Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրազանգված

Մարտ 24,1999 00:00
yntrazangvac

Մոտենում են 1999 թ. խորհրդարանական ընտրությունները եւ վստահաբար կարելի է արձանագրել. հանրապետության ներքաղաքական կյանքը շուտով վերածվելու է յուրօրինակ կաթսայի, որի մեջ «եփվելու» են ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր քաղաքական ուժեր, դեմքեր։

Թե ի՞նչ «կեփվի» եւ ինչպիսի՞ն կլինի նոր խորհրդարանը, ժամանակը ցույց կտա։ Անդրադառնանք ընտրողներիս. ինչպիսի՞ն է հայաստանյան ընտրազանգվածը, որի շուրջ խոսակցությունները, բնականաբար, հաճախակիանում են յուրաքանչյուր ընտրությանը նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում։ Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում, ուր ընտրությունները դիտվում են որպես հասարակական-քաղաքական կյանքի բնականոն գործընթաց, ընտրազանգվածը կայացած իրողություն է։ Յուրաքանչյուր հասարակական խավ, սոցիալական շերտ ունի իր հստակ դիրքորոշումը, ակնկալիքները, ձգտումները։ Ճշմարտությունը պահանջում է ասել, որ ժողովրդավարական երկրներում, ինչպես ամենուր, ընտրազանգվածի մաս է կազմում, այսպես կոչված, «ճահիճը»։

Դա հասարակության այն շերտն է, որը ընտրությունից ընտրություն կարող է համակրել այս կամ այն քաղաքական բեւեռին, վճռորոշ դեր ունենալով վերջնական արդյունքում։ Ընդհանուր առմամբ, ընտրությունները, մասնավորապես խորհրդարանական, ժողովրդավարական երկրներում, անցնում են սովորական մրցակցային մթնոլորտում, ընտրազանգվածի ոչ ակտիվ մասնակցության պայմաններում։ Իսկ ինչպե՞ս է մեզ մոտ. նախ փաստենք, որ մենք ապրում ենք չկայացած հասարակության մեջ։ Ինչ խոսք, Հայաստանի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի ձգտում է, որ Հայաստանը, որքան հնարավոր է, շուտ դառնա ժողովրդավարական երկիր։ Բայց ձգտելը քիչ է։ Մենք ինքներս պետք է վերափոխվենք, երեւույթներից եւ քաղաքական պրոցեսներից դասեր քաղենք, ինքնաքննադատաբար վարվենք ինքներս մեր նկատմամբ։ Այս առումով, յուրաքանչյուր ընտրական գործընթաց մեզ պատասխան է տալիս. որքա՞ն ենք մենք քաղաքականապես հասունացել եւ դարձել ազատական եւ ժողովրդավարության տան կառուցման ո՞ր փուլում ենք։ Հայաստանյան ընտրազանգվածը նախորդ 9 տարիների ընթացքում մասնակցել է 6 ընտրությունների (3 նախագահական, 2 խորհրդարանական, մեկ տեղական ինքնակառավարման մարմինների)։

Հետադարձ հայացք նետելով այդ ընտրությունների վրա, կարելի է արձանագրել. հայաստանյան ընտրազանգվածը խիստ անկայուն է եւ խարխափում է անորոշության ճիրաններում։ Այս երեւույթի պատճառներից մեկն էլ, ինչպես նշեցինք, հասարակության չկայացածությունն է։ Սոցիալ-տնտեսական տեւական ճգնաժամը, քաղաքական պրոցեսների անկատարությունը բերել են նրան, որ բնակչության մի ստվար մասի մեջ դրսեւորվում են անլիարժեքության զգացումներ, հոռետեսական տրամադրություններ։ Երկրում չկան հստակ ձեւավորված սոցիալական շերտեր, որոնք կարող էին դառնալ այս կամ այն քաղաքական ուժի սոցիալական հենարանը։ Հայաստանյան ընտրազանգվածը պայմանականորեն կարելի է բաժանել քաղաքայինի եւ գյուղականի։ Նախորդ ընտրությունների դիտարկումներից ելնելով, նշենք հետեւյալը. եթե Երեւանում մասամբ նաեւ՝ Գյումրիում, Վանաձորում, ընտրազանգվածը որոշ չափով ցուցաբերել է սկզբունքայնություն, ապա գյուղական բնակավայրերում կամ քաղաքատիպ ավաններում ընտրողներն առաջնորդվել եւ առաջնորդվում են ժողովրդավարական հասարակության համար անընդունելի, կասկածելի չափանիշներով։ Նկատենք, որ թե՛ քաղաքում եւ թե՛ գյուղում ընտրություններից առաջ ընտրազանգվածը ենթարկվում է «մշակման», պարզապես գյուղական ընտրողի համար վճռորոշ դեր են խաղում տեղական ապրելակերպի առանձնահատկությունները եւ քաղաքական հասունության պակասը։

Վերջին տարիներին բոլորս ականատես ենք եղել, թե ինչպիսի հայրենասիրության, ազգասիրության բռնկումներ են լինում նախընտրական քարոզարշավների ժամանակ, ինչպիսի խոստումներ են շռայլում պատգամավորական թեկնածուները ընտրություններից առաջ։ Ցավն էլ կայանում է նրանում, որ երեսփոխան դառնալ ցանկացող մեր հարգարժան քաղաքացիները շեշտը դնում են մեր հասարակության անկերպ զանգվածի վրա, որը հաճախ չի գիտակցում իր պատասխանատվությունը հասարակության առջեւ։ Եվ եթե ընտրազանգվածը նախապատվություն է տալիս պոպուլիստական ծրագրերին, ապա հետեւանքները հասարակության համար կարող են լինել շատ ծանր։ Խոսելով ընտրազանգվածի մասին, չի կարելի չանդրադառնալ հասարակության, այսպես կոչված, պասիվ շերտին։ Այս զանգվածի մեջ մտնում են այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցում ոչ մի հասարակական գործընթացի (այդ թվում՝ ընտրություններին), բացահայտ հրաժարվում են քաղաքացիական ակտիվությունից, սակայն հասարակական բացասական երեւույթների, պրոցեսների կամ քաղաքական գործիչների գործունեության քննադատողների, փնովողների առաջին շարքերում են։ Ընտրազանգվածի այս մասը քաղաքացիական հասարակության հակոտնյան է։

Եզրակացնենք. մենք կանգնած ենք պրոֆեսիոնալ խորհրդարանի կազմավորման շեմին։ Այսօր առավել քան երբեւէ հայաստանյան ընտրողի դերը կարեւորվում է։ Մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ եւ ընտրել այնպիսի խորհրդարան, որը կարող է բումերանգի պես մեզ հարվածել եւ որի հետեւանքները կարող են լինել անկանխատեսելի։ Հայաստանյան ընտրազանգվածը իր բոլոր թերություններով հանդերձ, պետք է ապացուցի, որ ինքն ունակ է եւ արժանի ժողովրդավարական երկիր կառուցել։

ՎԱՐԴԱՆ ԱՇՃՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031