Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զորի Բալայանը

Մարտ 27,1999 00:00
Aram Abrahamyan

Բոլոր քիչ թե շատ նշանակալից իրադարձությունները՝ Լիգաչովի հակաալկոհոլային կամպանիան, էկոլոգիական եւ ղարաբաղյան շարժումը, ամերիկահայ /՞/ տիեզերագնացի թռիչքը կամ ուզբեկահայ բռնցքամարտիկի հաղթանակը իր չափազանց արդյունավետ ներկայությամբ զարդարող հրապարակախոսը, բնականաբար, չէր կարող անտարբեր անցնել ՍՊԻԴ-ի կողքով: Ժողովրդի անգիտակից ներկայացուցիչների տարակուսանքը՝ թե ի՞նչ կապ ունի Զորի Բալայանը Հայաստանում ՍՊԻԴ-ի բուժման հետ, նրան պետք է որ նեղացնի: Մի սրտնեղեք, Զորի Հայկովիչ, անգրագետ մարդիկ են՝ չեն հասկանում, որ առանց ձեր մասնակցության ոչ մի գործ գլուխ չի գա:

Աղասի Արշակյանը

ԳիԱրՔՄի ներկայացուցիչ Աղասի Արշակյանը բողոքեց, թե իր կուսակցությունը չեն ընդունում «ՍԻՄ-Միաբանություն» դաշինքի մեջ՝ փողը չի հերիքում: Ճիշտ է, նա չի մանրամասնել, թե որքան չի հերիքում եւ ինչ արժե այդ դաշինքի բաժնետոմսը: Անկեղծորեն կարեկցելով պրն Արշակյանին՝ նեղն ընկնելու կապակցությամբ, կարող եմ, այնուամենայնիվ, նրան գործնական խորհուրդ տալ՝ իր բազմաթիվ ազգաշահ ձեռնարկումներից մեկը դարձնել վճարովի: Օրինակ, պրն Արշակյանը ստեղծել է «Վանոյի վրա գործ տվողների ակումբ» հասարակական կազմակերպությունը: Այստեղ ամեն մի «ստուկաչին» կարելի է անդամատոմս վաճառել եւ գոյացած գումարը ներդնել «ՍԻՄ-Միաբանություն» ՓԲԸ-ի մեջ: Գուցե այդ դեպքում ընդունե՞ն:

«Վիագրա» խմող պատգամավորը

Չէինք կարծում, որ հարցազրույցն այդ պատգամավորի հետ այդքան մեծ հետաքրքրություն կառաջացնի ընթերցողների շրջանում: Ավաղ, չենք կարող բացահայտել հիշյալ պատգամավորի անունը: Միայն մի բան կարող ենք ասել: Չափազանց հավաստի աղբյուրներից «Առավոտին» հայտնի դարձավ, որ այդ պատգամավորը Արտաշես Գեղամյանը չէ: Աստվածաշնչի լավագույն մեկնիչը «Վիագրայի» կարիքը չունի: Երբ այդ բոցավառ հռետորը գրգռված ցասումով սկսում է «քլնգել» մեկ տարի առաջ ասպարեզից հեռացած քաղաքական դիակներին /իսկ նա այդ գործով է զբաղվում ամեն օր/, ադրենալինը նրա արյան մեջ բարձրանում է այն աստիճան, որ այլեւս ոչ մի քիմիական միջամտության անհրաժեշտություն չկա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031