Լրահոս
Օրվա լրահոսը

Փաթաթեք այս տարածքը, ես այն գնում եմ

Մարտ 25,1999 00:00
carahatum

Բուսաբանական այգու դեմ-դիմաց, քաղաքի կենտրոնից դեպի Ավան-Առինջ եւ Նորքի Մասիվ գնացող ճանապարհի գրեթե հատման կետում թփերը գարնանային զարթոնքի հենց սկզբում արմատախիլ արվեցին։ Տեղը կառուցվում է բենզալցման կայան։ Ծառ է, կկտրեն, տեղը նոր ծառ կտնկեն, հնարավոր է Հունաստանից կամ Աֆրիկայից արմավենի կբերեն կամ էլ բանանի թուփ։

Թող քանդեն-սարքեն, արմատախիլ անեն, տեղը նորը տնկեն (կամ՝ ոչ)։ Հայի երեւակայությունը բենզինից այն կողմ չի անցնում։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերն այդ կայաններն են։ Խոսք չկա, ճաշակով են կառուցվում, ճոխ, հայկական էքստրեմիզմի չափով, բայց մեկը չի հարցնում՝ ինչո՞ւ բնության հաշվին, ինչո՞ւ այդքան շատ, ինչո՞ւ այն պահին, երբ աջ ու ձախ (Էրեբունի համայնքում, Մալաթիա- Սեբաստիա համայնքում) արգելվում է մյուս բենզալցման կայանների գործունեությունը։ Քաղաքապետարանը որոշումներ է կայացնում դրանց աշխատանքի դադարեցման մասին, բայց մյուս կողմից նույն քաղաքապետարանը նոր կառույցների թույլտվություն է տալիս։ Վերոհիշյալ տարածքում շինարարության մասին «Առավոտը» փորձեց տեղեկություն ստանալ Երեւանի գլխավոր ճարտարապետից։

Վերջինս ասաց, թե տվյալ տարածքի համար թույլտվություն տրվել է։ Իսկ ինչո՞ւ է տրվել տվյալ թույլտվությունը, երբ այլ կայանների վրա արգելք է դրվում։ Այս հարցի պատասխանը մոտավորապես այն էր, թե պահանջ կա, ուրեմն պետք է կառուցվի, մեկ է «արգելենք» էլ, օգուտ չունի, կառուցում են։

Թողնենք սրանց այստեղ կառուցեն, իսկ մենք պարզենք, թե ի՞նչ կարծիքի է Ավանի համայնքապետարանն իր տարածքում նման շինարարության մասին։ Համայնքապետի տեղակալ պարոն Մարդումյանն ասաց, թե շինարարությունն իրենք կասեցրել են եւ պատրաստվում են միջնորդագիր ներկայացնել քաղաքապետարան։ Մեր այն հարցին՝ մի՞թե համայնքապետարանն իրավունք ունի շինարարություն կասեցնել, պարոն Մարդումյանն ասաց, թե իրենք բանավոր են կասեցրել, պարզապես ասել են, որ ոչինչ չարվի։ Սակայն ոչ թե ոչինչ չէր արվում, ընդհակառակը՝ շինարարությունը շատ էլ թափով առաջ էր գնում։

Քաղաքի գլխավոր ճարտարապետն այդպես էլ չհիշեց, թե ո՞ւմ է տրված այդ տարածքի թույլտվությունը։ Հեռախոսային զրույցի ժամանակ, մեր այն դիտարկմանը, թե Ավանի համայնքապետարանը դեմ է տվյալ տարածքում տվյալ շինարարության իրականացմանը, ասաց մոտավորապես հետեւյալը. եթե իրենց ընտրողն է, համայնքապետերն ամեն տեղ համաձայն են, իսկ եթե դրսից են, ուրեմն իրենց ընտրողը չեն եւ իրենք դեմ են։

Այս պարագայում «Առավոտին» մնում էր պարզել, թե ո՞ւմ է տրված վերոհիշյալ տարածքը։ Պարզեցինք՝ «Հայնավթ» հասարակական կազմակերպությանը։ Վերջինս մեզ ներկայացրեց թույլտվությունների մի հաստ տրցակ եւ իր պաշտոնական պատասխանը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Հայնավթ» հասարակական կազմակերպության պատասխանը

«Նախագծված է եւ կառուցվում է տվյալ բենզալցման կայանը քաղաքապետի թիվ 629 02.09.1998 թ. որոշման հիման վրա։ Նախագիծը հաստատված է քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից եւ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչության թիվ 62 որոշման հիման վրա։ Նախագիծը բնապահպանության նախարարության կողմից անցել է բնապահպանական փորձաքննություն։ Շինարարությունը սկսվել է մեկ ամիս առաջ, ծրագրված է ավարտել մինչեւ հունիսի սկիզբը։ Տվյալ տարածքում ոչ մի ծառ չի կտրվել, թուփ կտրել ենք եւ ձեզ հրավիրում ենք, բացումից հետո գաք ու տեսնեք, թե քանի ծառ կլինի այնտեղ»։

Վերջակետից առաջ

Մեզ մնում է բոլոր թույլտվություն ունեցողներին եւ այդ թույլտվությունը բաժանողներին երեւակայության նորանոր թռիչքներ մաղթել՝ առանց արմատախիլ բնության։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031