Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՍ ՍՐՏԻ ՏՈՒԶԸ ՏԵՍՆՈ՞ՒՄ ԵՍ»

Մարտ 26,1999 00:00
gushak

Հանդիպում Նոստրադամուսի թոռնիկների հետ

Ինչպե՞ս են գնում «Նոստրադամուս» գուշակության կենտրոն։ Կարելի է նախապես զանգել եւ հերթագրվել կամ էլ ուղղակի այցելել՝ տեղում կերեւա։

«Նոստրադամուսը» բնակելի շենքի նկուղային հարկում է գտնվում։ Դուռը բացելով՝ հայտնվում ես ոչ շատ մեծ սենյակում, որը միջինից փոքր-ինչ ցածր մակարդակի սրճարան է հիշեցնում։ Դիմավորում են բարյացակամ եւ նստեցնում սեղանի մոտ՝ 15 րոպե սպասելու խնդրանքով։ Մթնոլորտը բավականին հաճելի է՝ երաժշտություն է հնչում, ամենուրեք արհեստական ծաղիկներ, ցուրտ չէ եւ նման կարգի հաստատությանը համապատասխան՝ պատերին խորհրդավոր նշաններ եւ ուրվականներ հիշեցնող կենդանիներ են զետեղված։ Մինչ ընտելանում ես՝ խնդրում են եւս 15 րոպե սպասել։ Ուշադրությունս գրավում է մի փոքր դուռ, որտեղից իրենց ճակատագրին արդեն ծանոթ (ցանկացած տարիքի եւ սեռի) մարդիկ են դուրս գալիս։ Դեմքերի արտահայտությունները խիստ տարբեր են, եւ ինձ թվաց, թե գանձվող գումարը համապատասխանում է այս արտահայտություններին։

Ուրեմն՝ գանձողը նրբազգաց հոգեբան է։ Ի դեպ, վճարում ես ոչ թե հենց «բախտ բացողիդ», այլ այդ նպատակի համար նշանակված վերոհիշյալ հոգեբանին, որը «ինչքա՞ն վճարեմ» հարցին սովորականի պես չի պատասխանում՝ «ինչքան տաս», այլ կոնկրետ գումար է «կրակում»։ Պատի մյուս կողմից մենախոսություն եմ լսում, որն ինձ ծանոթ է թվում. «Դու անկման մեջ ես, քեզ ինչ-որ բան է նեղում, ոնց որ մեկի բացասական էներգիան քեզ ուտի, քեզ նախանձող կա, բայց սրտի տուզը տեսնում ե՞ս, դա նշանակում է, որ կա՛մ երեք ամսից, կա՛մ երեք շաբաթից, կա՛մ երեք օրից, չգիտեմ, ամեն ինչ լավ կլինի»։

40 րոպեն դեռ չլրացած՝ ինձ է մոտենում գուշակուհիներից մեկը (Ռոզան) եւ հրավիրում իրեն հետեւել։ Ամեն ինչ մոռանալով՝ սրտատրոփ գցվեցի նրա հետեւից, բայց մի քանի քայլ անելուց հետո՝ բախվեցի նրա հաղթանդամ մարմնին։ Երբ ցրվեցին աչքերիս առաջ առաջացած երփներանգ աստղերը՝ ինձ ուղղված շշունջ լսեցի. «Չի կարելի, նա (մյուս գուշակուհին) աղոթք է կարդում»։ Ինձ համար այս խավի ներկայացուցիչների եւ եկեղեցու հարաբերությունները միշտ հանելուկ են ներկայացել. չէ՞ որ եկեղեցին չի ընդունում նման բաներ, իսկ գուշակուհիների մեծ մասն ամենայն լրջությամբ հավատացյալ է։

Աղոթքը ավարտվում է, եւ մենք գայթակղող դռնից ներս ենք մտնում։ Ռոզան արագ-արագ մի սենյակ է անցնում եւ ինձ ուրիշ սենյակ հրավիրում։ Երկու սենյակներն էլ սովորական սենյակներ են, պարզապես շատ փոքր։ Այն մյուս սենյակում հասցրեցի մի կին տեսնել, որը գուշակուհու առջեւ իր տոհմածառի ներկայացուցիչների լուսանկարներն էր շարել։ Երեւի «թուղթ ու գիր» կա նրանց վրա, եւ գուշակուհին պետք է ազատի նրանց այդ չարիքից։

Հայտնաբերում եմ, որ շատ բարձր աթոռի վրա եմ նստած։ Սկզբից զարմացա, բայց հետո հասկացա, որ ապագան իմանալու ցանկության առջեւ յուրաքանչյուր խոչընդոտ զվարճություն է դառնում։

Ի՞նչ ասաց Ռոզան։ Նախեւառաջ նա ծանոթացավ իմ ընտանեկան վիճակին, տարիքին, աշխատավայրին, տրամադրությանը՝ որպեսզի թյուրիմացության մեջ չընկնի։ Հետո Ռոզան խաղաթղթերով բախտս է նայում, եւ ես մենախոսություն եմ ունկնդրում, որի կեսից հայտնաբերեցի, որ քիչ առաջ այս պատի մյուս կողմում մոտավորապես այս ամենն արդեն լսել եմ։ Ճիշտն ասած, մենախոսության որոշ մասերում անձնական մտքերով էի տարվում եւ մտածում. «Իսկ ինչո՞ւ ես չեմ ընտրել գուշակուհու մասնագիտությունը։ Շատ ձեռնտու է՝ ամեն հաճախորդից առնվազն 3000 դրամ։ Մի՞թե ես չեմ կարողանա մի քանի համապատասխան արտահայտություն սովորել այս նողկալի մեղսագործների աշխարհից կամ այն, որ յոթը ճանապարհ է նշանակում»։

Սակայն լսեցի, որ ես շատ ուժեղ անձնավորություն եմ։ Այն աստիճանի, որ ի վիճակի եմ իմ եւ մերձավորներիս ճակատագրի վրա ազդեցություն ունենալ։ Լսեցի նաեւ, որ մոտակա ժամանակներս ինչ-որ ծախս պետք է անեմ, որի համար զղջալու եմ (հրաժեշտի պահին հասկացա՝ որ ծախսի մասին էր խոսքը), որ մինչեւ այս տարվա վերջ կամուսնանամ (նա, երեւի, ինձ այդպես մխիթարում էր)։ Ռոզան նայեց ձեռքերիս գծերը եւ ասաց, որ ժառանգական գեներով փոխանցված բժիշկների ձեռքեր ունեմ։

Ասաց, որ մայրիկիս գործերն այդքան էլ լավ չեն, եւ նրան անհրաժեշտ է իր մոտ ուղարկել։ Իմ ձեռքով մի քանի խաղաթուղթ հանելիս (որ հետո չասեմ՝ իր ձեռքով բախտիս քար գցեց) Ռոզան ասաց, որ ճանապարհ եմ ընկնելու՝ Ռուսաստան, հետո՝ ավելի հեռու։ Այստեղ համբերությանս գավաթը լցվեց, եւ ես հասկացա, որ ամփոփվելու պահն է։ Խորաթափանց գուշակուհիս էլ դա զգաց եւ իմանալով, որ հարցեր այլեւս չունեմ՝ ճանապարհեց ինձ։

ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031