Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՁԵՎԵՐԸ

Մարտ 25,1999 00:00
hivand

Առողջապահության յուրաքանչյուր նոր նախարար, նշանակման հաջորդ իսկ օրը առաջ է քաշում Հայաստանի առողջապահությանը հարություն տալու իր ծրագիրը։ Նոր նախարարը եւս հայտարարեց հանրային առողջապահության ազատականացման, հիվանդանոցայինի համեմատությամբ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության գերակայության մասին։ Սակայն։

Թմրամոլության դեմ ծավալված դոնկիխոտյան պայքարը վերածվել է թմրամոլների, հոգեհիվանդների, բժիշկների, դեղագործների դեմ ծավալված եկամտաբեր պայքարի։

Արդյունքում թմրամոլները խուսափում են բուժվելուց, հոգեհիվանդները ի վիճակի չեն բուժվել, բժիշկները թողնում են հոգեբույժի մասնագիտությունը, դեղագործները հրաժարվում են հոգեմետ դեղեր ներկրելուց եւ վաճառելուց։

Արդյունքում շատանում են թմրամոլները, ծանրանում են հոգեկան հիվանդությունները, պակասում են դեղերը, բարձրանում են դրանց գներն ու իրավապահ մարմինների ուռկանն ընկած «մեղավորների» փրկագները։ Շուրջ տասը տարի հանրապետությունում գործում է շուկայական հարաբերություններին համահունչ պաշտոնապես հայտարարված «բժշկի ազատ ընտրություն» սկզբունքը, ինչը նշանակում է, թե ցանկացած հիվանդ կարող է բուժվել իր նախընտրած բժշկի մոտ։

Միաժամանակ։ Մայրաքաղաքի շուրջ 25 ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհիմնարկներից ընդամենը 8-ում կան բժիշկ-փսիխոթերապեւտներ եւ, հասկանալի է, որ մյուս պոլիկլինիկաների կողմից սպասարկվող տարածքների բնակիչները պիտի բուժվեն այս 8 մասնագետներից որեւէ մեկի մոտ։ Այստեղ, իհարկե, հիվանդը հաշվի է առնում բժշկի անձը, մասնագիտական հմտությունները, համբավը, հիվանդի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը, բուժման արդյունավետությունը, եւ այլն։ Իսկ բժշկի համար որքան էլ ցավալի, այնուամենայնիվ, միշտ էլ հաճելի է կաբինետի մոտ խմբված հաճախորդների բազմությունը։ Չէ՞ որ նաեւ դա է նրա աշխատանքի գնահատականը։

Վերջերս պարզվեց, որ այլեւս չի կարելի հոգեմետ դեղերի դեղատոմս գրել մայրաքաղաքի այլ համայնքներից, մարզերից, Արցախից եւ արտերկրից եկած մեր հայրենակիցների համար, քանի որ այդ իրավունքից օգտվել կարող են միայն տվյալ պոլիկլինիկայի սպասարկման տարածքի բնակիչները։

Չէ, բժշկին բարեհոգաբար չեն զրկել մարդ բուժելու իրավունքից։ Թույլատրում են հիվանդին ընդունել, հետազոտել, ախտորոշել, բուժել, բայց ոչ երբեք դեղատոմս գրել։ Այդ «անչափ պատասխանատու» գործը պարտավոր է անել միայն տարածքային պոլիկլինիկայի բժիշկը։ Հենց այստեղ էլ սկսվում է քաշքշուկը։ Թերապեւտը սարսափով մերժում է հոգեմետ դեղի դեղատոմս գրելու մասին հիվանդի խնդրանքը, իսկ նյարդաբույժը արդարացիորեն պատասխանում է. «Ես այդ վտանգավոր պատասխանատվությունը չեմ կարող ստանձնել։ Բժշկական էթիկան պահանջում է, որ ով բուժում է հիվանդին, նա էլ գրում է դեղատոմսը եւ դեղերն ընդունելու կարգը»։

Պոլիկլինիկա-դեղատուն- պոլիկլինիկա երթուղով վազվզելուց հոգնած ու բժիշկներից վերջնականապես հիասթափված հիվանդը վերջապես կա՛մ հրաժարվում է բուժվելու մտքից, կամ դիմում է ոչ դեղորայքային «մեթոդներով» աշխատող հոգեբանների, էքստրասենսների, գրբացների, «սրբերի» եւ այլն։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հոգեբույժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031