Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղադրանքներն անհիմն են եւ սարքովի»

Մարտ 25,1999 00:00
bleyan

Երեկ «Առավոտը» գրել էր, որ Աշոտ Բլեյանը մարտի 23-ին հրավիրվել էր Երեւանի դատախազություն եւ որ նրա նկատմամբ մեղադրանք է հարուցվել «Մխիթար Սեբաստացի» կրթօջախում կատարված ստուգումների տվյալների առնչությամբ։

Մանրամասներ իմանալու ցանկությամբ երեկ, ի դեպ, դատախազություն հերթական հրավերից հետո հանդիպեցինք պրն Բլեյանին։ Ներկայացված մեղադրանքների մասին մանրամասն խոսելու մեր խնդրանքին ի պատասխան Աշոտ Բլեյանն ասաց. «Նախաքննության ոչ մի տվյալներ հրապարակելու իրավունք չունեմ։ Նախաքննական տվյալներ հրապարակելու թույլտվություն է տալիս միայն քննիչը կամ դատախազը»։

Մեր այն հարցին՝ այդ դեպքում ի՞նչ իրավունքով էր ՆԳ եւ ԱԱ մամուլի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Միքայել Գրիգորյանը մարտի 23-ին «Օրագրի» եւ ԱԱ եւ ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի միջեւ դատական վեճի ընթացքում նախաքննության որոշ տվյալներ հրապարակել, պրն Բլեյանը տեղեկացրեց, որ ինքը իր դատապաշտպան Տիգրան Ջանոյանի հետ երեկ ճշտել են, որ քննիչն առայսօր նման թույլտվություն ոչ մեկին չի տվել։ Հարցին՝ կա՞ ՀՀ դատախազի թույլտվությունն այդ առթիվ, հուսով ենք կպատասխանի հենց ՀՀ դատախազը։ Իսկ Աշոտ Բլեյանն ասաց. «Այսօր ես կարող եմ ասել միայն հետեւյալը՝ 23 մարտի 1999 թ. Երեւան քաղաքի դատախազի օգնական Հ. Պետրոսյանը կայացրել է որոշում որպես մեղադրյալ ինձ ներգրավելու մասին, որով ինձ մեղսագրվում են հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 90 հոդվածի 4-րդ 17-90 հոդվածի 4-րդ, 89 հոդվածի 4-րդ եւ 2-րդ ու 182 հոդվածի 2-րդ մասերով»։

Հարցին՝ շարունակո՞ւմ եք պնդել, որ մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն եւ հավատո՞ւմ եք անաչառ քննությանը, պրն Բլեյանը ասաց. «Ես պաշտպանված եմ այնքան, որքան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, այսինքն գործող օրենսդրության սահմաններում։ Հավելյալ պաշտպանվածության կարիք չեմ զգում եւ ԱԺ պատգամավոր չեմ առաջադրվելու։ Չնայած ստեղծված է նախաձեռնող խումբ եւ 1500 ստորագրություն է հավաքված։ Վերջին 3 տարին ես Հայաստանից ընդհանրապես չեմ բացակայել եւ մոտակայում չեմ բացակայելու։ Նորից պնդում եմ, որ ինձ ուղղված բոլոր մեղադրանքները անհիմն են, սարքած եւ դուք իրավացի եք՝ այլ ենթատեքստ ունեն։ Իսկ պատվերի ու պատվիրատուի մասին դեռ առիթ կունենանք խոսելու»։

Զրույցին ներկա Գեորգի Վանյանը՝ «Նոր ուղի» կուսակցության փոխնախագահը, ավելացրեց. «Մի մոռացեք, որ Վանո Սիրադեղյանի շուրջ ստեղծված հետաքրքրությունն արդեն մարել է, Արծրուն Մարգարյանի գործն էլ դեռեւս բացահայտված չէ։ Իսկ հասարակության ուշադրությունը շեղելու համար ավելի հարմար թեկնածու, քան Աշոտ Բլեյանն է, դժվար է գտնել»։

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031