Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագիր ունեն, կառավարությունը չունի

Մարտ 27,1999 00:00
Tatul Manaseryan

Մեր կուսակցությունները սիրում են համախմբվել, միմյանց գնահատել ու «բանի տեղ դնել» միայն այն դեպքում, երբ այդ համախմբումը ինչ-որ մեկի դեմ է։ Եվ այդ ինչ-որ մեկն անպայման հայ է։

Տվյալ դեպքում համախմբվել են ՀՅԴ-ն, ԳիԱրՔՄի-ն, ՍԻՄ-ը, Մտավորականների միությունը, Դեմկուսը՝ ընդդեմ հայրենի կառավարության։ Բանն այն է, որ կառավարական հանձնաժողովը (մասնագիտական անլիարժեք կազմով) բանի տեղ չի դրել 11 կուսակցությունների ներկայացրած «Հայաստանի տնտեսության առողջացման հիմնական առաջնահերթությունները» ազգային վերնագրով ծրագիրը։ Դրա հեղինակն ու նախաձեռնողը, բնականաբար, ՀՅԴ-ն է։ 11 կուսակցություններով հինգ ու կես ամիս քննարկելուց ու ծրագիրն ընդունելուց հետո այն ուղարկել են ՔԽ։

Այստեղ այն ըմբռնելուց եւ հաստատելուց հետո փետրվարի 4-ին ուղարկվել է կառավարություն։ Ծրագիրը նկատել են 1,5 ամիս անց ու սկսել քննարկել, բայց առանց դրա հեղինակների։ Սա էլ մեր 11 կուսակցությունների լավությունը կառավարությանը։ Ձրի աշխատանքի դիմաց կառավարությունը մի շնորհակալությունն ի՞նչ է, դա էլ չի ասել։ Փոխարենը՝ զանգ են տվել ՀՅԴ անդամ Թաթուլ Մանասերյանին ու թե՝ կներեք, որ ծրագրի արժանիքները չեն քննարկվել։

Քանի որ լրագրողներիս հետ՝ բացի պրն Մանասերյանից, վերոնշյալ կուսակցություններից էլ էին եկել, նրանց ներկայացուցիչները որոշեցին իրենք էլ խոսել (թեկուզեւ՝ անկապ)։ Մասնավորապես հայտնվեցին մտքեր, թե՝ ՔԽ-ը նախագահը չի ստեղծել, դա մեր կուսակցությունների հաղթանակն է։ «Կառավարությունները, պրեզիդենտները կգան, կգնան, բայց քաղաքական աշխատանքը կմնա (հավերժ- Լ. Ա.)»։

«Մեր այս ծրագիրը նախագահի նախընտրական խոստումներն իրականացնելու փորձ է»,- այսպես փորձեց պրն Մանասերյանը ներկայացնել իրենց ալտերնատիվ ծրագրի տրամաբանությունը։

Այն հարցին, թե այսպես համախմբվելով ծրագրի շուրջ եւ կառավարությունից դժգոհելու փոխարեն ավելի լուրջ չէ՞ր լինի կազմել նախընտրական բլոկ եւ այդ ծրագիրը ներկայացնել իբրեւ նախընտրական ծրագրի մաս։ Կամ, ասենք, կազմել ալտերնատիվ կառավարություն։ Հնչեց հետեւյալ բարեպաշտությամբ քողարկված, բայցեւ հավակնոտ միտքը. «Մենք պետք է հաշվի առնենք իրականությունը, որ գտնվում ենք ոչ այլ երկրում, քան ասիական Հայաստանում՝ իր լավ ու վատ կողմերով։ Բայց պետք է նաեւ իրատեսական լինենք (այս միտքն ասվեց ալտերնատիվ կառավարության մտքի շուրջ- Լ. Ա.)։ Եվ բարի ցանկությունները որպես իրականություն չմատուցենք»։

«Հայաստանի տնտեսության առողջացման հիմնական առաջնահերթությունները» ծրագրի պատվերը, ինչպես ասացին, նախագահը չի տվել։ Նախաձեռնողը մասնակիցների խումբն է՝ ՀՅԴ-ի գլխավորությամբ։ «Մենք իրատեսականորեն լավատես ենք եւ կառավարությանը սեւացնելու նպատակ չունենք։ Հույս ունենք, որ կառավարության մեջ համախոհներ ունենք»։

Անգամ ասուլիսից հետո անհասկանալի մնաց ծրագրի բուն նպատակը (որքան էլ գործող կառավարության ծրագիրը ապաշնորհ է)։ Պարզապես ժամանակ կորցնել (եւ այն էլ անվճար), հինգ ու կես ամիս գլուխ ցավեցնել թեկուզ անիրավացիորեն անգործության դատապարտված ծրագրի վրա, այնքան էլ լուրջ չի հնչում։ Թեկուզեւ գործի գլխին, ինչպես ասում են, կանգնած է ՀՅԴ-ն։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031