ԱԺ մի քանի պատգամավորներ «Առավոտին» փոխանցեցին նույն տեղեկությունը, որ Սամվել Շահինյանի «Ազգային պետություն» կուսակցության հովանավորն այս ընտրություններում նույնպես ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն է։ Կուսակցությունն այժմ ոչ միայն իր «Շրջան» պաշտոնաթերթն է վերահրատարակելու, այլեւ 2 ավտոմեքենա է ձեռք բերել։
ԿԿՎԻ ՁԱԳԵՐԻ ՊԵՍ-2
Այս ընտրությունների երկրորդ անակնկալը «Հզոր հայրենիք» կուսակցությունն է, որն անհայտությունից հառնելով, զարմացրեց իր մեծաքանակությամբ։ Լավատեղյակները սա պայմանավորում են այս կազմակերպության մեջ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար Հովիկ Հունանյանի առկայությամբ։ Ընդ որում, գրեթե անհավանական է դիտվում, որ սույն կուսակցական գործունեությունը վերադասն արտոնած չլիներ։
ԹԵԺ ԳԱՐՈՒՆ
Կարդացեք նաև
Ըստ ամենայնի, մարտի 29-ին, ժամը 18-ին, արտահերթ նիստ կանցկացվի էլեկտրաէներգիայի սակագների սառեցման վերաբերյալ օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար։ Նախաձեռնողները երեկ ոչ միայն պատգամավորների անհրաժեշտ քանակի ստորագրությունները հավաքեցին, այլեւ պայմանավորվեցին այդ օրը նույնպես ԱԺ շենքի մոտ մարդկանց հավաքելու վերաբերյալ։
ԵՍ ԳԼԽԱՎՈՐԵԼ ԵՄ, ԵՍ ԷԼ ԿՎԵՐԱՑՆԵՄ
Գորիսի քաղաքապետ Սուրեն Խաչատրյանը (Լիցկա) Սյունիք մեկնած լրագրողներին հայտարարել էր, թե իրենց մոտ ՀՀՇ-ն վերացել է։ Մինչդեռ իրազեկները վկայում են, որ մի քանի տարի առաջ ինքը՝ Լիցկան էր գլխավորում տեղի ՀՀՇ-ն։
ԱԳՐԵՍՈՐԻ ՀԵՏ ՀԱՑ ՉԵՆ ՈՒՏՈՒՄ
Շնորհակալություն հայտնելով Հայաստանում Գերմանիայի դեսպանատան բացման արարողության հրավերի կապակցությամբ՝ Սոցիալիստական միության նախագահ Աշոտ Մանուչարյանը մերժեց հրավերը՝ բացատրելով, որ չի կարող ներկա լինել ագրեսիա իրականացնող երկրի դեսպանատանը։