Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿՐՔԵՐ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԱՌԸ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ

Մարտ 24,1999 00:00
artashat

ՀԺԿ վարչության քարտուղար Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունները Արտաշատում եւ Էջմիածնում արդեն իսկ արձանագրված ընտրախախտումների մասին բավական լուրջ ահազանգ էին։ Էջմիածնի տեղական հեղինակության՝ Ճոյտին առնչվող պնդումների իսկությունը փոքրիշատե ակնհայտ դարձավ։ Փորձեցինք պարզել նաեւ Արտաշատի եւ դրան հարակից գյուղերի վերաբերյալ հայտարարությունների հիմնավորվածությունը, պատկերացում կազմել տեղի նախընտրական գործընթացների վերաբերյալ։

Անհանգստության նշաններ

ՀԺԿ վարչության անդամ եւ Արտաշատի կազմակերպության խորհրդի քարտուղար Արամայիս Բարսեղյանը վստահեցրեց, որ Արտաշատում դեռեւս որպես ընտրակաշառք զուգագուլպա, ալյուր կամ բրինձ բաժանելու դեպքեր չեն արձանագրվել։ Մեզ էլ ներկայացրեց իր նույն տեղեկությունը, որը եւ հիմք էր դարձել Հմայակ Հովհաննիսյանի պնդումներին. «Կուսակցական խորհրդակցությունից առաջ ընկերներով զրուցում էինք։ Էջմիածնի եւ Արմավիրի վերաբերյալ ասվեց, որ անձնագրերը հավաքելու դեպքեր կան, եւ ես էլ ասացի, որ սկզբնական կազմակերպությունների քարտուղարներիս հաղորդած տեղեկությունների համաձայն՝ մեզ մոտ էլ նման միտում կա, նաեւ սոլյարկա բաժանելու վերաբերյալ են ահազանգեր եղել»։

Նշենք, որ պրն Բարսեղյանը կտրականապես հերքում էր, թե ինքն է վկայել ՆԳ եւ ԱԱ տեղական կառույցների եւ «Օրինաց երկրի» համագործակցության վերաբերյալ։

Անձնագրեր հավաքելու ժամանակը

«Այո՛, անձնագրեր հավաքելու վերաբերյալ փաստեր ունենք՝ Արտաշատում, Արեւշատ գյուղում,- հաստատեց Արամայիս Բարսեղյանը։- Այդ ահազանգերը ճշտելու համար հանդիպեցինք «Օրինաց երկրի» տեղի կառույցի քարտուղարի հետ։ Նա պնդում էր, թե պիտի ապացուցենք, բայց երեւի ոչ մեկն էլ չի կանգնի ու հաստատի, որ անձնագիրը տվել է այս կամ այն նպատակով։ Այնպես որ, երեւի հնարավոր չէ ապացուցել։ Բայց այնուամենայնիվ՝ ինչո՞ւ նման լուրեր չկան, ասենք, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի կամ մեկ այլ կուսակցության վերաբերյալ, բայց հենց «Օրինաց երկրի» վերաբերյալ պնդումներ կան, որ նրանք են անձնագրեր հավաքում»։ Այս մասին պարզաբանումներ ներկայացրեց «Օրինաց երկիր» կուսակցության Արտաշատի տարածքային խորհրդի քարտուղար, Նորաշենի համայնքապետ Արտուշ Սարգսյանը. «2-3 անգամ մարզխորհրդի նիստերին մասնակցել էր նաեւ Արտաշատի անձնագրային բաժնի պետը, եւ բոլոր գյուղապետերի համար, այսպես ասած, պլան էին սահմանել, որ մինչեւ դեկտեմբեր ամեն գյուղում 30-40%-ով անձնագրերի փոխանակում կատարվի։ (…) Այդ աշխատանքներն էլ իրականացրել ենք մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները։ Թող որեւէ մեկն ապացուցի կամ հիմնավորի, որ դեկտեմբերից հետո անձնագրի փոխանակման խնդիր է առաջացել»։

Պրն Սարգսյանը պնդում էր, որ ինքը չի դիմել անձնագրերի հավաքման պատրվակով «Օրինաց երկրի» շարքերի ստվարացման հնարքին. «Նորաշենը 4 հազար բնակիչ ունի, ես 1996-ին 1000 ձայնով եմ գյուղապետ ընտրվել։ Այսօր Նորաշենում «Օրինաց երկրի» 50-100 անդամներ կան ընդամենը։ Եթե պաշտոնական դիրքս օգտագործեի՝ Նորաշենից միանշանակ 900-1000 մարդ կկարողանայի անդամագրել՝ չհաշվենք անգամ այն մարդկանց, որ միայն համայնքի ղեկավարին ուղղակի դուր գալու համար կանդամագրվեին»։

Ի դեպ, «Օրինաց երկրի» Արտաշատի տարածքային խորհրդում 30-ից ավելի նոր անդամատոմսեր տեսա։ Նրանց մեջ անգամ խիստ պատկառելի տարիքի մի կնոջ անդամատոմս կար, որ օր ծերության որոշել էր «Օրինաց երկրի» կուսակցականը դառնալ՝ հաստա՛տ գաղափարական նկատառումներից ելնելով։

Քաղցր երկիր

Արդեն նշել ենք, որ ՀԺԿ տեղական կառույցի ղեկավարն «Օրինաց երկրին» մրցակից ընդհանրապես չի համարում։ «Յուրաքանչյուր գյուղում մեր կառույցն ունենք՝ 60-70 անդամներով եւ տեղեկություն, թե ինչ այլ կուսակցությունների կառույցներն են ավելի ամուր։ Եվ կարող ենք պնդել, որ «Օրինաց երկիր» հասկացություն մեզ մոտ չկա։ Ընդամենը սրա-նրա հետ բանակցելով շրջում են, թե մեր կուսակցության մեջ ընդունվեք։ Ուսուցիչների մոտ մի տորթ են տանում, մարտի 8 շնորհավորում, Նոր տարի շնորհավորում եւ այլն։ Չեմ կարող ասել, թե այս տարբերակներով ինչքան մարդ են հավաքագրել։ Թե ինչ ուժ են ներկայացնում կամ կուսակցական ինչ գաղափարախոսություն՝ ընտրությունների արդյունքները ցույց կտան։ Բայց ես չեմ կարծում, որ նրանք իրոք կարող են խորհրդարանում շատ տեղեր ստանալ»։

Բավական ծանր էր «Օրինաց երկրի» տորթը՝ 3 հոգով էին տեղափոխել, ինչպես երեւում է լուսանկարից։ Կուսակցությունն այս ծանրակշիռ ներդրումն արել էր Վերին Արտաշատ գյուղի դպրոցում. «120 հոգի կերան եւ էլի մնաց,- պարծեցավ Արտուշ Սարգսյանը։- Մարտի 8-ի տոնն այսպես ենք նշել՝ ոչ թե զուգագուլպաներ բաժանելով»։ Ամանորին Վերին Դվինի անապահով ընտանիքների երեխաներին Նորաշենի գյուղապետը շոկոլադ էր նվիրել։

Նոր տարուն էլ «Օրինաց երկրի» տեղի ներկայացուցիչները մեկական շիշ օղի, մի տուփ սուրճ, շոկոլադ եւ բացիկ էին նվեր ստացել՝ կուսակցության բարեմաղթանքներով հանդերձ։ Այս ամենն իմանալով՝ էլ չես զարմանում, թե ինչու են ծերունազարդ կանայք կուսակցական դառնում։

ՔԽ-իկ

Արտաշատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը եւս քաղաքական խորհուրդ է ձեւավորել։ Մարտի 22-ին կայացել է այդ տեղական ՔԽ-ի նիստը, որտեղ մարզպետը մասնավորապես խնդրել է ներկայացնել, թե որ կուսակցությունն ում է առաջադրելու։

«Եվ ես անկեղծորեն ներկայացրի Արտաշատում մեր 6 թեկնածուներին, թե որ տեղամասերում են առաջադրվելու եւ այլն,- պատմեց Արամայիս Բարսեղյանը։- Բայց հետո զգացի, որ միգուցե վաղաժամ հայտարարեցի, դասավորությունը կարող էին փոխել, իրենց թեկնածուներին փոփոխել եւ այլն։ Մանավանդ որ, երբ հարցրի, թե ՀՀԿ-ն այդ տեղամասերում ո՞ւմ է առաջադրելու՝ ավելի ճկուն պատասխան տվեցին, որ դեռ չեն որոշել։ Ի դեպ, ՀՅԴ ներկայացուցիչներն էլ անկեղծորեն բացահայտեցին իրենց թեկնածուներին»։

Ասենք, որ Արտաշատում մեր երկու զրուցակիցներն էլ պատգամավորության թեկնածուներ էին։

Ինչ են մտածում գյուղացիները

«Արամայիսն ինձ ասաց, որ Վերին Դվինում սոլյարկա են բաժանել՝ ես առաջարկեցի գյուղ գնալ պարզելու համար»,- ՀԺԿ-ին տեղական կազմակերպությանն ուղղված «Օրինաց երկրի» այս առաջարկն, ի վերջո, «Առավոտն» իրականացրեց։ Գյուղի ավագանու անդամներն, իհարկե, կտրուկ հերքեցին, թե նման բան է եղել։ «Շարքային» գյուղացիները, որոնք չէին ցանկանում ո՛չ լուսանկարվել, ո՛չ էլ ներկայանալ (բայց ձայնագրությունը պահպանված է), պատմեցին. «Անցած տարի սոլյարկա բերեցին, սաղին էլ տվեցին։ Հլը էլի կբերեն՝ խոսակցություն կա, որ պիտի օգնություն բերեն։ Անգրագետ ենք, չգիտենք, թե ում կողմից է էդ օգնությունը»։ Սա նաեւ առիթ դարձավ այս ամենի վերաբերյալ նրանց դիրքորոշումն իմանալու համար։ «Որ թեկնածուն բերեն էստեղ, ում վերեւից ցանկանան, համաձայն լինեն՝ մենք էլ նույնպես կհամաձայնենք, ինչ պիտի ասենք»։ «Ով էլ գա՝ մեզ համար մեկ է։ Էլի էս մարդը չե՞նք»։ «Ոչ մեկին էլ չենք հավատում։ Անցած տարի էլ մեզ ամեն ինչ խոստացան՝ կօգնենք, խանութներ կբացենք՝ ձայն տվեցինք, ու ոչ մի բանով չօգնեցին, ոչինչ չստացանք։ Էս անգամ որոշել եմ ընդհանրապես չգնալ ընտրությունների»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031