Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՐՎԱԾԻ՛Ր ՄՐՑԱԿՑԻԴ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ

Մարտ 27,1999 00:00
Vazgen sargsyan

Այն, որ Կարեն Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի Ժողովրդական կուսակցությունն ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի գաղափարական առաջնորդը Վազգեն Սարգսյանն է, կարող են միասնաբար մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այլեւս զուտ չճշտված լուրեր չես համարի։

karen demirchyan

Այդ հեռանկարի հավաստումը մեզ հետ զրույցում տվեց Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը. «Այդպիսի միտումներ կան։ Դրանք աստիճանաբար որոշակիանում են, եւ, ըստ երեւույթին, մոտ օրերս հանրությունը վերջնականապես կիմանա եղելությունը»։

Թե դրանից ի՞նչ կշահեն կամ ի՞նչ կկորցնեն ՀԺԿ-ն ու ՀՀԿ-ն հարցադրմանը Գալուստ Սահակյանն անդրադարձավ խուսափողաբար. «Այդ միացումից ձեռք բերելիք ամենամեծ շահը կլինի այն, որ հնարավորություն կստեղծվի ընտրությունները անցկացնել օրինական ու նորմալ»։ Այնուամենայնիվ, հնարավոր միավորման հեռանկարների առումով մեր զրուցակիցը հայտնեց, թե «Եթե դաշինքով ենք գնում խորհրդարան, բնականաբար, ենթադրվում է համապատասխան խմբակցության ստեղծումը պառլամենտում»։

Իսկ դրանից կարելի է ենթադրել, որ ՀԺԿ-ն ու ՀՀԿ-ն կձեւավորեն սեփական կառավարությունը։ Ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց, թե «Հայաստանի Սահմանադրությունը չի նախատեսում, որ խորհրդարանական մեծամասնությունը, կամ խորհրդարանն առհասարակ, մասնակցի կառավարության ձեւավորմանը։ Համենայնդեպս, բանականությունն, ըստ երեույթին, Հայաստանում նույնպես պիտի տանի դրան, որպեսզի խորհրդարանը կամ խորհրդարանական մեծամասնությունը մասնակցի կառավարության կազմավորմանը»։

Իսկ այն հարցադրմանը, թե, արդյո՞ք, այս դաշինքը կազմավորվում է Վազգեն Սարգսյանի պատրաստակամության արդյունքում՝ բանակցել բոլոր կուսակցությունների հետ՝ տրվեց հետեւյալ պատասխանը. «Դա կարելի է համարել այս ամբողջ ընթացքում տեղի ունեցած քննարկումների, որոշակի դիրքորոշումների պարզաբանման հետեւանք։ Սա միանձնյա որոշման արդյունք չէ»։

Իսկ թե այդ միավորումից ինչ կշահի պետությունը՝ Գալուստ Սահակյանն անդրադարձավ այսպես. «Վերջին հաշվով, շատ օրինաչափ գործընթացներ են ծայր առել, եւ դրանով նորմալանում է պետության գոյության խնդիրները լուծելու ճանապարհն ընդհանրապես»։

Տեսակետը, թե ՀԺԿ-ՀՀԿ միավորումը կարող է նպաստավոր լինել պետության համար, կիսում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը եւս. «Անհայտ է մեկ բան՝ ձեւավորվում է հզոր քաղաքական ալյանս»։ Իր խոսքի շարունակության մեջ Արթուր Բաղդասարյանը հաջողություն մաղթեց ՀԺԿ-ՀՀԿ միավորմանը, ինչպես նաեւ կազմավորվելիք մյուս բոլոր դաշինքներին՝ քաղաքակիրթ պայքարով ժողովրդի վստահությունը շահելու մրցարշավում։

Իսկ այս լավատեսությունը Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանը չէր կիսում. «Այդ միությունն ընտրությունների վրա որեւէ կերպ չի անդրադառնա, որովհետեւ, ընտրություն, որպես այդպիսին Հայաստանում տեղի չի ունենալու։ Մենք գիտենք, որ ընտրություն կոչվելիք այդ միջոցառման արդյունքում տեղի են ունենալու նշանակումներ։ Իսկ եթե ՀԺԿ-ն ու ՀՀԿ-ն հանդես գան միությամբ, դա եւս մեկ լրացուցիչ ապացույց կլինի, որ մեզանում ընտրություններ չեն լինելու։ Եթե այդ երեւույթը տեղի ունենա, մարդիկ, մեր ժողովուրդը, երեւի վերջապես կհասկանան, որ պետք չէ կուռքեր ստեղծել եւ հետո հիասթափվել»։ Վիգեն Խաչատրյանի կարծիքով, Հայաստանը լուրջ քաղաքական ուժի կարիք է զգում։ Այդ ուժը դեռեւս չկա: «Զարմանալի բան տեղի չի ունենում։ Վաղուց ես դրա մասին ասել եմ իմ համախոհներին։ Այս ամենը ֆարս է եւ ընտրությունների որակն ամենեւին էլ չի փոխվի նրանից, թե այդ ֆարսի մասնակիցները միասնական են գնալու ընտրություններին, թե առանձին»։

Իսկ ՀՀՇ վարչության եւ ՀՀՇ նախընտրական շտաբի անդամ Հովհաննես Իգիթյանը ՀԺԿ-ՀՀԿ միավորման հնարավորությունն այլ հարթության վրա է դիտարկում. «Ես կարծում եմ, որ երկու ուժային նախարարներն էլ ակտիվորեն մասնակցում են նախընտրական ընտրարշավին։ Կողքից նայելով, ինձ թվում է նաեւ, որ իրենց մեջ մրցակցություն կա։ Չեմ բացառում՝ բարի մրցակցություն»։ Առաջիկա ընտրություններում, Հովհաննես Իգիթյանի կարծիքով, Հանրապետական-Ժողովրդական միավորումը, մյուս բոլոր ուժերից շատ ավելի քվեներ կստանա։ Դարասկզբի ազատագրական պայքարի խոշոր դեմքերից մեկը՝ դաշնակցական գործիչ Նիկոլ Դումանը, մի առիթով ասել է. եթե ուզում ես հաղթել մրցակցիդ՝ հարվածիր նրա երեւակայությանը։ Քաղաքական միջավայրում խնդրո առարկայի շուրջ անվերջ ծավալվող խոսակցություններից կարելի է եզրակացնել, որ սա այդ դեպքերից մեկն է:

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031