«Առավոտի» փետրվարի 10-ի համարում մի փոքրիկ թղթակցություն գրավեց ուշադրությունս։ Վերնագիրը գայթակղիչ էր՝ «Թե ինչ չգիտի նախագահը»։ Մարդը գրիչ է վերցրել եւ թղթին հանձնել իր մտքերը, որոնք, ըստ էության, վաղուց էին խմորվել նրա ուղեղում, միայն թե… առիթը չէր ներկայանում։ Եվ ահա եկավ այն՝ վաղուց սպասվածը…
Նախագահը զրուցում է լրագրողների հետ, եւ մենք՝ հեռուստադիտողներս, ուշադրությամբ հետեւում ենք նրա շարժումներին, նրա խոսքին։ Ահա՛. սայթաքեց, կարելի է հենց այդտեղից էլ բռնել։ Հաջորդ օրը թերթերը, հեռուստատեսությունը ողողված էին «моська»-ներով եւ փղերով։ Դա դեռ ոչինչ, իր մեջ նաեւ հումոր էր պարունակում, իսկ այս մեկը շատ զարմանալի է թվում ինձ, որովհետեւ նախագահի զրուցակիցներից մեկը Արամ Աբրահամյանն էր՝ «Առավոտի» խմբագիրը։ Նա կարող է վկայել, թե ինչու Ռ. Քոչարյանը «трагедия» բառը փոխարինեց «драма» բառով (իսկ դա արվեց, որպեսզի իր ասածը ավելի հոռետեսական չթվա)։ Ընդամենը։ Եվ բռնել մի բառի պոչից, այն էլ՝ չհասկանալով ու դրանից սարքել «трагедия», ա՛յ, դա, իրոք, չեմ հասկանում։ Իսկ թե նախագահը հավատո՞ւմ է Աստծուն, թե՞ ոչ, աշխարհը գիտե, որ դավանանքը մարդու ազատություններից մեկն է. ոչ մեկը իրավունք չունի մեղադրելու դիմացինին հավատալու, չհավատալու կամ երկմտելու մեջ։ Հիմա գամ այն հարցին, թե ես ինչու գրիչ վերցրի եւ պաշտպանեցի նախագահին։ Ասեմ. ես պաշտպանեցի բնավ էլ ո՛չ նախագահին, այլ մարդուն, ով էլ լիներ նրա տեղը տվյալ պահին։ Եվ երկրորդ պատճառը. այն, որ թղթակցության մեջ կային սխալներ ոչ միայն մտքի, այլեւ քերականական։ Դիմացինի լեզվական սխալներն ուղղողը պետք է որ իմանա՝ հայերենում «չգիտի» ձեւ չունենք, պետք է լինի «չգիտե», «….. որ նախագահին են վերաբերվում», պետք է լինի վերաբերում։
Այսքանը։
ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ