Աթոռակռի՞վ Արմավիրի քաղաքապետ Ն. Մնոյանի հրաժարականին հաջորդեց կառավարության կողմից Հ. Մխոյանի պաշտոնակատար նշանակվելը։ Եվ միանգամից, տեղացած անձրեւից հետո, սնկի նման սկսեց աճել թեկնածուների քանակը։ Հաշվված օրեր են մնացել, կրքերը բորբոքվում են, մինչդեռ քաղաքապետ դառնալու հույսն ու ցանկությունը չի լքում թեկնածուներից շատերին։ Ոմանք ամենուրեք ասեկոսեներ են տարածում, որ իրենք արդեն քաղաքապետ են, դրանով իսկ հոգեբանական ճնշման ենթարկելով ընտրողներին եւ փորձելով համոզել, որ իրենց հաղթանակն անխուսափելի է։ Իսկ թե արմավիրցին ի՞նչ աչքերով է նայում այս ամենին, ինչպիսի՞ն է բնակչության ընդհանուր տրամադրվածությունը, դժվար է ընտրություններից առաջ կանխազգալ։ Բայց որ մարդիկ հոգնել են քաղաքապետի թեկնածուների գովազդները տեսնելուց եւ լսելուց, փաստ է։ Հենց այն, որ ընդամենը օրեր առաջ Արմավիրի մասնավոր հեռուստաընկերությունների եթերով հեռարձակվեց մի տեսանյութ, որտեղ թեկնածուներից մեկի՝ Ռոստոմ Գասպարյանի համախոհները նրան որակեցին «քաջն Ռուստամ Զալ», արդեն իսկ խոսուն է։ Յուրաքանչյուր թեկնածու, սեւացնելով մյուսի անունը, միմիայն էժան հեղինակություն է վաստակում, որն անշուշտ ժամանակի ընթացքում խամրում է։ ՄԱՐԻՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ Արմավիր