Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մարտ 24,1999 00:00
Branislav Dmitrievich

Բայց առայժմ դատարկ կլինիկա

Առողջապահության ազգային ինստիտուտի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնին կից ստեղծվել է համապատասխան կլինիկա, որը հայ-սերբական համագործակցության արդյունք է։ Կարելի է ասել՝ բազմաչարչար համագործակցության։ Այսօր կարիք չկա մեկ անգամ եւս ներկայացնել պրոֆեսոր Սարգիս Անանյանի՝ զանազան ատյաններով կատարած ոդիսականը. թերթի 16 էջը չի բավականացնի, բացի այդ, շատ էլ գրվել է այդ մասին։

Վերջերս այդ համագործակցության շրջանակներում Երեւանում էր ազգությամբ սերբ, դիմածնոտային վիրաբուժության մասնագետ Բրանիսլավ Դիմիտրիեւիչը։ Նրա հետ զրույցի նպատակն է ծանոթանալ գործերի այսօրվա վիճակին։

– Անցյալ աշնանից դրությունն այստեղ փոխվել է. վերանորոգում է սկսվել, ստեղծվում է նոր կլինիկա։ Այժմ հույս կա, որ նախկինում սկսված համագործակցությունը կշարունակվի։ Որոշված է, որ այս անգամ էլ ես գամ (միշտ առաջինը ես եմ եկել), եւ իմ տպավորությունները օր-օրի ավելի ու ավելի դրական եւ նպաստավոր են դառնում։ Ահա թե ինչ պատճառներով. նախ՝ իմ հանդիպումները Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն պրն Դերենիկ Դումանյանի հետ։ Երկրորդը այս վերանորոգված կլինիկան է, որը, փաստորեն, զրոյից է առաջացել։ Սակայն ես կարող եմ ասել, որ կլինիկան ունի այն ամենը, ինչ ունի Եվրոպայի եւ Ամերիկայի ցանկացած կլինիկա՝ ե՛ւ բավականաչափ քանակով վիրահատական սրահներ, ե՛ւ, որ ամենակարեւորն է, յուրաքանչյուր հիվանդասենյակ ունի իր առանձին սանհանգույցը։ Դա շատ կարեւոր է ցանկացած վիրաբուժական կլինիկայի համար։ Շուտով կգա մի շատ բարձր մակարդակի պատվիրակություն։ Դրա մեջ կլինեն մարդիկ, որոնք արդեն եղել են Հայաստանում։ Սակայն նոր մարդիկ էլ կլինեն. համագործակցության շրջանակներում խումբն ընդլայնվել է։ Պրոֆեսոր Սարգիս Անանյանի շնորհիվ հիմք է դրվել հայ-սերբական մի կենտրոնի, որին իր օրհնությունը տվել է նաեւ Հայ եկեղեցին։ Մենք այս վերջին հանգամանքին շատ մեծ նշանակություն ենք տալիս։ Նաեւ այն է դրական, որ Սարգիս Անանյանին նեցուկ է կանգնել հայ մամուլը եւ դրանով հայերը մտնում են քաղաքակիրթ ժողովուրդների մեջ։

– Ի՞նչ բովանդակությամբ է լցվելու այս վերանորոգված կլինիկան, այսինքն՝ ի՞նչ մեթոդներ են ներդրվելու այստեղ եւ ի՞նչ բուժսարքավորումներով է կլինիկան հագեցվելու։

– Դա շատ հեշտ է, թերեւս ամենահեշտը այս գործում։ Գոյություն ունեն որոշակի մեթոդներ, որոնք Հայաստանում դեռեւս չկան։ Սակայն դրանք կան Բելգրադում եւ կփոխադրվեն այստեղ։ Ինչ վերաբերում է բուժնյութերին եւ գործիքներին, ուզում եմ ասել, որ մեր նախորդ այցելությանը բերել ենք շատ գործիքներ։ Դրանք նեդրվել են հայ-սերբական կենտրոնում, եւ միակ վատ տպավորությունը, որով ես մեկնում եմ այստեղից, այն է, որ այսօր այդ գործիքների մի մասը չկա։ Դրանք չկան նաեւ ութերորդ հիվանդանոցում, որտեղ առաջ կենտրոնն էր։ Եվ իմ խնդրանքն է այն մարդկանց, որոնք, մեղմ ասած, վերցրել են այդ գործիքները, վերադարձնեն, մեղք չվերցնեն իրենց հոգու վրա, որովհետեւ դրանք իրենց սեփականությունը չեն։ Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ առօրյա օգտագործման նյութերի տեսակետից հիմա Հայաստանում վիճակը շատ ավելի լավ է, քան իմ առաջին այցելությունների ժամանակ էր։ Բազմաթիվ նյութեր, որոնք առաջ չէին ճարվում, հիմա կան այստեղ։ Ես հիմա էլ ինձ հետ բերել եմ դրանցից որոշակի քանակություն, բայց համոզվեցի, որ հաջորդ անգամ այսպիսի դեղեր բերելու կարիքը չկա։ Այսինքն՝ հետագա համագործակցության ժամանակ շեշտը կդրվի արդեն գիտելիքների փոխանցման վրա։ Մենք եւ մեր հայաստանյան կոլեգաները ավելի լայն նպատակներ ենք դրել մեր առջեւ. ուզում ենք կապակցել Բելգրադը, Երեւանը եւ Մոսկվան, ցանկություն կա, որ հարաբերությունները լինեն բարձր մակարդակի եւ հավասարը հավասարին։ Այդ տեսակետից Սարգիս Անանյանը ամենացանկալի մարդն է մեզ համար։

– Ո՞ր հիվանդություններն են այսօր ավելի հաճախ հանդիպում։

– Դիմածնոտային հիվանդությունների մեջ աշխարհով մեկ տիրապետող են դառնում զանազան ուռուցքները՝ աչքի, քթի, ականջի։ Հայկական նորաստեղծ կենտրոնը նաեւ այդ է նկատի ունենում։

– Ի՞նչ վիրահատություններ կկատարվեն, որոնք այստեղ նորություն են։

– Հայաստանում պարադոնտոլոգիայի ասպարեզից կիրառվում է ատամնաքարերի հեռացումը։ Կիրառվում են որոշ դեղորայքներ եւ դրանով սահմանափակվում։ Իսկ պարադոնտալ վիրաբուժությունը նոր բան է եւ մի քանի տեսակներ ունի։ Որքան ես գիտեմ, Հայաստանում այդ վիրաբուժությունը զարգացած չէ։ Իսկ պարադոնտոպատիան աշխարհում ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Դա ատամները պահող ոսկրերի քայքայումն է, որի հետեւանքով ատամները թուլանում եւ թափվում են։ Ամբողջ աշխարհում այդ վիրահատությունը կատարվում է, սակայն Հայաստանը այդ ասպարեզում ոչ գիտելիքներ ունի, ոչ էլ՝ կադրեր։

– Բացի վիրահատություններ կատարելուց կենտրոնը կադրեր պատրաստելու ծրագրեր ունի՞։

– Այո, ծրագրում ենք եւ հիվանդների բուժում, եւ կադրերի պատրաստում, եւ գիտական համագործակցություն (մենագրություններ, համատեղ գիտական հոդվածներ եւն)։ 1997 թ. Հայաստան այցելեցին պրոֆեսորներ Զելիչը եւ Պետրովիչը ու ՀՀ առողջապահության նախարարությանը առաջարկեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեթոդների վրա հիմնված մի եղանակ. բնակչության մի փոքրիկ հատված ընտրվի եւ հետազոտության ենթարկվի։ Այդ սահմանափակ վիճակագրությամբ կարելի է ստանալ Հայաստանում ազգաբնակչության մեջ կարիեսի, պարադոնտոպատիայի եւ այլ հիվանդությունների տարածվածության բավական համոզիչ պատկերը։ Եվ նախարարությունը, որ ունի նման տվյալներ, ավելի հեշտությամբ կկատարի կանխարգելիչ աշխատանքներ եւ կնպաստի այդ հիվանդությունների նվազմանը։ Դա պահանջում է նախեւառաջ այդ ստուգող կադրերի կրթում։ Մենք առաջարկել ենք ինքներս կատարել այդ վերապատրաստումը՝ անվճար։ Հաջորդ պատվիրակության մեջ կլինի պրոֆեսոր Գալիչը, որը նորից կառաջարկի այս պրոեկտը ՀՀ առողջապահության նախարարությանը։ Եվ ամեն անգամ, երբ գանք, առաջարկելու ենք։

– Պիտի ենթադրել, որ մեր կողմից մերժվում է։

– Աշխարհի երկրների մեծամասնությունը դա անում է։ Այստեղ ասում են՝ լավ է, լավ է, բայց շարունակություն չի ունենում։ Գործը բարի ցանկություններից այն կողմ չի անցնում։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031