Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրատարածքներում իրենց թեկնածություններն են պատրաստվում դնել լրագրողներ Նարինե Դիլբարյանը («Ազգ»), Նարինե Մկրտչյանը (Մամուլի ազգային ակումբ), Գեւորգ Հարությունյանը («Երկիր»), Ալեքսանդր Իսքանդարյանը (TV L Radio), ինչպես նաեւ արդեն որպես քաղաքական գործիչներ հայտնի Հայկ Բաբուխանյանը (ԱԻՄ), Սերգո Երիցյանը եւ Արթուր Բաղդասարյանը («Օրինաց երկիր»)։ Ընդհանուր առմամբ դեմ լինելով քաղաքականացված լրագրությանը, «Առավոտը» այնուամենայնիվ, գործընկերներին բարի երթ է ցանկանում։
ՎԱՏ ԼՈՒՐ
Արտաշատից-Երեւան մեկուսարան տեղափոխվելու ճանապարհին (Արարատի 1-ին ատյանի դատաքննությունից հետո) ոստիկանության հանցավոր գործողությունների արդյունքում փախուստի է դիմել Վարուժան Դադայանը, նույն ինքը՝ Արեշի Պելեն։
Երեւանի դատախազ Ա. Թամազյանը երեկ հաստատեց այս լուրը, ասելով, որ «նրան տարել են մի տեղ, որտեղ չպետք է տանեին, մի վայր, որտեղ տանելու իրավունք չունեին, իջեցրել են… եւ օգտվելով նշված հանգամանքից վերջինս դիմել է փախուստի» (մեր տեղեկություններով «մի տեղը» ժողովրդական լեզվով կոչվում է «վետերոկ»)։ Պելեն դեռ չի հայտնաբերվել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։