով «Վիագրա» կոչվող դեղին, պատմում է, արձանագրում, բայց ոչինչ չի առաջարկում։ Ես էլ, գործընկերոջս ճշմարիտ ճանապարհի բերելու անկեղծ մղումով, ստիպված եմ նկատողություններ անել եւ… առաջարկել։ Նախ, Լուսինեն չպետք է իրեն թույլ տար եւ մեր երկրում մեկ այլ տղամարդ նկատեր՝ բացի մեր նախագահից։ Դա նշանակում է, որ Լուսինեն ապազգային, հակաազգային տղամարդկություն է անում։ Տղամարդկություն անելը, չգիտեմ թե ինչ հետեւանք, բայց ազգային գաղափարախոսությունից շեղվելը հաստատ շատ վատ հետեւանք կունենա. ամենաքիչը՝ մի վեց տարի ազատազրկում։ Բայց դառնամ առաջարկին։ Ի՞նչ է առաջարկում Լուսինեն։ Որ բոլորն այս երկրում տղամարդ սկսեն ձեւանալ ու «ուրիշի հացին վայիս լինելու» սկզբունքով խլեն մինչեւ հիմա ձեւացողների հա՞ցը։ Հաստատ՝ չէ։ Ուրեմն կամ առաջարկ չկա, կամ էլ ես տողատակին ասվածը չեմ հասկացել։
Իսկ ինքս առաջարկում եմ. պետական գործիչներն իրենց չունեցած փողերը ծախսելու ու «Վիագրա» ձեռք բերելու եւ ընդունելու փոխարեն, ամեն առավոտ թող գնան օպերայի դիմացի, հետեւի, մի խոսքով, նրա շուրջ եղած այգիները, նայեն այնտեղ իրար սիրող շներին եւ… Համոզված եմ, որ նրանց գոնե ֆիզիոլոգիական տղամարդկությունն իրեն անպայման զգացնել կտա առանց «Վիագրայի»։ Բայց առավել կարեւոր է այն, որ այդպես մեկ կրակոցով երկու նշանակետի կդիպչենք։ Թափառող շների հրահանգչական կարողությունների արժանի գնահատումից հետո, կազատվենք նրանց սպանելու, վերացնելու դարդից։
Կարդացեք նաև
Բայց, ինչպես ցանկացած նորարարություն, դա էլ, վախենամ, բացասական մի տարր պարունակի, ինչը կչեզոքացնենք վերջին տարիներին ձեռք բերված հնարամտությամբ։ Օրինակ, համապատասխան վիճակի գալուց հետո ինչ անեն այն գործիչները, որոնք, ինչպես միշտ, բթամիտ ու անհեռատես լինելով, իրենց կանանց չեն ունենա «ձեռքի տակ»։ Բոլորովին կարիք չկա, որ պաշտոնյան, իր բարեմասնության հզորությունը գրկած տուն վազի։ Նա կարող է խաղաղ սեքսով զբաղվել տեղում, անցորդ կանանց հետ։ Խաղաղ սեքսը մեր կանանց չի վիրավորի։ Այսպես թե այնպես, հայ կանայք, ուզած-չուզած, ամեն օր բռնաբարվում են նույն պաշտոնյաների կողմից։ Ու այդ բռնաբարությունը «պոզաների», «համեմվածության» ու տեղի տեսանկյունից խիստ բազմատեսակ է. բռնաբարություն աշխատավարձի ուշացումով, բռնաբարություն նպաստ չտալով, բռնաբարություն ստերով, բռնաբարություն պոպուլիզմով, բռնաբարություն հեռուստատեսությամբ… ու այդպես շարունակ։
Խնդրում եմ, հավատացեք, այս համատարած բռնաբարության պայմաններում իմ առաջարկած խաղաղ սեքսը ամենաբարի այլընտրանքն է։
ԹԱՄԱՐ ՍԱՐՅԱՆ