Լրահոս
Օրվա լրահոսը

Անինքնուրույն ժողովուրդ

Մարտ 25,1999 00:00
Aram Abrahamyan

Ըստ Ռուսաստանի նախկին վարչապետ Կիրիենկոյի, երկրի քաղաքացիները բաժանվում են երկու խմբի՝ ինքնուրույն եւ ոչ ինքնուրույն: Առաջինները միշտ իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը սեփական ճակատագրի համար՝ այն երբեք չդնելով պետության վրա: Այդ ինքնուրույն մարդիկ կամ կարողանում են իրենց եւ իրենց ընտանիքների նվազագույն նյութական պահանջներն ապահովել սեփական աշխատանքով, կամ էլ, եթե նույնիսկ չեն կարողանում, համենայնդեպս չեն սպասում, որ դա կանեն իշխանավորները:

Չգիտեմ, ինչպես է Ռուսաստանում: Մեր երկրում այդ ինքնուրույն մարդկանց խումբը շատ փոքր է: Եթե մի կողմ թողնենք երեխաներին, հաշմանդամներին եւ թոշակառուներին, որոնք ի սկզբանե ցանկացած երկրում ինքնուրույն չեն, ապա բնակչության գործունյա մասում նույնպես ինքնուրույն մարդկանց խումբը չնչին տոկոս է կազմում: Նախագահի ամեն մի հարցազրույցից հետո փողոցում ինձ մարդիկ են մոտենում /չափահաս, երիտասարդ, առանց ֆիզիկական արատների/ եւ կշտամբում, թե ինչու «ժողովրդի անունից» նախագահից չեմ պահանջում, որ իրենց «լավ նայի»: Պատասխանեմ. որովհետեւ չեմ կարծում, որ նախագահը մեզ պետք է «նայի»: Չեմ պատկերացնում նախագահին, նախարարին կամ պատգամավորին, որպես մի իշխանիկի, որը քայլում է գյուղի միակ փողոցով եւ շնորհակալ ռամիկներին իր գրպանից բարիքներ է բաժանում:

Երբ մենք բողոքում ենք ֆեոդալական բարքերից, ապա պետք է հասկանանք, որ դրանք նախ եւ առաջ մեր հոգեբանության մեջ են: Որքան էլ դա անհավանական հնչի, «պուզատի» թաղային հեղինակություններն ու իշխանավորները /դրանց մեջ ջրբաժանը չափազանց պայմանական է/ մեր սպասելիքների ծնունդն են: Եթե մենք ձեռքներս ծալած նստում ենք եւ սպասում, թե պատգամավորության կամ նախագահության թեկնածուներից որ մեկն է մեզ ավելի շատ սոլյարկա կամ զուգագուլպա բաժանելու եւ նմանատիպ խոստումներ տալու, ապա թեկնածուները հենց դա էլ անելու են: Ընտրություններն ավարտվելու են, եւ մենք նվնվալու ենք, թե մեզ խաբեցին: Չխաբվեիք: Երբ ստրկամիտ-կրավորական տեսքով ասում ենք, թե միեւնույն է, պատգամավորներն ու նախագահը «վերեւից» են նշանակվելու եւ մեր կյանքի վրա որեւէ ձեւով չեն ազդելու, ապա հենց այդպես էլ լինում է:

Նման անինքնուրույն մտածելակերպով այլ կերպ չի էլ լինելու: Հակառակ դեպքում, ինչպես է ստացվում, որ հեռավոր գյուղերի պառավները, որոնք բացի կոմունիստներից հաստատ ոչ մի այլ կուսակցության մասին չեն էլ լսել, դառնում են կես տարի առաջ ստեղծած «Օրինաց երկրի» անդամ: Ո՞ւմ են հիմարի տեղ դնում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031