Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ՝ ԵԼԵԼ Է ՇԱԼԱԿՆ ԱՇԽԱՐՀԻ

Մարտ 26,1999 00:00
ashxarh

Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի օդուժի ռազմական գործողությունները դարձյալ ստիպեցին քաղաքագետներին արդեն բարձրաձայն խոսել ԱՄՆ կառավարության եւ նրա հեռահար նպատակների մասին։ Աշխարհի բոլոր երկրների ամերիկյան դեսպանատների վրա ջարդվեցին հազարավոր ձվեր եւ թանաքամաններ։ Բայց դա ամենեւին չխանգարեց ԱՄՆ պետքարտուղար տիկին Օլբրայթին՝ աչքերը չռած եւ սարսափազդու հայացքով հայտարարել ռազմական նոր եւ ավելի ուժգին հարվածների մասին։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն էլ արդեն ենթադրում էին, որ բետոնե իրենց ծաղկանոցների մոտ հավաքվածներն էլ դեսպանի «ճակատը պաչելու» չէին եկել։ Ու առավոտից ՆԳ եւ ԱԱ նախարարության ներքին զորքերը՝ Հովհաննես Վարյանի գլխավորությամբ, շրջապատել էին դեսպանատունը։ Շենքի դուռ-լուսամուտը պինդ փակված էր, շունչ չէր երեւում։

Միայն Հայաստանի կոմկուսն ու հայաստանցի քրդերն էին հավաքվել դեսպանատան մոտ։ Դեսպանատան վրա ձվեր, բնականաբար, չնետվեցին. այսօր ոչ մի հայ իրեն չէր կարող թույլ տալ «գյոզալական» ձվերը փչացնել (այսպես ասաց տարեց մի կոմունիստ)։ Հասկանալի պատճառներով չնետվեցին նաեւ սննդամթերքի այլ տեսակներ։ Բայց ցուցապաստառները, իրոք, որ «գյոզալական» էին՝ «Трусливые янки-руки прочь от Югославии», «Клинтон бандит», «Германия не забывает уроков Сталина и Тимо» եւ «Մենք ձեզ հետ ենք, սերբե՛ր»։

Ամերիկացիներին ոչ կոչերն էին հուզում, ոչ անհարգալից պաստառները

Նրանց հետաքրքրում էր հայերի այն մասը, որոնք «դավին՝ անտեղյակ, ցավին՝ անտարբեր» խմբված էին դեսպանատան դռան առաջ։ Ու վախը սրտներում սպասում էին՝ ԱՄՆ-ի պես դրախտ երկիրը կցանկանա՞ իրենց ապաստան տալ, թե՞ ոչ։

Հարցազրույցներ տալուց հետո մեր խաղաղ ցուցարարները բռնեցին Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանատների ճամփաները։ Նրանք մոտ 50 հոգով էին (չհաշված լրագրողներիս)։

Քիչ էին, բայց հայ էին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ էլ ցուցարարների նույն (եւ փոքրաթիվ) կազմն էր։ Ցուցապաստառներից միայն մեկն էր «ֆրանսիական թեմաներով»՝ «клинтон=Гитлер, Ширак=Петен?»: Ինչպես այլ դեսպանատների առջեւ, այստեղ էլ ՆԳ եւ ԱԱ նախարարության զինվորները պաշտպանում էին ֆրանսիացիների անդորրը։

«Առավոտը» ճշտեց, որ, ճիշտ է, պրն Լեգրան «չի հանդիպել» ցուցարարների հետ, բայց անկեղծորեն զարմացել է նրանց փոքրաթվությունից։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից ստացանք Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունը, որ հիմնավորում է ռազմական գործողություններին Ֆրանսիայի մասնակցության անխուսափելիությունը։

Հաղորդագրությունն ասում է, թե «Բելգրադի իշխանությունները հրաժարվել են պատասխանել միջազգային հանրության խնդրանքին՝ Կոսովոյում հարձակումը դադարեցնելու եւ Ռամբույեի պայմանագրին միանալու վերաբերյալ։

Համառորեն պաշտպանելով իր դիրքորոշումը՝ նրան ուղղված բազմաթիվ դեմարշներից հետո, նախագահ Միլոշեւիչը կրում է այդ մերժմանը հաջորդած հետեւանքների ողջ պատասխանատվությունը, ինչի համար նա բավարար չափով զգուշացված է եղել»։ Ապա նշվում է, որ ինչպես Եվրամիության եւ Ատլանտյան դաշինքի կոնտակտային խմբի իր գործընկերները, Ֆրանսիայի կառավարությունը եւս համոզված է, որ Կոսովոյի ճգնաժամի լուծման միակ ճանապարհը Ռամբույեի համաձայնագիրն է։ Նույն փաստարկները բերում է նաեւ քեռի Սեմը՝ հաստ սիգարը սպիտակ ատամների արանքում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ.Գ. Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ դեպքերն առանձնապես չզարգացան, ուստի դրանց չենք անդրադառնա։ Վերջում ցուցարարները ի նշան համերաշխության շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031