Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՑԵՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄԻՍԻՈՆ ԽԱՆՈՒԹ ՉԷ»,-

Մարտ 27,1999 00:00

«ՎԵՑԵՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄԻՍԻՈՆ ԽԱՆՈՒԹ ՉԷ»,- ասում է տուժողի պաշտպանը, իսկ Ռուբեն Սահակյանը հակառակ կարծիքի էր Այս տարվա հունվարի 11-ին Էրեբունու տարածքային դատարանի դատավճռով (դատավոր Լեւոն Սիմոնյան) Արման Դանգոյանցը Քր. օրենսգրքի մի քանի հոդվածներով դատապարտվեց ազատազրկման 8 տարի ժամանակով, անձնական գույքի 50 տոկոս բռնագրավմամբ։ Դատարանը «հաստատված» համարեց այն, որ Արմանը 1996 թ. ապրիլի 7-ին Լեհաստանում սպանել է հետախուզման մեջ գտնվող Արայիկ Պետրոսյանին (Վանիկ Պետրոսյանի՝ «Կազյոլ Վանիկի» որդուն)։ Ի դեպ, դատավճիռը հրապարակելուց հետո Արմանը դատարանի դահլիճում իր երակները կտրեց… Նա իրեն մեղավոր չի ճանաչել ինչպես մեղադրանքն առաջադրելուց առաջ, այնպես էլ դատաքննությունների ժամանակ։ Երեկ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում շարունակվեց ընդհատված դատաքննությունը։ Նախորդ դատաքննության ժամանակ եղել էին միջնորդություններ։ Մասնավորապես, ամբաստանյալ Արման Դանգոյանցի պաշտպան Ռուբեն Սահակյանը միջնորդել էր, որ դատարանը հարցում անի ՆԳՆ 6-րդ վարչությանը, թե ի՞նչ հիմքով եւ ի՞նչ պայմաններում է պահվել իր պաշտպանյալը։ Ինչպես նաեւ՝ Լեհաստանից ուղարկված գրությունն, ըստ էության, քանի՞ հատոր է եւ իրենից ի՞նչ է ներկայացնում։ Նախագահող Տիգրան Սահակյանի ներկայացրած «պատասխանը», ինչպես պաշտպան Ռ. Սահակյանը որակեց՝ պատասխան չէր, եւ պահանջեց կրկին անգամ նույն բովանդակությամբ հարցում կատարել ՆԳՆ 6-րդ վարչությանը՝ «հանձնարարելով գրության մեջ առկա հարցերին պատասխանել եւ ոչ թե դատարանին սովորեցնել, թե ինչպես պետք է վարվի դատարանը»։ Պաշտպանն ասաց, որ գրությամբ չի պատասխանվել իր հարցերին, թե որտեղ է պահվել Արմանը 1996 թ. դեկտեմբերի 27-ից մինչեւ 1997 թ. հունվարի 14-ը (17 օր), որտե՞ղ է քնել եւ ինչպես է սնվել։ Նա ասաց նաեւ, որ պարզ չէ, թե Լեհաստանից, ումից՝ ինչ է ստացվել, որ չկա «ուղեկցական գրություն»։ Տուժողի պաշտպան տիկին Չիլինգարյանն ասաց, որ պետք է մերժել ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը եւ ասաց, թե 6-րդ վարչությունը «գրել է այն, ինչ պիտի գրվեր։ Եթե գործում չկա ձերբակալության արձանագրություն, նշանակում է՝ չկա»։ Մի քանի անգամ էլ կրկնեց, թե «հարցման նպատակը չեմ հասկանում, ի՞նչ նշանակություն ունի, թե ո՞ր սենյակում է պահվել»։ Ավելին՝ պաշտպանի կարծիքով. «մենք գործ չունենք կոմիսիոն խանութի հետ, մենք գործ ունենք 6-րդ վարչության հետ»։ Դատարանը «նպատակահարմար չէ» ասելով, մերժեց միջնորդությունը։ Ռ. Սահակյանն այս անգամ բացարկ հայտնեց դատարանի կազմին եւ ընդհակառակը չհամաձայնելով տուժողի պաշտպանի կարծիքին, ասաց, որ «6-րդ վարչությունը գործել է կոմիսիոն խանութի պես»։ Նա կասկած հայտնեց դատարանի անաչառության վերաբերյալ. «Դատարանին, եթե չի հետաքրքրում, թե 17 օր շարունակ ի՞նչ պայմաններում է գտնվել Արմենը եւ ի՞նչ պայմաններում է ցուցմունքներ տվել», ապա անաչառ լինել դատարանը չի կարող։ Տիկին Չիլինգարյանը «ոչ տեղին» համարեց եւ այս բացարկը, նույնիսկ՝ «օրենքից հեռու» գտնելով, որ «գիտությունը դեռ չի ապացուցել, թե մարդը 13 օր չի քնել»։ Հարցը տեղափոխվեց այլ ոլորտ. «սննդատեսակը կապ ունի՞ արարքի հետ»։ Ակնհայտ էր, որ խոսքը սննդի տեսակի եւ պաշտպանական մարտավարության մասին չէր, այլ թե՝ ինչպիսի՞ պայմաններում է կորզվել խոստովանական ցուցմունքները։ Երբ «դատարանի կազմի դեմ» արված բացարկն էլ մերժվեց, ամբաստանյալի պաշտպանը միջնորդեց, որ հանրապետության դատախազությունից պահանջվի քր. գործը, ինչին չառարկեցին ոչ դատախազը, ոչ տուժող կողմի պաշտպանը, ոչ անգամ եռանդամ դատարանը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել