Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գրում եմ՝ չգիտեմ ում

Մարտ 25,1999 00:00
namak

4 ամիս է՝ բողոքում ենք ու գրում՝ է՛լ առողջապահության նախարարություն (2 անգամ), է՛լ վարչապետին (3 անգամ), է՛լ նախագահին, է՛լ Ա.Բաղդասարյանին (2-ական անգամ), է՛լ Պ. Հայրիկյանին (քանի որ մարզպետը շատ սեղմեց մեր իրավունքների շրջանակը), է՛լ Ազգային ժողով… Ձայն բարբառո հանապատի… Եվ, վերջապես, եթե քո ընտրած պատգամավորը քեզ չի ուզում լսել, ինչի մասին է խոսքը…

1988 թ. դեկտեմբերի 7-ին Վանաձորի թիվ 3 համաբուժարանը դարձավ վթարային։ Հետեւյալ 9 տարիների ընթացքում աշխատեցինք տնակներում, որի պայմանները անասելի վատ էին։ 1998 թ. նոյեմբեր ամսին համաբուժարանում տարածվեցին լուրեր, թե այն ուզում են վերապրոֆիլավորել (քանդել եւ նորից հարմարեցնել թիվ 15 դպրոցի համար)։ Հավատա՞նք, արդյոք, որ թիվ 15 դպրոցը աղետից հետո 11 տարի դուրս է մնացել կառավարության ուշադրությունից, իհարկե՝ ոչ, բազմաթիվ գումարներ են տրամադրվել, սակայն…։ Դիմում-բողոքով դիմեցինք Լոռու մարզպետ պրն Քոչինյանին։ Ըստ նրա՝ ինքն է միանձնյա տնօրինում նման հարցերը եւ 400 դպրոցականի համար մտահոգված է ավելի, քան 1500 առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամների համար։ Եվ գիտե՞ք ինչն է վիրավորական. դեկտեմբերի 18-ին առողջապահության նախարար պրն Նիկողոսյանը նամակը ձեռքին եկավ Վանաձոր, չայցելեց համաբուժարան, հարցուպատասխան չձեռնարկեց կոլեկտիվի հետ, ինչպես դա արեց պրն Երնջակյանը իր աշխատողների հետ…

Երբ մենք հարց բարձրացրինք, որ շենքը, ուր ուզում են մեզ տեղափոխել, երկրաշարժից հետո վթարային է դարձել, պահանջեցինք սեյսմիկ վիճակի մասին փաստաթուղթ (քանի որ դեռ թարմ է երկրաշարժի սարսափը), սանիտարա-համաճարակային եզրակացություն, պատասխանեցին, որ պարտավոր չեն մեզ ցույց տալ դրանք։ Արտահայտեցինք մեր անհանգստությունը, որ շենքի դիրքը խիստ անհարմար է հիվանդ ազգաբնակչության հաճախումների համար, իսկ մարզպետը դրան հեգնանքով պատասխանեց։

Վանաձորի մարզպետարանից եկած պաշտոնյա այրերը մեզ սպառնում են, որ ազգաբնակչության հաշվառման սխալ տվյալներ ենք ներկայացրել, «Դիմաց» թաղամասում ոչ թե 33, այլ 25 հազար մեծահասակ կա, առանց նկատելու, որ հակասություն է առաջանում ի վնաս իրենց որոշման։

Առողջ տրամաբանությամբ, նման դեպքում մեկ դպրոցի 400 երեխաներին կարելի է բաժանել կից 3 դպրոցների միջեւ, ոչ թե վերակառուցված համաբուժարանը քանդել եւ նորից սարքել՝ անխնա վատնելով պետական բյուջեն…

Իսկ մեր պատգամավորները մի քանի հաշմանդամի անվճար սայլակ տալով՝ ուզում են գթասիրտ ձեւանալ, հազարավոր հաշմանդամների եւ խրոնիկ հիվանդների համաբուժարան հաճախելը դարձնելով անհնար (ի դեպ, առողջ մարդը այդ համաբուժարանը գնալու ժամանակ մի քանի տեղ պետք է կանգնի, հանգստանա, նորից ճամփան շարունակի…)։

Մենք բողոքում ենք, սակայն օրը մի պաշտոնյա գալիս է սպառնում, մատ թափ տալիս եւ գնում՝ առանց հիմնավոր փաստաթղթի։

Թիվ 3 համաբուժարանի կոլեկտիվ (53 ստորագրություն)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031