Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱԴԵՄՆԵՐԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՀԻՇԱՉԱՐ ՉԵՆ

Մարտ 27,1999 00:00
HAMkk

Նախընտրական կրքերը առանց համապատասխան դեղամիջոցի էլ շիկանում են։ Կուսակցությունները աստիճանաբար բացում են իրենց խաղաքարտերը եւ ախորժակը։

Բոյկոտային տրամադրություններ ունեցողները քարկոծում են ընտրություններն ու ընտրական օրենսգիրքը։ Խորհրդարան սպրդելու ախորժակ ունեցողները հնարավոր եւ անհնարին դաշինքներ են մոգոնում, հայտարարելով, թե հավատում են ազատի, արդարի եւ թափանցիկի կայացմանը։ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը (այսուհետ՝ ՀԱՄԿԿ) կամերային երաժշտության տանը հրավիրել էր իր առաջին (իսկ ընդհանրապես՝ 33-րդ) համագումարը։ 33 թիվը Քրիստոսի տարիքի հետ կապ չունի, այն պարզապես Հայաստանի կոմունիստական կուսակցության՝ 1920-ից մինչեւ մեր օրերը հրավիրված համագումարների քանակն է։

Ո՞վ է նա՝ ՀԱՄԿԿ-ն։ Ըստ կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանի, մեկ տարվա կտրվածքով ներկայացված հաշվետու զեկույցի՝ նա խտացնում է կոմունիստական կուսակցության լավագույն ավանդույթները. «Ոչ ոք չի կարող ասել, թե մենք ենք պառակտել կոմունիստական կուսակցությունը», պարզապես անհամաձայնություն է եղել դեմոկրատական ցենտրալիզմի հարցում՝ առաջադեմները հանել են, մյուս կոմունիստները՝ մտցրել։ Առաջադեմ կոմունիստների շարքում մեծ թիվ են կազմում պրոֆեսորները, դոկտորները, դոկտոր-պրոֆեսորները, կան նույնիսկ թեկնածուներ։ Գրեթե բոլորը մարքսիզմ-լենինիզմի եւ գիտական կոմունիզմի գիտակներ են, պրոֆեսիոնալներ (սա մեր իմացած արհեստավարժը չէ)։ Առաջադեմները բոլորովին հիշաչար չեն, ընդհակառակը, նրանք ձգտում են ՀԿԿ-ի հետ վերամիավորման, սակայն ՀԿԿ-ն առայժմ նման ցանկություն չի դրսեւորել։ Կուսակցությունը 20 տարածքային կազմակերպություն ունի, 7-ը՝ Երեւանում, 13-ը՝ մարզերում։

Նախընտրական փուլում բոլոր կուսակցությունները անզուսպ եւ կրքոտ ցանկություն են դրսեւորում ժողովրդի հետ խոսելու։ Վերոհիշյալ ցանկություն ունի նաեւ ՀԱՄԿԿ-ն։ Վերջինիս առաջնորդ, ԱԺ պատգամավոր Վազգեն Սաֆարյանը համագումարում հայտարարեց, որ իրենք ուզում են «ժողովրդի հետ խոսել նրա լեզվով եւ բարձրացնել ժողովրդի պատասխանատվությունը սեփական ճակատագրի հանդեպ»։

Այդ լեզվով, պարզվում է, կարելի է խոսել միմիայն խորհրդարանում։ Քանի որ «ՀԱՄԿԿ-ն կառուցողական քաղաքական ուժ է», ուրեմն պետք է մասնակցի ընտրություններին՝ ընտրական բլոկ կազմելով սոցիալիստական ուղղություն ունեցող ուժերի հետ։ Բլոկն արդեն անվանակոչված է՝ սոցիալ-կոմունիստական բլոկ։

«Ինչպիսին էլ լինեն ընտրությունները, մենք մասնակցելու ենք ընտրություններին, չմասնակցելը՝ ինքնամեկուսացում է»։

Առաջադեմ կոմունիստները նաեւ լավատես են (այլ բառ պարզապես չօգտագործենք), քանի որ կարծում են, թե 2500 անդամ ունեցող իրենց կուսակցությունը կկարողանա խորհրդարանական առաջիկա ընտրություններում 80-100 հազար ձայն հավաքել։ Եվ երկրորդ՝ քանի որ 12 կուսակցությունների ներկայացուցիչներ պետք է ունենան հնարավորություն ընտրությունների արդյունքներին հետեւելու, ուրեմն՝ արդարն ու ազատն ապահովված է։ Կուսակցության համագումարին ներկա էին բոլոր սոցիալիստական ուժերն ու կուսակցությունները, այդ թվում նաեւ սոցիալ-հնչակյանները։ Ելույթ ունեցողների բառապաշարը հետազոտական էր, «պերճաշուք» բառերի «ճոխագույն» գործածությամբ։ Համագումարը նախագահում էր ակադեմիկոս Գեւորգ Ղարիբջանյանը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031