Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՆՈՒՅՆ ԳՈՒՄԱՐՈՎ ՕԳՆԵԼ 10 ՏԱՐԻ

Մարտ 24,1999 00:00
toto

Սփյուռքի հետ հարաբերությունների ոլորտը, թերեւս, ամենանուրբն է։ Հայկական համայնքների հետ գործնական բոլոր ծրագրերը, համարյա առանց բացառության, ձախողվել են։ Սա բավականաչափ տարօրինակ ու անհասկանալի արդյունք է, որովհետեւ երկուստեք համագործակցության ցանկություն կա։

Իսկ մինչ համագործակցության ծրագրերը՝ սփյուռքում հիմնականում հակված էին հայրենիքի աջակցության կոմիտեներ ու հանձնախմբեր ստեղծել։ Դրանք հատկապես ակտիվ էին գործում 88-ի երկրաշարժին հաջորդող մի քանի տարում։ Տարիների հեռվից այդ գործընթացները մի քիչ զավեշտական ընկալում ունեն։

Հետաքրքիր է ընթերցել ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանի մոտ կայացած հանդիպումներից մեկի արձանագրությունը (29 հոկտեմբերի 1992 թ.)։ Հայկական կողմից մասնակցել են ՀՀ պետնախարարներ Գ. Վարդանյանը, Վ. Չիթեչյանը, Հ. Հակոբյանը, Գ. Շահբազյանը, շինարարության նախարար (հետագայում թիվ մեկ էներգետիկ, իսկ ավելի ուշ՝ արտադրական ենթակառուցվածքահամակարգող) Գ. Մարտիրոսյանը, էկոնոմիկայի փոխնախարար Ա. Դարբինյանը (չշփոթե՛լ ներկայիս վարչապետ Ա. Դարբինյանի հետ) եւ առողջապահության փոխնախարար Վ. Դեմիրճյանը։ Հունական կողմից մասնակցել են «Հայաստանի աղետյալների օգնության Հունաստանի կոմիտեի» ատենապետ Գ. Յաղջյանը, ատենադպիր Ս. Յաղուբյանը եւ կոմիտեի եւս երկու անդամ։

Հանդիպման ընթացքում շատ կարեւոր հարց էր քննարկվում։ Հունահայ համայնքը Հայաստանի աղետյալներին օգնելու նպատակով 700 հազար ամերիկյան դոլար գումար էր հանգանակել։ Այդ գումարը ըստ արժանվույն օգտագործելու համար հատուկ կոմիտե էր ձեւավորվել։ Հունական կողմն ու մեր պաշտոնատարները լուրջ-լուրջ քննարկել էին, թե ինչպես ծախսեն այդ գումարը։ Հանդիպման արձանագրության բոլոր երեք էջերը ստորագրվել են պետնախարար Գ. Վարդանյանի, կոմիտեի ատենապետի եւ ատենադպիրի կողմից։

Նախ որոշվել է. «ՀՀ շինարարության նախարարության պատվերով, որը գործել է ըստ ՀՀ կառավարության համապատասխան հանձնարարության, արդեն Հունաստանում պատրաստվել է եւ շուտով Հայաստան կառաքվի 170.000 ամերիկյան դոլար արժողության բետոնե բլոկների արտադրության հոսքային գիծը»։ Այս որոշումն ընդունելուց հետո հոսքագիծն իսկապես ներմուծվել է եւ տեղադրվել Սպիտակ քաղաքում։ Սակայն ծրագրի այս մասի իրականացման համար 170-ի փոխարեն ծախսվել է 200 հազար դոլար։ Շարունակենք ընթերցել արձանագրությունը. «Մնացած գումարի նպատակահարմար օգտագործման վերաբերյալ տեղեկություններ տրվեցին Ա. Դարբինյանի (հիշե՛լ չշփոթելու կոչը) Գ. Մարտիրոսյանի եւ Վ. Դեմիրճյանի կողմից։ Քննարկվեց համանման մեկ այլ սարքավորման՝ երկաթբետոնե խողովակների հոսքային գծի, արեւային մարտկոցների համալիրի արտադրության սարքավորումների, ինչպես նաեւ մանկական սնունդի ձեռք բերման տարբերակները այդ գումարի հաշվին»։ Երկար քննարկումներից հետո, ի վերջո, խորհրդակցությունը չորս կետանոց որոշում ընդունեց։ Որոշման երրորդ կետը սահմանում է. «Մնացած 530.000 ամերիկյան դոլարը առաջարկվում է ծախսել մանկական սնունդ ձեռք բերելու համար»։ Նույն խորհրդակցության ժամանակ պաշտոնապես նշվել է, որ «մանկական սննդի Հայաստանի պահանջը տարեկան կազմում է մոտ 900 տոննա»։

Խորհրդակցությունից հետո, մոտ երեք ամիս անց «Հայաստանի աղետյալների օգնության Հունաստանի հանձնախմբի» անդամները «150 թոն երեխաներու սննդակաթի փոխանցումը կը կատարեն Հայաստանի պատասխանատու մարմիններուն»։ Այդպես էր գրում հունահայ մամուլը։ Ընդ որում ծրագրի իրականացումը գնահատված էր 200 հազար դոլար։

Եվ այսպես, հունահայերի հանգանակած 700 հազար դոլար գումարից 93 թվականի հունվարին արդեն ծախսվել էր 400 հազար դոլարը։ Մնացած գումարի տնօրինումը երկար տարիներ անհայտ էր։ Բացատրությունները տարբեր էին։ Նշվում էր, որ բարեգործական այս հիմնադրամը սերտ կապերի մեջ էր ՀՅԴ-ի հետ։ Հայաստանի իշխանությունների կոշտ դիրքորոշումը ՀՅԴ-ի նկատմամբ պատճառ էր դարձել, որ սառեցվեն բարեգործական միջոցները։ Կային, իհարկե, նաեւ այլ պատճառաբանություններ ու ենթադրություններ։ Դրանք շատ էին, չկար միայն սպասված մանկական սնունդը։

Իսկ 300 հազարը, ի վերջո, հայտնվեց։ Անցած աշնանը այդ արժեքի բանկային ստացականը հունահայ համայնքի ներկայացուցիչները փոխանցեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Գումարն ուղղվեց Լոռու մարզ եւ, ի վերջո, կծառայի իր նպատակին։ Բայց կմնան հարցեր, օրինակ՝ թե ինչու այդքան երկար ժամանակ պահանջվեց 700 հազար դոլարը տրամադրելու համար կամ ինչո՞ւ այդ երկար ժամանակահատվածում ոչ մի սենթ չավելացավ այդ գումարին (գոնե արեւմտյան բանկային համակարգում ընդունված 2-3 տոկոսի չափով)։

Իսկ պատասխան չգտած հարցերը, մեղմ ասած, չեն նպաստի Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների կարգավորմանը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031