Այս գեղեցկատես աղջկա լուսանկարը, ռեբուս չենք առաջարկի, չի արտապատկերում որեւէ դերասանուհու։ Լուսանկարում ֆիննուհի է, որի նկարի վրա գրված է՝ «Ամեն մարդ երջանկության իրավունք ունի»։ Այդ կարգախոսով է նախորդ կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցել Ֆինլանդիայի Կոնսերվատիվ կոալիցիան՝ գրավելով երկրորդ տեղը։
Ֆինլանդիայի խորհրդարանի, որի անդամ է 200 պատգամավոր, մոտ չորս տասնյակը հենց այդ Կոնսերվատիվ կոալիցիայի ներկայացուցիչներն են, իսկ հաղթանակել է սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ խորհրդարանում ձեռք բերելով շուրջ վեց տասնյակ մանդատ։ Սա, իհարկե, սոցիալ-դեմոկրատների համար պարտություն է, որովհետեւ նրանց տեղերը խորհրդարանում պակասել են 7-ով։ Երրորդ տեղը գրավել է «Կենտրոն» կուսակցությունը, իսկ ընդհանրապես Ֆինլանդիայում ընտրությունների է մասնակցել 19 կուսակցություն։ Այս ամենը «Առավոտին» պատմեց ԱԺ պատգամավոր Ջեմմա Անանյանը, որը Շավարշ Քոչարյանի հետ միասին ներկա է եղել Ֆինլանդիայի խորհրդարանի ընտրությունների արարողությանը՝ որպես դիտորդ։
Դիտորդական առաքելություն են իրականացրել նաեւ անդրկովկասյան մյուս հանրապետությունների ներկայացուցիչները։ Ներկա են եղել դիտորդներ նախկին խորհրդային միջինասիական հանրապետություններից, Բելառուսից, Մոնղոլիայից եւս։ Ջեմմա Անանյանն ասում է, թե իրենց տեսածը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Խորհրդարանի 1/3-ը կանայք են։ Ընտրությունը կատարվում է բացառապես համամասնական ընտրակարգով՝ 15 ընտրական տեղամասերից։ Այդ տեղամասերից մեծամասնական ընտրություն է կատարվում Եվրախորհրդարանի պատգամավորներ ընտրելիս։ Ընտրությունները սկսվում են առավոտյան ժամը 9-ին եւ ավարտվում 20.00-ին։ Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են դառնում քվեարկության ավարտից 3 ժամ հետո։
Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման պատասխանատուն արդարադատության նախարարությունն է։ Ամբողջ քվեարկությունը վերահսկվում է համակարգչային տեխնիկայով։ Կին է ֆիննական խորհրդարանի նախագահը, ինչպես նաեւ նրա երկու տեղակալներից մեկը։ Կին է նաեւ Հելսինկիի քաղաքապետը, որը նշանակովի պաշտոն է։ «Դա ոչ թե հումանիտար օգնություն է, այլ՝ ապրելակերպ»,- ասում է Ջեմմա Անանյանը։ Այս անգամ հաղթեցին սոցիալ-դեմոկրատները, որոնք մրցակցում էին «Աշխատում ենք բարելավել կյանքը» կարգախոսով։ Կուսակցությունը 100 տարեկան է, ունի 60 հազար անդամ։ Ֆինները, ինչպես ներկայացրեց տիկին Ջեմման, այն կարծիքին են, թե հաղթում է այն կուսակցությունը, որի բոլոր անդամներն անխտիր մասնակցում են ընտրություններին։ Ընտրություններում արձանագրվել է 80 տոկոսանոց մասնակցություն։ Երկրի բնակչությունը 5 մլն 120 հազար է։
Կարդացեք նաև
Միջին աշխատավարձը Ֆինլանդիայում 2000 դոլար է, թոշակառուները ստանում են դրա 60 տոկոսը, ինչպես նաեւ օգտվում են որոշակի արտոնություններից։ Նույնը վերաբերում է նաեւ գործազուրկներին, որոնք նույն գումարն են ստանում եւ նույն արտոնություններից են օգտվում 1,5 տարվա ընթացքում։ Պատգամավորները ստանում են 3000 դոլար աշխատավարձ, սակայն այն պատգամավորը, որն ընտրվում է 2-րդ կամ 3-րդ անգամ, յուրաքանչյուր ժամկետում վճարվում է 1000 դոլարով ավելի։ Ֆինների համար փորձը, հմտությունը, ունակությունները բարձր արժեքներ են։
Ընտրություններն ընթացել են բացառիկ քաղաքակիրթ մթնոլորտում։ Քվեարկության հաջորդ օրը կուսակցությունները նորից հանդիպել են եւ քաղաքակիրթ շնորհավորել միմյանց։ Այս հիմքով էլ Ջեմմա Անանյանն առարկեց Ռոբերտ Քոչարյանին, թե անգամ Ամերիկայում ու Ֆրանսիայում են ընտրախախտումներ լինում. «Նման որեւէ դեպքի չենք հանդիպել։ Ֆինլանդիան քաղաքակիրթ երկիր է։ Ճիշտ չեմ համարում, երբ այդպիսի բաներ են ասվում, որպեսզի մեզ էլ ապահովագրենք խախտումների համար։ Խախտում կատարողը պիտի պատժվի»։
Ֆիննական խորհրդարանի կառուցվածքը, ինչպես ներկայացրեց Ջեմմա Անանյանը, բավականին հետաքրքիր է՝ նախարարները կարող են լինել խորհրդարանի անդամ։ Խորհրդարանում ձեւավորված հանձնաժողովները կազմավորվում են ըստ նախարարությունների։ Կառավարության 13 նախարարից 6-ը կանայք են, որոնք խորհրդարանում աշխատում են օրվա երկրորդ կեսին։ Ընտրվելու իրավունք ունի նաեւ ընտրական հանձնաժողովի անդամը։ Ֆինների կարծիքով՝ դա ավելի է մեծացնում վերահսկողությունը։ Սահմանված է նաեւ նախապես քվեարկելու մեխանիզմը. ընտրողը կանխավ իր քվեաթերթիկը կարող է ուղարկել փոստով, սակայն նամակները բացվում են միայն ընտրության օրը։ Տվյալ դեպքում, այդպես են վարվել հարյուր հազարավոր ֆինն ընտրողներ։
Ինչ վերաբերում է կեղծիքներին, ապա այդ խնդրի վերաբերյալ հետաքրքիր հարցադրումներ է կատարել վրացական պատվիրակությունը, սակայն, կարծես, նախկին խորհրդային մարդկանց հարցումները չեն ըմբռնվել։ Արդյունքում ծնվել է մի անեկդոտ ու վերագրվել հայկական ռադիոյին՝ թե այս ի՞նչ մարդիկ են ֆինները, որ պատկերացում անգամ չունեն, թե ինչ ասել է կեղծիք։
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ