Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍՏԱՑԵԼ»

Մարտ 24,1999 00:00
Alexsandr Axamyan

Հայաստանի նկարիչների միության խնդիրների հետ կապված հարցերին սպառիչ պատասխաններ ստանալու նպատակով, դիմեցինք Նկարիչների միության նախագահ, նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ, պրոֆեսոր Կարեն Աղամյանին։

-Նկարիչների միությունն ունի մոտ 950 անդամ, որոնցից 300-ը ինչ-ինչ պատճառներով բացակայում են։ Հայաստանում մշտապես ապրող եւ ստեղծագործող շուրջ 600 անդամից կարեւորում եւ նշանավորում եմ այն արվեստագետներին, ովքեր իսկապես զբաղված են կերպարվեստով։ Ես ցանկանում եմ տարբերություն դնել «art business»-ի եւ արվեստի միջեւ։ Այսօր նկարիչների զգալի մասը, եւ ոչ միայն միության անդամների մասին է խոսքը, զբաղված է «art business»-ով։ Այսինքն՝ կերպարվեստը հանդես է գալիս որպես ապրուստի միջոց։ Դրա ամենավառ օրինակը վերնիսաժն է։ Երեւույթ, որը ե՛ւ հետաքրքիր է, ե՛ւ ոչ դուրեկան։ Ստեղծագործողը սկսել է բավարարել շուկայի ցածրորակ պահանջարկը։ Դա վնասում է կերպարվեստին եւ առհասարակ մշակույթին Հայաստանում։

-Նկարիչների միությունում նոր անդամների ընդգրկումն ի՞նչ սկզբունքային փոփոխությունների է ենթարկվել ձեր տնօրինության յոթ ամիսների ընթացքում։

-Վերջին տարիներին բավականին լայն էին բացված Նկարիչների միության դռները, եւ հոսքը մեծ էր, որից տուժում էր որակը։ Սակայն մենք որոշում ենք ընդունել խստացնել միության անդամների ընտրության արարողությունը։ Այժմ որոշակի սահմանափակումներ կան, որոնք հաղթահարելուց հետո միայն ստեղծագործողը կարժանանա Նկարիչների միության անդամ դառնալու պատվին։ Նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսներին, որոնցում ներկայացվում են ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքները, առնվազն 4 անգամ մասնակցություն ունենալը պարտադիր է։ Չորս բալ հավաքելուց հետո նկարչին իրավունք կտրվի անհատական ցուցահանդես կազմակերպել։ Տարվա ընթացքում ընդունելություն կկազմակերպվի մեկ անգամ, ոչ ավելի։

-Նկարիչների միության անդամներն ի՞նչ աջակցություն են ստանում միությունից։

-Հայաստանի նկարիչների միությունը շատ քիչ նյութական հնարավորություններ ունի անդամներին օգնություն ցուցաբերելու համար։ Բայց որպես հոգեւոր մակարդակը պահպանող կազմակերպություն, մեծ դեր է խաղում։ Վերջին ամիսներին կտրուկ դեպի լավն է փոխվել նկարիչների վերաբերմունքը Հայաստանի նկարիչների միության նկատմամբ։ Ցուցահանդեսների քանակն անհամեմատ ավելացրել ենք։ Նախկինում եթե տարեկան բացվում էր ընդամենը հինգ ցուցահանդես, ապա այս տարի նախատեսել ենք կազմակերպել 28-ը։

-Ի՞նչ խնդիրներ են ծառացած Նկարիչների միության առջեւ եւ ինչպիսի՞ ծրագրերի հեռանկարներ կան։

-Ինձ համար առաջնային խնդիր է հանդիսանում վերականգնել Նկարիչների միության պատիվն ու ստեղծագործական մթնոլորտը, որը վերջին տարիներին կորսված էր։ Արձագանքները վկայում են ճիշտ ուղղության եւ հաջողությունների մասին։ Հույժ կարեւոր հարց է մեզ համար Հայաստանից արտերկրներ կերպարվեստի գործերի արտահանումը եւ ցուցահանդեսների կազմակերպումը։ Եթե մենք չմշակենք ստույգ մեխանիզմներ եւ հնարավորություն չընձեռենք կերպարվեստին դուրս գալ երկրից, մենք կսպանենք կերպարվեստը. այն, ինչ տեղի է ունենում վերջին տարիներին։ Ցանկանում եմ խիստ արտահայտվել նաեւ Մշակույթի պահպանման վարչության վերաբերյալ։ Այս կազմակերպությունը, գործելով 1994 թ., զգալի վնաս է հասցրել հայ կերպարվեստին եւ արել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի կերպարվեստը չաճի, չտարածվի, չզարգանա։

Գործող օրենքները խթանում են արվեստի արտահանումը եւ զարգացումը, բայց ստեղծվել է մի վարչություն, որը, խախտելով օրենքը՝ սպանում է կերպարվեստը։ Աշխարհի բոլոր երկրները գումարներ են ծախսում՝ իրենց եսը՝ իրենց արվեստը դուրս հանելու, ցուցադրելու նպատակով, իսկ մեր հանրապետությունում, 1997 թ. գործող օրենքին հակառակ, արհեստական խոչընդոտներ են առաջ քաշվում։ Չնայած բազմաթիվ բողոքներին, վարչությունը դեռ գործում է։ Սա այն կառույցն է, որն ահռելի վնասներ է հասցրել հայ կերպարվեստին։ Բացի վերոհիշյալ հիմնահարցերից, միությունն ունի նաեւ շենքային խնդիրներ։ Շենքն անմխիթար վիճակում է։ Գիտենք ինչ է հարկավոր անել, սակայն հնարավորություն չունենք։ Այսօր Հայաստանում արվեստի հովանավորներ չկան։

-Մշակույթի նախարարության հետ Նկարիչների միությունն ի՞նչ գործնական կապեր եւ առնչություններ ունի։

-Մշակույթի նախարարությունը դեռ չի ըմբռնում, թե ինչ կարեւոր դեր ունեն միությունները ոչ միայն մշակույթի զարգացման, այլեւ քաղաքական հարցերի, ազգային գաղափարախոսության գործում։ Գուցե դա Հայաստանում մշակութային քաղաքականության բացակայության հետեւանք է։ Այդ քաղաքականությունը պետք է իրականացնի Մշակույթի նախարարությունը։ Ժամանակին բոլոր գործարքները, մշակութային ակցիաները իրագործվել են Մշակույթի նախարարության հետ համատեղ։ Վերջինս է կազմել ծրագրեր, մշակել գաղափարախոսություն եւ ուղղվածություն։ Այժմ ողջ ծանրությունը մեզ վրա է ընկել, բայց դա միության ֆունկցիան չէ։ Գոյություն ունեն պետական կառույցներ, ինչպիսին Մշակույթի նախարարությունն է, որը, սակայն, Նկարիչների միության հետ որեւէ գործնական կապ չունի եւ աջակցություն չի ցուցաբերում։ Այս կապը անհրաժեշտ է ոչ թե մեզ, այլ հայ կերպարվեստին, հայ մշակույթին։

-Նկարիչների միության նախագահ դառնալով՝ ի՞նչ ժառանգություն եք ստացել։

-Իմ ստացած ժառանգությունը սարսափելի է։ Նկարիչների միությունը, զգալի ունեցվածք ունենալով հանդերձ, որի վրա հիմնվելով կարող էր զարգացնել արվեստը, ներկայումս հազարավոր դոլարների պարտք ունի։ Նախկին ղեկավարությունը նույնիսկ համագումարի ժամանակ թաքցրեց դրանց գոյությունը։ Միությունը ծանր կացության մեջ է։ Գոյատեւում է միայն էնտուզիազմի եւ իմ աշխատակիցների անվարձահատույց աշխատանքի շնորհիվ։

ԼՈՐԵՏԱ ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031