Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՍԿԶԲԱՆէ ԷՐ ԲԱՆԸ: ԵՎ ԲԱՆՆ ԷՐ՝ «ՊԵՐԵՍՏՐՈՅԿԱ»

Մարտ 27,1999 00:00
hrtir

Հետո փլուզվեց Բեռլինյան պատը, երկաթե վարագույրը բարձրացավ եւ քաղաքական բեմահարթակ նոր մարդիկ դուրս եկան: Նրանք իրենց դերերն էին կատարում չեխովյան թատրոնի լավագույն ավանդույթներով՝ խղճի կոչերով, հրապարակային ինքնափնովումով եւ դեպի լավը փոխվելու խոստումներով, իրար ձեռք ջերմ սեղմելով եւ հավերժ ընկերության երդումներով…

Բայց անցած տարիների ընթացքում աշխարհում մեծ քանակությամբ հիմնահարցեր եւ զենքեր կուտակվեցին, իսկ նույն այդ չեխովյան թատրոնի ավանդույթների համաձայն՝ եթե պատից ատրճանակ է կախված, վերջին արարում այն պիտի կրակի: Ատրճանակը կրակեց նախանցյալ գիշեր: Վարագույր:

Նախագահ Քլինթոնը պնդում է, որ Հարավսլավիայի հրթիռակոծություններն անհրաժեշտ են Կոսովոյի ալբանացիների հետագա խոշտանգումները կանխելու համար: Սակայն միջկրոնական, միջէթնիկական ընդհարումները ամբողջ աշխարհում հազարավոր մարդկանց կյանքեր են խլում: Դա Միացյալ Նահանգներում էլ են հասկանում: Ամերիկյան «Բոստոն գլոբ» ազդեցիկ թերթն իր խմբագրականում գրում է. «ՆԱՏՕ-ն չէր սպառնում Բորիս Ելցինին, երբ նա զորքեր ուղարկեց՝ չեչենական ապստամբությունը կանխելու համար: Քլինթոնի աշխատակազմը ոչինչ չարեց Ռուանդայի ցեղասպանությունը կանխելու համար: Ադրբեջանի հասցեին սպառնալիքներ նույնպես չեն եղել, երբ նա փորձում էր Լեռնային Ղարաբաղը հնազանդեցնել: Իսկ ինչո՞ւ Կոսովոյի համար պատրաստ են ամերիկացիների կյանքը վտանգի ենթարկել»:

Այս առիթով արեւմտյան պետությունների տված բացատրությունները բավարար համարվել չեն կարող: Քլինթոնի առաջարկած թեզիսը՝ Իտալիայի աշխարհագրապես մերձավոր լինելը, լավագույն դեպքում միջին ամերիկացու վրա կարող է տպավորություն թողնել: Լուրջ մարդկաց մոտ դրանք առնվազն տարակուսանք կառաջացնեն:

Իրենց դիրքի թուլությունը զգալով՝ հրթիռակոծության կողմնակիցները առիթը բաց չեն թողնում ընդգծել, որ Հարավսլավիայի հանդեպ ցուցաբերվող ճնշումը միմիայն հումանիտար է՝ ընդհատել Կոսովոյի արյունահեղությունը, եւ բացարձակապես նվաճելու նպատակով չի արվում: Տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության անհողդողդ կողմնակիցները կույր, խուլ եւ երեխայի պես միամիտ են դառնում, երբ խոսքը կոսովոյան ալբանացիների մասին է: Իսկ նրանց ղեկավար Հաշիմ Տաչին մինչ այդ առանց երկմտելու հայտնում է, որ Արեւմուտքի առաջարկած ավտոնոմիան ընդամենը առաջին քայլն է, իսկ «անկախությունը այն նպատակն է, որին դեռ հասնել է պետք եւ որի համար մենք դեռ պետք է պայքարենք»:

Մի քանի տարի անց պատմաբանները, երեւի, կոսովոյան այժմյան ճգնաժամը վերջնական սահմանազատման առիթ կանվանեն եւ գլուխ կջարդեն դրա պատճառների վրա: Նրանք, իհարկե, կնշեն, որ նշմարվող ընդհարման հատկանիշները շատ ավելի վաղ են հայտնվել: Այժմյան հրթիռակոծությունները միայն երկու, գրեթե ձեւավորված, ճամբարներն են ընդգծում: Մի կողմից՝ Արեւելք-ԱՄՆ-ն եւ Եվրոպան, որն անցած տարիների ընթացքում օվկիանոսի մյուս կողմի ավագ եղբոր դիկտատից ազատվելու թույլ փորձեր էր անում եւ մահից մազապուրծ եղավ: Մյուս կողմից՝ Արեւելք-Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստանն է, որին, ըստ երեւույթին, կմիանան ԱՄՆ-ից նեղացած ավելի մանր պետությունները:

Այս միությունը արդեն վաղուց էր նշմարվում, դեռ Պրիմակովի՝ Չինաստան այցի ժամանակ եւ ավելի հստակվեց Իգոր Սերգեեւի՝ Հնդկաստան այցի ժամանակ, որը խոստացավ փոխանակել ռուսաստանյան զենքը Հնդկաստանի եւ Ռուսաստանի ստրատեգիական համագործակցության դեկլարացիայի ստորագրման հետ: Այս երկու բլոկն էլ անկանխատեսելի են: Արեւմտյան բլոկում ներքին լարվածությունը ծածկված է Ֆրանսիա-ԱՄՆ հարաբերությունների սառը կոռեկտությամբ, Հունաստան-Թուրքիա գծի անկեղծ թշնամությամբ՝ սա միայն օրինակներ են, որոնք, ինչպես ասում են, մակերեսին են: Արեւելյան բլոկը օբյեկտիվորեն ավելի թույլ է, բայց դրանից ավելի վտանգավոր եւ անկանխատեսելի: Սա ներքին քաղաքական, միջէթնիկական եւ կրոնական հակասություններով, տնտեսական հիմնահարցերով մի քանի մասի բաժանվող պետություններ են՝ վիթխարի տարածքով, մարդկանց ռեզերվներով, անբավարար կայսերական ամբիցիաներով: Ահա այն, ինչ ունենք մենք այսօր:

Եվ հենց այս, ամենայն հավանականությամբ, ի նկատի ուներ պաշտոնական Վատիկանը՝ ՆԱՏՕ-ի ակցիան «մարդկության սխալ» անվանելով:

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031