Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-Ն ԿՀԱՎԱՔԻ 80 ՏՈԿՈՍ

Մարտ 27,1999 00:00
andranik hovakimyan

Հակառակ քաղաքական որոշակի շրջանակների սպասումների, թե ՀՀՇ-ն առաջիկա խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու որոշման կհանգի, այդ կուսակցությունում այսօրվա դրությամբ գերիշխող տրամադրությունները միանգամայն տարբեր են։

Դրա օգտին է թեկուզ այն փաստարկը, որ ՀՀՇ-ում օրերս կազմավորվել է նախընտրական շտաբ, ուր ընդգրկվել են վարչության 5 անդամ։ Նրանք են՝ Հովհաննես Իգիթյանը, Արամ Մանուկյանը, Վահագն Հայոցյանը եւ ՀՀՇ վարչության վերընտրված փոխնախագահներ Արարատ Զուրաբյանն ու Անդրանիկ Հովակիմյանը։ Հենց նրանք էլ մեր զրուցակիցներն են այսօր։

Նախ Անդրանիկ Հովակիմյանը ներկայացրեց իրենց առաջիկա անելիքները։ Իրականացվում են ընտրությունների նախապատրաստման աշխատանքներ։ ՀՀՇ նախընտրական շտաբը ունենալու է բրգաձեւ տեսք։ Շտաբներ կկազմավորվեն մարզերում, իսկ այնուհետեւ՝ տարածքներում. «Անկախ նրանից, թե հետագայում ընտրություններին մասնակցելու առումով ի՞նչ որոշում կկայացնենք, այս ընթացքում պետք է առաջադրվել եւ մասնակցել նախընտրական պայքարին։ Իսկ հետո, եթե հանկարծ զգանք, որ մասնակցությունն անիմաստ է, նոր որոշում կկայացնենք»։

Անդրանիկ Հովակիմյանից տեղեկացանք, որ ՀՀՇ նախընտրական շտաբը նախագահ չունի։ Նրանում ընդգրկվելու առաջարկ է արվել նաեւ Արա Սահակյանին եւ Սեդրակ Հովհաննիսյանին, սակայն վերջիններս ինքնաբացարկ են հայտարարել։ Արդյո՞ք, դա արարքցյանական թեւի վարքագծի արտահայտությունն է։ Այդ հարցադրմանն Անդրանիկ Հովակիմյանի անդրադարձը հետեւյալն էր. «Ես ՀՀՇ-ն չէի բաժանի արարքցյանական կամ սիրադեղյանական թեւերի, անկախ նրանից, թե վարչության նախագահի ընտրության ժամանակ ով ում է ձայն տվել։ Երկու խմբերում էլ առկա են թե՛ ընտրություններին մասնակցելու, եւ թե՛ դրանք բոյկոտելու միտումներ»։ Անդրանիկ Հովակիմյանը հաստատեց, որ, այո՛, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն որեւէ կերպ ներգրավված չէ նախընտրական այս գործընթացում։ Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ Ա. Արզումանյանը կոշտ դիրքորոշում է որդեգրել եւ հայտարարել, թե ոչ մի փուլում չի ներգրավվի ընտրական գործընթացի մեջ՝ ո՛չ նախընտրական շտաբների կազմավորման, եւ ո՛չ էլ քարոզչական աշխատանքներում։ Անդրանիկ Հովակիմյանի մատուցմամբ՝ Ալեքսանդր Արզումանյանի տեսակետն այն է, թե որեւէ դրսեւորմամբ չարժե համագործակցել գործող իշխանության հետ։

Անդրադառնալով նախընտրական դաշինք կազմավորելու խնդրին, Անդրանիկ Հովակիմյանը հստակեցրեց իր մոտեցումը. «Հարցն, իհարկե, վերջնականապես կորոշի վարչությունը։ Սակայն, այս անգամ, իմ կարծիքով, ՀՀՇ-ն ընտրությունների կգնա առանձին՝ իր ցուցակով»։

Այնուամենայնիվ, նախընտրական դաշինքի կազմավորման ուղղությամբ հիմա քաղաքական խորհրդատվություններ են անցկացվում որոշ կուսակցությունների հետ, որոնց Անդրանիկ Հովակիմյանը չկամեցավ անվանել։

Այս բոլոր հարցերն իրենց պատասխանները կգտնեն նախընտրական շտաբի քննարկումների ժամանակ, որի մշակումները մարտի 28-ին կներկայացվեն ՀՀՇ վարչության հաստատմանը։ Այդ շրջանակում կլինեն նաեւ ՀՀՇ նախընտրական ցուցակները։

Անդրանիկ Հովակիմյանը տեղեկացրեց նաեւ, որ պատգամավորության թեկնածուներ են առաջադրվելու ՀՀՇ նախընտրական շտաբի անդամները եւս։ Ինքը նույնպես կմրցակցի մեծամասնական ընտրակարգով, սակայն դեռեւս պարզ չէ՝ որ ընտրատարածքում։

Ո՞վ կգլխավորի ՀՀՇ համամասնական ցուցակը։ Անդրանիկ Հովակիմյանն ասաց, թե դեռեւս վերջնական որոշում չկա, սակայն, ըստ երեւույթին, իրենց ցուցակի առաջին տեղում Վանո Սիրադեղյանը կլինի։ Ի դեպ, վերջինիս առաջադրումը թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական ընտրակարգով միանգամայն հավանական է։

Իսկ ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ, որ գլխավորելու է ՀՀՇ համամասնական ցուցակը։ Այս հարցի շուրջ պարզաբանումներ տվեց ՀՀՇ վարչության մյուս փոխնախագահը՝ Արարատ Զուրաբյանը։ «Կարծում եմ, այդ հարցը լուծված է։ Թե ինչ չափով է Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցում քաղաքականությանը՝ հայտնի է։ Մենք նրան առաջարկել էինք ընդգրկվել ՀՀՇ վարչությունում եւ որեւէ կասկած չունեմ, որ հետագայում միաձայնորեն նա կընտրվեր նախագահ։ Իր կամքն էր։ Այնպես որ, ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ որեւէ անջրպետ չի կարող լինել»։

Արարատ Զուրաբյանն ասաց նաեւ, որ ինքը պարտադիր քվեարկվելու է մեծամասնական ընտրակարգով՝ ընդ որում՝ «Կենտրոն» համայնքի ընտրատարածքներից մեկում։

Պարզվում է, որ ՀՀՇ վարչության փոխնախագահները բավականին խանդով են տրամադրված ՀՅԴ-ի նկատմամբ։ Պատասխանելով այն հարցին, թե քանի տոկոսի հույս ունի ՀՀՇ-ն, Արարատ Զուրաբյանն ասաց. «Եթե ընտրություններն արդար լինեն, ավելին կստանանք, քան ՀՅԴ-ն եւ ԱԺՄ-ն միասին, մոտ՝ 25-30 տոկոս»։

Իսկ Անդրանիկ Հովակիմյանն ավելի արմատական էր տրամադրված. «Կիմ Բալայանն ասում է, թե ՀՅԴ-ն 40 տոկոս ձայն կստանա։ Այդ տրամաբանությամբ՝ ՀՀՇ-ն կստանա 80 տոկոս»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031