Նիկոլ Փաշինյանը նախորդ դատական նիստից դուրս էր եկել Բաբկեն Արարքցյանի հետ «Օրագրի» վաղօրոք ծրագրած հանդիպման կապակցությամբ։ Պետական լրատվամիջոցների եւ դատարանի կողմից այն որակվել էր որպես «ոչ հարգալից վերաբերմունք», ինչի կապակցությամբ միաժամանակ եւ հայցվոր եւ պատասխանող կողմ ճանաչված «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրը պահանջեց. «որակումը փոխել»։
Դատավոր Ժ. Վարդանյանը հայտնեց. «Մենք ի գիտություն կընդունենք» եւ անցավ հակընդդեմ հայցը ներկայացնող Միքայել Գրիգորյանի փաստարկների ունկնդրմանը։
Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանը պատմական իր մեկ այցելությունից հետո այլեւս Կենտրոն եւ Նորք-Մարաշի 1-ին ատյանի դատարան չի էլ գալիս։ Մ. Գրիգորյանը ներկայացրեց իրենց առարկությունները 24 հրապարակումների առթիվ, ասելով, որ «թերթը նվագում է մի լարի վրա», չխուսափելով «միջազգային», «սեզոնային» թեմաներից «ընկնելով իր մտահանգումների լաբիրինթոսը…, երբ ցրտերն ընկնում են, անդրադառնում է անտառահատմանը, ընդունելությանը՝ երբ ամառն է գալիս»։
ՆԳ եւ ԱԱՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պատասխանատուն մեղադրեց «Օրագրին», որ նրա գլխավոր նպատակը «նախարարությանը խայթելն է, խայթոցները, որպես կանոն ոչ միայն անհիմն են, այլեւ անհասցե», ընթերցելով սույն հատվածը. «Սեւանում ձկնորսությունը շարունակվում է, իսկ պղտոր ջրում ձուկ որսացող ոստիկանների գործը եռում է»։
ՆԳ եւ ԱԱՆ ներկայացուցիչը «Աշոտ Բլեյանը իշխանությունների ուշադրության կենտրոնում» հոդվածի առնչությամբ էլ հայտնեց, որ հրապարակման հիմքում հերյուրանքներ են, «քանզի ակնհայտ քրեական գործը ներկայացվում է որպես քաղաքական հետապնդում»։
Ի դեպ, նշեց երկու փաստ, որոնցից մեկի համաձայն, «Մխիթար Սեբաստացի»-ում հայտնաբերվել են «լուրջ վատնումներ, յուրացումներ»։ Նշվեց՝ 1995-ին Վոլգոգրադի «Սուսաննա» կազմակերպությունից ստացվել է 40 մլն 248 հազար դրամ գումար՝ ՀՀ լուսավորության նախարարության կազմակերպած մրցույթի եւ դասագրքեր տպագրելու համար եւ «մինչեւ հիմա ոչ թուղթն է ներկրվել, ոչ դասագիրք է տպվել…»։
Առարկումներ եղան նաեւ «Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա», «Կրտսեր արհեստավարժներն էլ են վարձատրվում», «Բարոյական ավտոտեսչուհու բարոյական չափանիշը», «ՆԳ եւ ԱԱՆ մասնավորեցումը գուցե փրկի վիճակը» հրապարակումների կապակցությամբ։ Դատավոր Ժ. Վարդանյանի հարցին էլ, թե ո՞րն է սկզբնաղբյուրը, Ն. Փաշինյանն ասաց, որ երբ մարդիկ են սպանվում իրենց շքամուտքերի առաջ, եւ իրենց աղբյուրների անվտանգությունը երաշխավորված չէ, ինքը չի նշի աղբյուրը (թեեւ հետո նշեց. ԱԺ-ից սկսած տարբեր լրատվական ծառայություններ)։
Ն. Փաշինյանն իր պատասխան խոսքում նշեց, որ ինքը հեքիաթներ շատ է կարդացել եւ սակայն «երկգլխանի հրեշտակի մասին հեքիաթ չի հանդիպել։ Որպես կանոն հրեշտակները մի գլուխ եւ երկու թեւ են ունենում։ Այնպես է ներկայացվում, թե կա մի անթերի նախարարություն, գործում է մի խեղճուկրակ նախարար, որին շանտաժի է ենթարկում մի մոնստր «Օրագիր» անվանյալ թերթ»։ Նրա կարծիքով, հիմնավորումների ընթացքից պարզ է, որ «ՆԳ եւ ԱԱ համակարգի համար խորթ են կամ ընդունելի չեն իրենց համար տհաճ կարծիքները», եւ որոշ շեշտադրումներ էլ ստիպում են իրենց մտածել, որ «այստեղ փորձ է արվում ազատ մամուլի վրա գրաքննություն սահմանել»։
Դատավոր Ժ. Վարդանյանը, երբ փորձ արեց ասելու, թե ավարտվում է դատաքննությունը, այդ պահին էլ հենց «Օրագիրը» ներկայացրեց բացարկ։ Քաղ. դատ. օրենսգրքի փոփոխությունն էլ կիրառվեց մեր վրա (գոնե ինձ համար առաջին անգամ). բացարկը մերժեց մեկ այլ դատավոր՝ Գ. Կարախանյանը։ Ի դեպ, բացարկի հիմքում ընկած էր այն հանգամանքը, որ դատավոր Ժորա Վարդանյանը նախկինում աշխատել է ՆԳ եւ ԱԱՆ-ում (քննչական վարչության պետի տեղակալ), Սերժ Սարգսյանի օրոք էլ։ Սակայն դա եւ մնացյալ այլ պարագաներ ըստ Հ. Կարախանյանի «չեն կարող ազդել քննության անաչառության վրա»։ Փոխադարձ մեղադրանքներն անպակաս էին։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Երկարատեւ եւ բուռն քննարկումներից հետո դատարանը անցնելով խորհրդակցական սենյակ, այնտեղից էլ հայտնվելով դատական նիստերի դահլիճում, որոշեց՝ մերժել «Օրագիր» թերթի հայցը, բավարարեց ՆԳ եւ ԱԱՆ հակընդդեմ հայցը։