ԳիԱրՔՄի-ի բոլոր դժբախտությունների հիմնական պատճառները երկուսն են՝ ֆինանսական սուղ միջոցներ («անգամ մի քանի հարյուր դոլար չունենք»- Աղասի Արշակյան) եւ կոմունալ անհարմար պայմաններ («4 վարչապետի եւ 4 քաղաքապետի ենք դիմել, որ տարածք ստանանք, բայց…»- Ա. Ա.)։
Ընդ որում կուսակցության ղեկավար Ալեքսանդր Աղամալյանը համոզված է, որ իրենց տարածք կտրամադրեին, եթե ԳիԱրՔՄի-ն պակաս քննադատեր իշխանություններին։ Բյուջեից էլ կուսակցությունն ակնկալիք չունի, քանի որ պետական գանձարանից փող ստանում են դրա կարիքն ամենաքիչ ունեցող կուսակցությունները։ Օրինակ՝ տեռորիստական ՀՀՇ-ն։
Աղասի Արշակյանը առաջիկա ընտրությունները որակեց որպես «փողակռիվ», որի մեջ իրենք չեն ուզում (ասենք, չեն էլ կարող) մտնել։ Ուրիշների 50 եւ ավել հազարավոր դոլարների համեմատ իրենց մի քանի հարյուրը (դոլար) ոչինչ չի կարող անել։ Այնպես որ՝ համամասնական ցուցակներն ՏՑտՈՊՈ254Ց։ Փոխարենը՝ ԳիԱրՔՄի-ի 3-4 անդամներ, պրն Արշակյանի գլխավորությամբ, կմասնակցեն մեծամասնական սկզբունքով։ Նրանց այդ գործում կօգնեն ինտելեկտը, ազնիվ կենսագրությունը։ Սակայն, եթե ճակատագիրն անազնիվ գտնվի, եւ, ասենք, պրն Արշակյանը չընտրվի, ապա կհասկանա, «որ ժողովրդի փրկության գործում անելիք չունեմ» եւ կգնա աշխատելու իր ընտանիքի փրկության վրա։
ՍԻՄ-«Ազգային միաբանություն» բլոկին, ըստ պրն Աղամալյանի, իրենց չհաջողվեց միանալ դարձյալ փող չունենալու պատճառով։ Սակայն հույս հայտնեց, որ ԳիԱրՔՄի որոշ ներկայացուցիչներ ամեն դեպքում կհայտնվեն այլ կուսակցությունների համամասնական ցուցակներում։ Այն կարծիքը, որ վերոնշյալ բլոկի մեջ ԳիԱրՔՄի-ին թույլ չի տվել մտնել Սամվել Բաբայանը, պրն Աղամալյանը մի քիչ շփոթված հերքեց ու խնդրեց, որ կողմնակի անուններ չտրվեն։
Կարդացեք նաև
ԳիԱրՔՄի-ն ողջունեց ԱԺ-ի որոշումը՝ էլեկտրաէներգիայի սակագները սառեցնելու վերաբերյալ, սակայն «ցավեց», որ «դա անողները դրա բարոյական իրավունքը չունեին»։
Իսկ ժողովրդի սիրտը շահող 89 խաղաքարտերից 4-ի հեղինակային իրավունքը ԳիԱրՔՄի-ինն է։ Օրինակ՝ «քաղաքացիական ավիացիայի հետ կապված մեր ավանդը», Ռուսաստան-Բելառուս-Հայաստան նախաձեռնության շրջանակներում միլիոնից ավել ստորագրահավաքը, «Վանոյից տուժած» քաղաքացիների գրասենյակը։ Էլեկտրաէներգիայի սակագների շուրջ «Արշակն ու Եգորյանը աղմուկ են անում, բայց այդ հաշվարկները մենք ենք արել»։ Ընդ որում, մինչեւ օրս կառավարությունը որեւէ հակափաստարկ այս կապակցությամբ ԳիԱրՔՄի-ին չի ներկայացրել։ Պրն Արշակյանը չմոռացավ նշել, որ ինքը չի կասկածում նախագահ Քոչարյանի անկեղծությանը, որ իրենք «գործող նախագահին պաշտպանած միակ կազմակերպությունն ենք, որ նրա առաջ ինը պայման ենք դրել» եւ այս ոգով եւս մի քանի մտքեր։
Իսկ ընտրություններին կեղծիքներ պրն Արշակյանը գիտե, թե ով իրեն թույլ կտա՝ «Հանրապետաերկրապահական տոնավաճառային խմբավորումը», որի ձեռքն արդեն վարժված է գողության (լավ իմաստով)։ Ներկայացնելով կեղծիքների մեխանիզմն իր բոլոր մանրամասներով՝ պրն Արշակյանը, որը նաեւ բոլորիս խոնարհ ծառան է (ինքն ասաց), ներկայացրեց, որ ԳիԱրՔՄի-ի անդամ Ռաֆայել Ղազարյանը չի մասնակցի ընտրություններին։ Սակայն ակադեմիկոսը կոնսուլտացիաներ անելուց չի հրաժարվել։ Չենք կասկածում։ Նա կարող է նաեւ հանգիստ հեռուստաելույթ ունենալ։
Լ. Ա.
Հ. Գ. ԳիԱրՔՄի-ի նախագահ Աղասի Արշակյանը մեծամասնական ցուցակով չի առաջադրվելու, քանի որ նույն ընտրատարածքում առաջադրվելու է նաեւ ՍԻՄ-ի ներկայացուցիչը։