Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունները վարակված են սպիդով»

Մարտ 25,1999 00:00
Samvel Shahinyan

ԵՊՀ-ի Չարենցյան սրահում մարտի 24-ին տեղի ունեցավ «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանի հանդիպումը ուսանողության հետ։

Մինչ կուսակցության նախագահի պարտականությունները ստանձնելը, նա եղել է առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծողը, ինչպես նաեւ 1990-95 թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ Ս. Շահինյանն այս հանդիպումը համարեց դասախոսություն եւ ի լուր ամենքի հայտարարեց թեման՝ «Ազգային պետությունը որպես գերխնդիր»։ Կուսակցական գործիչը մտավախություն հայտնեց այն առումով, որ լեզվի ամենափոքր սայթաքումը կգրանցվի ուսանողների կողմից, եւ դա ճակատագրական կլինի։ Անդրադառնալով երիտասարդությանը վերաբերող կարեւոր խնդիրներին՝ նշեց, որ ուսանողական շարժումները աշխարհի պետություններում բերել են նրա հիմնադրույթների հիմնային փոփոխման։ Կարեւորելով հայ ուսանողության դերը, շեշտեց, որ մտավոր պոտենցիալով եւ կարողությամբ նրանք ավելին են, քան այժմվա պատգամավորները։

Սամվել Շահինյանն ինքն իրենց հարց տվեց, թե մեր արմատները որտեղի՞ց են գալիս եւ ո՞ւր են գնում, եւ հիմնավոր պատասխան տվեց. «Մենք այն ազգն ենք, որ քրիստոնեություն ընդունեցինք եւ ունեցանք պետություն՝ թեկուզ գերեվարված»։ Ս. Շահինյանը հարկ համարեց անդրադառնալ նաեւ ներկա ծանր իրավիճակին եւ ընտրություններին։

«Այսօր Հայաստանում ստեղծված է այնպիսի բարդ իրավիճակ, որ սրանից ավելի ավելի վատ լինել չի կարող։ Մի բան հաստատ է ու հստակ՝ ՀՀ իշխանությունները, տեսական հասկացությամբ, սպիդով են վարակված»,- նշեց նա։ Ընտրությունների թեման էլ մեծ տեղ էր զբաղեցրել դասախոսությունում։ Ըստ նրա, բոլոր կուսակցությունները կպնդեն, որ փրկարար միսիան են, եւ գալով իշխանության, կփրկեն ազգը։ Բայց այդպես չէ։

«Այս ընտրություններին պարտավոր ենք մասնակցել այնպես, որ «կեղծիք» պիտակը մեր վրայից վերանա, թե չէ կկործանվենք»,- նշեց նա։ Այնուհետեւ կոչ արեց ուսանողությանը ակտիվորեն մասնակցել մայիսի 30-ի ԱԺ պատգամավորական ընտրություններին, իսկ եթե հանկարծ այս անգամ էլ կեղծիքներ լինեն, խորհուրդ տվեց ուսանողությանը չհիասթափվել, քանի որ 5 տարի հետո գալու է այս սերնդի եւ նախորդ սերնդի պարտքերը տալու ժամանակը։ Այն հարցին թե «Ազգային պետություն» կուսակցությունը ընտրական ո՞ր համակարգով է մասնակցելու ընտրություններին, պատասխանեց. «Մեր կուսակցությունը դեռեւս վեց ամիս առաջ որոշել էր համամասնական ցուցակներով պայքարել, որովհետեւ այլ ճանապարհ չկա։ բայց ողբերգական դեպքերի (հավանաբար նկատի ուներ իր կուսակից ընկերների մահը -Ա.Լ.) հետեւանքով մենք կորցրինք միության կազմակերպական ուժը։ Մենք պատրաստ ենք հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը»։

Ուսանողների հյուրը դասախոսության վերջում հիշողություններ պատմեց առաջին երկրապահական ջոկատների ստեղծման մասին եւ շեշտեց, որ իր համար սուրբ են այդ հիշողությունները։ Անդրադառնալով այսօրվա երկրապահներին՝ խնդրեց ուսանողությանն իրեն չշփոթել այժմյան երկրապահների հետ եւ նշեց. «Ես նրանց հետ ոչ մի սեռական կապ չունեմ»։

ԱՐԹՈՒՐ ԼԱՎՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031