ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Լուկինի գործունեության Ղարաբաղին վերաբերող մասի շուրջ «Ազգային անվտանգություն» կուսակցությունը հայտարարություն է արել, որից ներկայացնում ենք հատվածներ:
«1988 թ. ղարաբաղյան հարցի սրումից ի վեր Ռուսաստանում գործել են Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրված մարդիկ, որոնց մեջ կային Հայաստանին բացահայտ թշնամանքով վերաբերվողներ: Հայաստանում, որտեղ վերջին 200 տարիներին վարժվել էին ռուս ականավոր գործիչների բարեկամական վերաբերմունքին, պատրաստ չէին ընկալել այդ մարդկանց ակնհայտ կենդանաբանական ատելությունը: Համապատասխան աշխատանքների կատարումը թույլ տվեց պարզել, որ դրանց մեծ մասը Ադրբեջանի ղեկավարությունից կախվածություն ուներ: Դրանց թվում են Վիկտոր Պոլյանիչկոն, գեներալ Սաֆոնովը, գեներալ Մակաշովը, գեներալ Ռոխլինը, Աման Տուլեեւը, Ալեքսանդր Պրոխանովը:
Վերջին ամիսներին ակնհայտ հակահայկական դիրքում է հայտնվել Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Լուկինը: 1997 թ. նույեմբեր-դեկտեմբերին, երբ ղարաբաղյան հարցը նորից սրվեց, Լուկինը հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնց իմաստը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելն էր: Տեղեկություն կա, որ Լուկինը փորձել է Դումայում հենց այդպիսի դիրքորոշում ձեւավորել: Այն ժամանակ դա կանխվեց պատգամավորներ Իլյուխինի, Ժիրինովսկու, Միտրոֆանովի ջանքերով: Լուկինը փոքրամասնության մեջ հայտնվեց նույնիսկ իր գլխավորած հանձնաժողովում, սակայն նա շարունակում է Հայաստանի դեմ ուղղված իր գործունեությունը:
Օգոստոսի սկզբին Լուկինը այցելեց Բաքու, որտեղ հանդիպեց Հ. Ալիեւի հետ: Նրա արտահայտությունները հանգում էին նրան, որ հարկավոր է հարցը լուծել «երեք քաջ հայտնի սկզբունքների» հիման վրա, որոնք հայտնի են որպես լիսաբոնյան սկզբունքներ: Այսինքն, օգտվելով տարածաշրջանին համարժեք ձեւակերպումներից, Ռուսաստանը ամեն կերպ պետք է ճնշի Հայաստանին ստիպելով հրաժարվել Լեռնային Ղարաբաղից, ինչը կհանգեցնի այդ շրջանից հայերի կտրուկ արտահոսքի:
Կարդացեք նաև
Ուշադրության է արժանի այն վարկածը, որ այս իրավիճակում, երբ Մոսկվայում ադրբեջանական լոբբիի ստեղծումը բարդություններ ունի, Հ. Ալիեւը ընտրել է ճոճանակային լոբբիի տարբերակը: Այսինքն, մի դեպքում Ադրբեջանի շահերը պաշտպանում են հայրենասերի համբավ ունեցող ձախերը, մյուս դեպքում՝ արեւմտամետները: Այս վարկածն ընդունելու դեպքում Լուկինի տեղը ադրբեջանական քաղաքականության մեջ ակնհայտ է: Հաշվի առնելով «Յաբլոկո» կուսակցության հեղինակության չափը Լուկինը մոտ ապագայում մնալու է գործող քաղաքական ֆիգուր: Այդ իսկ պատճառով նրա գործունեությունը պետք է գտնվի Հայաստանի եւ ԼՂՀ պետական ատյանների ուշադրության կենտրոնում:
Արժե նաեւ նշել, որ ցավոք, Հայաստանի առանձին կուսակցություններ եւ քաղաքական գործիչներ Լուկինի եւ «Յաբլոկո» կուսակցության հետ պահպանում են ընկերական հարաբերություններ»: