Լրահոս
Օրվա լրահոսը

… ԵՎ ԹՈՂ ՄԻՇՏ ԼԻՆԵՄ ԵՍ

Մարտ 25,1999 00:00
Arshak Sadoyan

ԱԺՄ նախընտրական շտաբի նախկին եւ բազմավաստակ պետ Սեյրան Ավագյանը փոխարինվել է Սեմեոն Բաղդասարյանով։ Վերջինս այսպես հիմնավորեց փոփոխությունը. «Նախագահական ընտրությունները էապես տարբերվում են խորհրդարանական ընտրություններից։ Եվ հարմար գտանք, որ հիմա լինեմ ես»։ Ա՛յ իսկական հիմնավորումը։ Թե չէ ասում են՝ Վազգեն Մանուկյանը նախագահական ընտրություններին դժգոհ է մնացել իր նախընտրական շտաբի աշխատանքներից ու նրա ղեկավար Սեյրան Ավագյանից։

ԱԺՄ հանրահավաքի համառոտ բովանդակությունը

ԱԺՄ-ի առաջիկա հանրահավաքը գովազդելու, նրա թեմատիկայի հրատապությունը ներկայացնելու նպատակով Արշակ Սադոյանը՝ Սեմեոն Բաղդասարյանի անմիջական ներկայությամբ, երեկ լրագրողներիս հրավիրել էր իր մոտ։ Քանի որ հանրահավաքի բովանդակությունը թարմությամբ աչքի չի ընկնում, դրա մասին չենք գրի։ Հետաքրքիր ու նոր էին պրն Սադոյանի թերեւս հետեւյալ բնորոշումները՝ «լույսի մարդ էներգետիկայի նախարար», «ստոր եւ լկտի սակագնային քաղաքականություն»։ «Նախագահի վետոն, եթե փորձի դնել, արդեն փաստորեն հաղթահարված է, որովհետեւ 96 ձայնը արդեն բավարար է դրա համար»։

«Առանց մազաչափ կասկածի»

Պրն Սադոյանը հայտարարեց, որ 98-ի նախագահական ընտրություններում 1 մլն 530 հազար «իբրեւ թե մասնակիցներից» առնվազն 530 հազար ձայն կեղծված էր՝ «հօգուտ որոշակի անձնավորության»։ Կառավարության հավաքական կերպարը վարչապետ Արմեն Դարբինյանն է։ Եվ «Գործադիր իշխանությունը՝ հանձինս նախագահ Քոչարյանի եւ վարչապետ Դարբինյանի՝ իրեն փորձում է ներկայացնել որպես կուսակցական կազմակերպություն, եւ այն պատգամավորները, որոնք այդ գիծը չեն տանում, պետք է հեռացվեն գործադիր իշխանությունից»։

– Ասա՛, ասա՛, ի՛մ սիրուն։

– Չէ՜, չէ՜, չէ՜, չէ՜…

Պրն Սադոյանը միամիտ հայացքը լրագրողներիս հառելով, հայտնեց՝ իբր ԱԺՄ համամասնական եւ մեծամասնական ցուցակները պատրաստ կլինեն միայն ապրիլի 5-ին։ Բայց նրա գաղտնապահությունը տեղին չէր. արդեն բոլորն էլ գիտեն, որ դրանք վաղուց պատրաստ են։ Համամասնական ցուցակը գլխավորում են Վազգեն Մանուկյանը, Արշակ Սադոյանը, Դավիթ Վարդանյանը։ Հրաշալի յոթնյակը եզրափակում է Ֆիլարետ Բերիկյանը։ (Ցուցակն ունի եւս 93 «արժանավորներ»)։ 16-րդ «հորիզոնականը» զբաղեցնող Արամ Մայիլյանը հայտնել էր ԱԺՄ-ն լքելու իր ցանկության մասին։ Ըստ պրն Բերիկյանի՝ «Արամը պարզապես նեղացել է, որ 16-րդն է։ Ես իրենից նեղանալու եմ, որ ինքը նեղացել է։ Ախր փակ գաղտնի քվեարկությամբ ենք որոշել»։ Իսկ Արամ Մայիլյանն ընտրությունների շեմին պարզապես որոշել էր չկողմնորոշվել՝ ի վերջո ԱԺՄ-ն սոցիալիստակա՞ն, թե՞ ազատական կուսակցություն է։

Անկեղծորեն՝ կեղծ ընտրություններից

«Դեմիրճյան ֆենոմենն առաջին հերթին պիտի պայքարեր նախագահական ընտրությունների կեղծիքներիի դեմ։ Քանի որ պայքարային լուրջ գործընթաց չծավալվեց, ԱԺՄ-ն, բնական է, չէր նախաձեռնելու կեղծիքների դեմ պայքարը»։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե եթե 530000-ը կեղծված են Քոչարյանի օգտին, ուրեմն «արդյո՞ք ձեր կարծիքով 98-ի նախագահական ընտրություններում Դեմիրճյանն է»,- պրն Սադոյանը չհասկացավ, թե «այսքան հրատապ խնդիրների շրջանում, երբ դրված է հանրահավաքի հարց (…), ինչպե՞ս կարելի է բարձրացնել այդ հարցը»։ Ապա «միարժեքորեն» հայտարարեց. «Այո՛, համոզված եմ։ Հարց չկա»։ (Քանի որ Սեմեոն Բաղդասարյանը որոշ բաներ չէր հիշում, որոշ բաների մասին չէր լսել, որոշ բաներ պարզապես չգիտեր, հարցերին հիմնականում պատասխանում էր պրն Սադոյանը)։ Նա էլ ասաց, որ ընտրություններում իշխանության կեղծիքները կանխելու համար բաց են համագործակցության դռները, բայց «բաց դռները մտնող չի եղել»։ Այս այլաբանությունը ԱԺՄ-ՀԺԿ չկայացած բլոկի պատվին էր։

Ավելի ՀՀՇ-ական, քան Էդվարդ Եգորյանը

Դաշնակցական մամուլի ներկայացուցչին պրն Սադոյանը՝ ի պատասխան նրա հարցի, ասաց. «Արդյո՞ք դաշնակցական կուսակցությանը չի անհանգստացնում, որ ուղղակիորեն նախկին ՀՀՇ-ի հիմնական մասը համագործակցում է իր (ՀՅԴ-ի) հետ եւ կիսում իշխանական աթոռները. մինիստրներ են դաշնակցական կուսակցությունից։ Նախագահ Քոչարյանն էլ ՀՀՇ է։ Ով ինչ ուզում է ասի, Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի նախագահ է դարձել որպես ՀՀՇ եւ հիմա էլ դուք (դաշնակցականներդ) մաքսիմալ համագործակցում եք ՀՀՇ նախագահի, ՀՀՇ վարչապետի (նա ՀՀՇ ցուցակում էր) հետ։ Եվ հանկարծ այդ բոլորից հետո ասում եք՝ չեք վախենում, որ համագործակցում եք Եգորյանի կամ մյուսների հետ։ Երբ որ Նրանք վաղուց իրենց հարաբերությունները խզել են»։

Բայց խզված հարաբերությունները վերականգնելու «ինստիտուտը» մեր կուսակցությունների համար այնքան ընդունելի է, որ նախորդ օրը միմյանց չարախնդալուց ու ծաղրելուց հետո հանգիստ կարող են միավորվել նույն բլոկում։ Կամ էլ՝ հակառակը։ Մեկ է, օրիորդությունը հիմա այնքան էլ հարգի չէ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031