Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԶԱՅՐԱՑՐԵՔ ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻՆ.

Մարտ 25,1999 00:00

ՄԻ ԶԱՅՐԱՑՐԵՔ ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻՆ. ՆՐԱՆՔ ՇԱՏ ԵՆ, ԲՅՈՒՐ՝ ՄՈՏ 25 ՀԱԶԱՐ Ամեն դեպքում հենց այս թիվը հենց իրենք էներգետիկներն են հրապարակել։ Մարտի 22-ին նրանք համակարգի արհմիութենական կազմակերպությունների ժողով են հրավիրել։ Հրավիրել են ու հայտարարել իրենց թիվը։ Ցավոք, միայն դրանով չեն սահմանափակվել։ Նրանք նախ համոզված են, որ բոլորս անխտիր պարտավոր ենք հիշել իրենց «նվիրական աշխատանքը»։ Ճիշտն ասած, 92-96 թթ. Հայաստանում ապրած ցանկացած մարդ ամենամեծ ցանկության դեպքում էլ ի վիճակի չի լինի մոռանալ այդ աշխատանքը։ Քանի որ չեն կարող մոռանալ, հետեւաբար՝ հիշում են։ Բայց հիշում են բոլորովին այլ խոսքերով։ Երեւի հենց սա է պատճառը, որ ժողովն արձանագրել է. «Մենք մեր զայրույթն ենք հայտնում զանգվածային լրատվության միջոցներով համակարգի բոլոր աշխատողների նկատմամբ շարունակաբար տարածվող լուտանքների, վիրավորանքների ու վարկաբեկիչ հոդվածների համար»։ Բողոք հայտնելուց հետո (գուցե եւ այդ փաստից ոգեւորված) նրանք, նաեւ արձանագրում են, որ էներգետիկ համակարգում «ընդգրկված են ոչ թե միայն «լույսի եւ գազի մարդ» կոչվող անձինք, այլ նաեւ տնտեսական ու փորձնական գիտելիքներով օժտված վաստակաշատ գիտնականներ, նախագծող, կառուցող ու բազմապրոֆիլ…» այլեւայլ մասնագետներ։ Չգիտես ինչու էներգետիկներին թվում է, թե սույն փաստը հասարակությանն ու մամուլին հայտնի չէ։ Բայց նույն մամուլն ինքն է արձանագրել, որ 90-ականներին էներգետիկ համակարգում կատարված կառուցվածքային բարեփոխումները չեն բխում համակարգի շահերից։ Նախ, համակարգը տրոհվել է երեք մասի՝ արտադրողների, տեղափոխողների եւ բաշխողների։ Էներգակայաններն իրենց արտադրած հոսանքը փոխանցում են «Հայէներգո» պետական ձեռնարկությանը։ Սույն հիմնարկությունը տեղափոխում է հոսանքը։ Ճանապարհին, բնականաբար, բավական մեծ կորուստներ ապահովելով։ Հետո էլեկտրաէներգիա տրվում է բաշխիչ կայաններին։ Հենց նրանք է, որ հոսանքը հասցնում են սպառողին։ Հենց այս հատվածն է, որ «կարողանում է» ավելի մեծ չափով հոսանք կորցնել։ Հետո սպառողները վճարում են օգտագործված հոսանքի դիմաց։ Ու այս պահից կորուստները հավասարաչափ բաշխվում են բոլոր՝ երեք ճյուղերի վրա։ Արտադրողները չգիտես ինչու ֆինանսական պատասխանատվություն են կրում տեղափոխողների ու բաշխողների «կորցրած» հոսանքի դիմաց։ Զուտ այս պատճառով որեւէ ջերմաէլեկտրակայան ի վիճակի չէ ինքնուրույն վճարել օգտագործած վառելիքի դիմաց։ ՋԷԿ-երը դարձել են վարձու տնտեսություններ՝ «Հայէներգո» ՊՁ-ն կամ մեկ այլ հարուստ կազմակերպություն վառելիք է գնում ու նրանց տալիս։ Այս ու այլ խնդիրների մասին խոսող մամուլի համար էներգետիկների «ստվար բանակը» երբեք մի դեմքով՝ առավել եւս «լույսի մարդու» դեմքով հանդես չի գալիս։ Ինչեւէ, հասարակությունը փոխել է իր վերաբերմունքը ձեր համքարության հանդեպ։ Պատճառը երեւի այն է, որ դուք շատ-շատ եք շատացել։ Հասարակությունը հիշում է, որ դուք 80-ականներին 6-7 հազար մարդով 15-19 մլրդ մեգավատ հոսանք էիք արտադրում։ Իսկ հիմա տեսնում է, որ դուք առնվազն 25 հազար մարդով 6 մլրդ մեգավատ եք արտադրում։ Հասարակությունը հո չի՞ խորանալու ու պարզելու՝ արտադրողներն են շատացել, թե բաշխողները։ Մյուս կողմից հասարակությունը լրիվ ի վիճակի է այդ գործն անելու։ 90-ականներին էներգահամակարգի թեթեւ ձեռքով հասարակության «ատվյորտկա ու պլասկակուպցի» բռնելու ի վիճակի ամբողջ հատվածը էլեկտրիկի մինիմալ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերեց։ Կրկնում եմ՝ հասարակությունն ամբողջությամբ (ներառյալ նաեւ էներգետիկայի վերջին երկու նախարարները, որոնք շինարար ու տնտեսագետ էին)։ Հասարակությունը դեռ խելքի կգա եւ կքավի իր մեղքը ձեր հանդեպ։ Մի քիչ լրագրողներն են անհասկացող, ու ճիշտ եք անում, որ դրանց հաթաթա եք տալիս։ Ի վերջո, կվախենան։ Դուք շատ եք, բյուր եք՝ մոտ 25 հազար։ Էդքան շատ լրագրող Հայաստանում դժվար թե լինի։ ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել