Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՛վ պատերազմ, ե՛վ խաղաղություն

Մարտ 27,1999 00:00
paterazm

Եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գալիս սարի մոտ։ Եթե Պրիմակովը չի գնում Կամդեսյուի մոտ՝ Կամդեսյուն է գալիս Պրիմակովի մոտ։

Այսօր առավոտյան Միջազգային արժութային հիմնադրամի համակարգող տնօրենն իր ծանր տեղից վեր կացավ եւ ուղեւորվեց Մոսկվա։ Օրվա երկրորդ կեսին կսկսվեն պաշտոնական բանակցությունները, որոնք, վերլուծաբանների կարծիքով, վերջակետ կդնեն համաշխարհային կապալառուի եւ նրա սնանկացած պարտատեր տերության միջեւ ձգձգվող սակարկմանը։

Շատ բան կախված է նրանից, թե ինչ առաջարկներով է Կամդեսյուն Մոսկվա եկել։ Այն դոլարները, որոնք Ռուսաստանն արդեն մի քանի ամիս է՝ փորձում է կորզել ՄԱՀ-ից, ճոխություն չեն։ Ռուսաստանի տնտեսության լինել-չլինելու հարցը շատ բանով կախված է այն որոշումից, որը կընդունվի այս բանակցությունների արդյունքում։

Խնդիրը, սակայն, ոչ միայն տնտեսական է։ Տեսաբանները, խոսելով Կոսովոյի ճգնաժամի հարցում Մոսկվայի վարքագծի մասին, մշտապես ընդգծում են, որ այն մեծապես պայմանավորված է ռուսաստանյան իշխանությունների՝ ՄԱՀ-ից վարկ ստանալու հնարավորությունով։ Միաժամանակ, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի պաշտոնյաներն ամեն կերպ փորձում են ժխտել այս կապը։

Միշել Կամդեսյուի մոսկովյան այս այցի շուտափույթ կազմակերպումը նույնպես որոշ չափով նպատակ ունի ապացուցել, որ ՄԱՀ-ը հեռու է կանգնած քաղաքականությունից։ Բայց նման ընդգծված ցուցադրականությունը, ավելի շատ վկայում է հակառակը։ Թեեւ այլ կերպ չէր էլ կարող լինել։ Այդ կապակցությամբ ինչպե՞ս կարելի է չհիշել Վլադիմիր Լենինի թեւավոր խոսքը. «քաղաքականությունը դա խտացված տնտեսություն է»։

Ըստ էության, ե՛ւ ՄԱՀ-ը, ե՛ւ ամբողջ արեւմտյան աշխարհը, կարելի է ասել, Ռուսաստանից շատ ավելի են շահագրգռված մայրցամաքի 1/6 հատվածում տնտեսական կայունության հաստատման համար։ Հարավսլավիայում վերջին իրադարձությունները ռուս հասարակության մեջ ազգային-հայրենասիրական տրամադրությունների այնքան մեծ ալիք բարձրացրին, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կոմունիստները եւ այլ ձախ ուժերը հանգիստ կարող են կիսով չափ կրճատել իրենց նախընտրական քարոզարշավների ծախսերը։ Ռուսաստանում կոմունիստական ռեւանշն ավելի ու ավելի իրական ուրվագծեր է ձեռք բերում, եւ Արեւմուտքը չի կարող չգիտակցել, որ շուկայական տնտեսության եւ ժողովրդավարական բարեփոխումների մասին բոլոր խոսակցությունները վաղը կարող են անիմաստ դառնալ։

Պատմական փորձը ցույց է տալիս, որ ՄԱՀ-ի միլիարդները ոչինչ են՝ համեմատած այն վտանգի հետ, որն իրենից ներկայացնում է սոված Ռուսաստանը։ Հենց այդ պատճառով միջազգային բանկիրները կսակարկեն, բայց՝ ոչ եռանդուն։ Հենց այդ պատճառով ԱՄՆ-ը եւ զարգացած մյուս երկրները կշարունակեն Ռուսաստան ուղարկել մարդասիրական յուղն ու բրինձը՝ հաշվի չառնելով ռազմական որեւէ լարվածություն։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031