Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամները գնահատում են սեփական գործունեությունը
Թերեւս նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի գործունեությունը գնահատելու համար պիտի այլ՝ այս հանձնաժողովում ներկայացուցիչ չունեցող իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարներին դիմեի։ Սակայն թերեւս գերագնահատում էի հանձնաժողովի անդամների ինքնաքննադատության աստիճանը, երբ նրանց առաջարկում էի մի տեսակ կողքից գնահատել իրենց աշխատանքների արդյունավետությունը։
Չնայած նույն հանձնաժողովի մեջ էր եւ Սախարովի անվան հիմնադրամի նախագահ Աղասի Արշակյանը, որ շուրջ կես տարի առաջ ավելորդ հայտարարեց այս կառույցի առնչությամբ մարդկանց հույսերը եւ դադարեց մասնակցել նիստերին։ Մեր հարցին, թե դրանից հետո հետեւո՞ւմ էր հանձնաժողովի աշխատանքներին, պատասխանեց. «Ընդամենը մի կիսատ-պռատ հայտարարություն են ընդունել, որը ճիշտն ասած, չեմ էլ կարդացել, քանի որ գիտեմ ինչ հայտարարություն է։ Կարդալու ավելի հետաքրքիր բաներ կան, ու այդքան ժամանակ էլ չկա՝ մեր հիմնադրամի գործունեությանն եմ հազիվ հասցնում հետեւել»։
Հանձնաժողովի անդամներից մեկ ուրիշը՝ «Ավանգարդ» հումանիտար հետազոտությունների կենտրոնի նախագահ Էդուարդ Մամիկոնյանը իրենց գործունեությունն, ընդհանուր առմամբ, բավարար էր գնահատում. «Իհարկե, հանձնաժողովը կարող էր եւ ավելի արդյունավետ աշխատել, բայց սա Հայաստանում առաջին փորձն էր եւ երեւի ոչ այնքան ճիշտ է ավելի մեծ սպասումներ ունենալը»։
Կարդացեք նաև
Պրն Մամիկոնյանն այժմ կարեւոր էր համարում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար հետեւյալը. «Անհրաժեշտ է, որ հանձնաժողովն ավելի նեղ, սպեցիֆիկ, այլ ոչ գլոբալիզացված հարցեր քննարկի»։ Չնայած, ինքն էլ հետո որպես քննարկման արժանի խնդիր մատնանշեց զբաղվածությունը. «Շատ սկզբունքային հարց է»։ Անտարակույս։ Սակայն դա նույնպես «գլոբալիզացված հարց» է, ու նաեւ բավական անհասկանալի է, թե այս հանձնաժողովի քննարկումներն արդյոք կարող են նպաստել այդ խնդրի լուծմանը։
Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանը զրույցում մտաբերեց իրենց կազմած զեկույցին առնչվող մի միջադեպ. «Փաստաթուղթը դեռ չհրապարակված՝ Միքայել Դանիելյանը հայտարարեց. «Это все ложь»։ Այդ պահին մտածեցի, որ Միկան ուղղակի չի կարդացել այն կամ, միայն առաջին էջն է կարդացել, որտեղ դրական բաներ կային։ Մնացածը, եթե կարդար՝ էլի կքննադատեր, բայց ոչ այդ ձեւով»։
Պրն Հարությունյանի տեսակետն էր, որ զեկույցում այլեւայլ ոլորտներ էլ կարելի էր ներառել, իսկ արձանագրված որոշ խախտումներ էլ կարելի էր շատ ավելի խիստ ներկայացնել. «Օրինակ՝ փաստաթղթում նշված է, որ «Եհովայի վկաներից» բացի՝ մնացած բոլորը գրանցված են։ Ես պնդում էի եւ վերջում էլ հատուկ կարծիք ներկայացրի (մի բան, որ չի կարելի, այդ փաստաթուղթը պետք է առանց նման կարծիքների ընդունվեր), թե համապատասխան մարմինները պիտի ամեն ինչ անեն, որ այդ կազմակերպությունը նույնպես գրանցվի։ Վերջին հաշվով, անգամ գրանցման հակառակորդների հրապարակած թվերի համաձայն՝ «Եհովայի վկաները» 300 հազարն անցնում են։ Այս հարցում մի քիչ նահանջեցինք, քանի որ ճնշումը բավական մեծ էր»։
Բանակում կատարված օրինազանցությունների եւ փախստականների վերաբերյալ հանձնաժողովի երկու եզրակացությունների նախաձեռնողն ու հիմնական հեղինակը Վարդան Հարությունյանն էր։ Մեր այն հարցին ի պատասխան, թե ինչ հաջորդեց այդ փաստաթղթերի ընդունմանը, ասաց. «Զեկույցի նախնական տարբերակներում կար այդ հարցի պատասխանը։ Բանակի եւ փախստականների վերաբերյալ ավելացրել էի, որ հանձնաժողովը նշված հարցերով համապատասխան ստուգումներ եւ քննարկումներ է կատարել։ Համապատասխան որոշումներն ուղարկվել են նախագահին եւ պատկան մարմիններին՝ որոշակի քայլեր ձեռնարկելու պահանջով, սակայն մինչ այսօր հանձնաժողովը որեւէ պատասխան չի ստացել»։ Արձանագրենք, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի այս երկու կարեւոր փաստաթղթերը պարզապես անտեսվել են։
«Մենք կոնկրետ խնդիրներով զբաղվելու ժամանակ չենք ունեցել,- նաեւ ի պատասխան Էդուարդ Մամիկոնյանի դիտողության ասաց պրն Հարությունյանը։- Եվ երկրորդը, մեր հանձնաժողովը որոշումներ կայացնելու իրավունքով օժտված չէ, լծակներ չունենք։ Մենք ուղղակի վերացական խորհրդակցական մարմին ենք, որը կարող էր իր հնարավորությունների սահմանում մատնանշել ցավոտ կետերը։ Եվ ինձ թվում է, այդ սահմանների մեջ բավարար ենք աշխատել»։
Իսկ քննադատությանն ի պատասխան ասաց. «Եթե այն ինքնանպատակ չէ (իսկ Միքայել Դանիելյանի հայտարարությունները հենց այդպիսին որակվեցին- Ա. Ի.)՝ նորմալ ենք վերաբերվում։ Ուղղակի նույն Աղասի Արշակյանը երեւի պիտի շատ ավելի ակտիվ աշխատեր, որ կարողանար իր ուզած ճանապարհով տանել հանձնաժողովի գործունեությունը։ Մի բան, որ արել եմ ես կամ իմ համախոհները։ Մենք էլ կարող էինք հենց սկզբից դժգոհել, որ նախագահին առընթեր է, որ հանձնաժողովի անդամները սա են, նա են, լավ չեն աշխատում՝ եւ մի կողմ քաշվել։ Իմիջիայլոց, դա կամ աշխատանքից խուսափելու լավագույն տարբերակն է, կամ էլ բեռը մինչեւ վերջ տանելու սովորությունից զուրկ լինելու վկայությունը»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ