Վիճում, վիճում, բայց գլուխները չեն կորցնում
Մարտի 24-ին «Հայլուրի» հաղորդավարը կարդաց «Սնարքի» լրատվությունը, ըստ որի ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի եւ վարչության անդամ Դավիթ Վարդանյանի միջեւ հակասություններ կան։ Վերջինս մասնավորապես համաձայն չէ ԱԺՄ կուսակցական ցուցակում որոշված հաջորդականության հետ։ Այս տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք Դավիթ Վարդանյանին։
– Բացարձա՛կ սուտ է։ Վեճեր միշտ լինում են տարբեր հարցերի շուրջ, բայց այս խնդրի վերաբերյալ ընդհանրապես չի եղել։ Իհարկե, ցուցակի շուրջ վեճեր եղել են, բայց ոչ այդ հարցով, թե երկրորդն ով կլինի։ Քվեարկել ենք՝ անցել-գնացել է։
– Իսկ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Ձեր եւ Վազգեն Մանուկյանի միջեւ հակասությունները խորացած լինելու վերաբերյալ պնդումները։
Կարդացեք նաև
– Հույսով աչքերիս եք նայում, որ մի «այո» ասեմ՝ էլի՞ հարց տաք։ Չէ, պիտի հուսախաբ անեմ։ Այո, վեճեր կան, բայց ոչ իմ ու Վազգեն Մանուկյանի միջեւ, այլ ընդհանրապես։ Բայց դրանք վեճեր չեն, այլ նորմալ քննարկումներ։ Սա կոնֆլիկտ չէ, որ սպառնում է ԱԺՄ-ին։ Իհարկե, տարբեր քննարկումներ են լինում, թե ինչպես կազմակերպենք ընտրությունները, ինչ մարտավարություն ընտրենք եւ այլն։ Այս ամենը բնական եմ համարում եւ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Վեճ կա, ասենք, իմ ու Սադոյանի միջեւ, նրա վարքագծի վերաբերյալ։ Մի՛շտ։
– Չե՞ք վախենում Սադոյանի հետ վիճել։
– Չէ, ի՞նչ կա վախենալու։ Նրան բոլորս էլ սիրում ենք։ Հայ ժողովուրդը սիրում է Սադոյանին՝ մենք էլ հայ ենք, ու մեր վրա էլ է տարածվում այդ զգացումը։ Վեճ կա նաեւ իմ ու Շավարշ Քոչարյանի միջեւ, Շավարշի եւ, ասենք, էլի Արշակի միջեւ։ Վիճում ենք՝ այսինչ բանն այսպե՞ս պիտի ասվեր, թե՞ այնպես։ Ասուլիսը հաջո՞ղ անցավ, թե՞ անհաջող եւ այլն։ Եռանդուն ժամանակներ են, բա ի՞նչ էիք ուզում։ Դիրիժոր չկա՝ մեզ մոտ բոլորը մենակատարներ են, բայց նորմալ երաժշտություն է ստացվում։ (Ավելի ուշ լուսաբանական հարցումով դիմեցի մեր երաժշտագետ խմբագրին, թե արդյոք վերոնշյալ պայմանների դեպքում կարգին մեղեդի կհնչի։ Արամ Աբրահամյանի փորձագիտական պատասխանը բացասական էր. «Նվագախումբը նորմալ է կատարում երաժշտությունը, եթե ընդգրկված են նաեւ նվագախմբային կատարման հատուկ հմտություններ ունեցող երաժիշտներ։ Իսկ մենակատարներն այդպիսիք չեն»։ Մի խոսքով, ԱԺՄ-ում, ինչպես հայտնի երգում. «48 դիրիժորներ եւ մի ալեհեր ջութակահար»- Ա. Ի.)։
– Ի դեպ, որոշե՞լ եք, թե ո՞ր ընտրատարածքում եք առաջադրվելու պատգամավոր։
– Որոշակի ծրագրեր ունեմ, բայց թույլ տվեք ձեզ չհայտնել։ Էլի ծրագրեր ունեմ, որոնց մասին էլ չեմ ասի։ («Քրեական օրենսգրքի իմանալ- չհայտնելու մասին հոդվածը լացում է քեզ համար»,- այս դեպքում կասեր Արտաշես Գեղամյանը.- Ա. Ի.)։ Իսկապես դեռ հստակ չեմ որոշել։ Եթե որոշած լինեի՝ թաքցնելու բան չունեմ։
Հարցազրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Հ.Գ. Ի դեպ, պրն Վարդանյանը նաեւ կտրուկ հերքեց մամուլում հրապարակված այն լուրերը, թե ինքն իր մրցակիցներից մեկին առաջարկել է հանել թեկնածությունը։ Բացատրությունը երեւի պարզ է. եթե դեռ վերջնականապես իր ընտրատարածքը չի որոշել՝ մնացածի մասին խոսելն իսկ ավելորդ է։