Օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, որպեսզի մայիսի 19-ը ճանաչվի Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ ցեղասպանության օր։ ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանը դա համարել է ՀՀ օրենսդրությանը համապատասխանող, իսկ խորհրդարանի մեկ այլ ծառայության ղեկավար՝ Վ. Բոստանջյանը նշել է, թե դա ՀՀ օրենսդրությանը չի համապատասխանում։ Արդյունքում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Բալայանը եզրակացրել է, որ օրինագիծը համապատասխանում է օրենսդրությանը եւ ուղարկել Խոսրով Հարությունյանին։
«ՈՒՂՏԸ ՆՍՏԱԾ՝ ԿՈՒԶԵԿՈՒԶ»
Լույսի պես պարզ էր թվում, որ դատարանը պիտի բավարարեր «Օրագրի» հայցն ընդդեմ Սերժ Սարգսյանի, ըստ որի, այդ թերթի բոլոր հրապարակումները հերյուրանք են։ Սակայն դատավճռով հերքվեց անհերքելին։ Մտադի՞ր է այժմ «Օրագիրը» վիճարկել դատարանի որոշումը։ «Առավոտի» այս հարցին թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Առայժմ դատավճիռը չենք ստացել։ Իսկ դատարանում հրապարակվածի եւ գրավոր տեքստի միջեւ տարբերություններ են լինում։ Կծանոթանանք՝ հետո կորոշենք»։
ԱԼԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Կարդացեք նաև
«Ազգային առաջադիմություն» կուսակցության նախագահ, նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը կմասնակցի ԱԺ առաջիկա ընտրություններին մեծամասնական կարգով։ Նա իր թեկնածությունը կդնի Գեղարքունիքի մարզի թիվ 42 ընտրատարածքում։
ՏԱԼԻՍ ԵՆ՝ ՉԵ՞ՆՔ ՈՒԶՈՒՄ
ՄԱԿ-ը մտադիր է ֆինանսական աջակցություն ցուցաբերել խորհրդարանական առաջիկա ընտրություններին, մասնավորապես աջակցել ընտրական օրենսգրքի հրապարակմանը։ Որոշ քաղաքական գործիչներ խիստ դեմ են ՄԱԿ-ի այս առատաձեռնությանը։