Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռուսական ռուլետկա»՝ ԱՄՆ վարչակարգի կատարմամբ

Մարտ 24,1999 00:00
ashxarh

Աշխարհը սարսափած սպասում է։ Փարիզում համաձայնության գալ չհաջողվեց, եւ Կոսովոյի ալբանացիները, գոյություն չունեցող փաստաթղթի տակ ի հիշատակ թողնելով իրենց ստորագրությունը, խրախուսական ուղեւորության մեկնեցին անսահմանափակ հնարավորությունների երկիր։ Սերբերը ուղեւորվեցին տուն, սպասելու, թե երբ են նրանց գլխին թափվելու ՆԱՏՕ-ի ռումբերը։ Պատժող մատը դրվեց մեկնարկային կոճակին։

Ցարական հուսարները, երբ խմած էին, մի խաղ էին խաղում «ռուսական ռուլետկա» անվանմամբ։ Այդ խաղում ատրճանակի մեջ դրվում էր ընդամենը մեկ փամփուշտ եւ մասնակիցներից յուրաքանչյուրը ինքն իրեն էր կրակում։ Ոչ ոք չգիտեր, թե ում է հասնելու վերջնական մահացու կրակոցը։ Շանսը միակն էր, բայց՝ իրական։

Վերջերս այս խաղի երկրպագուները, կարծես, ամերիկացիներն են դարձել, թեեւ ատրճանակների փոխարեն գերժամանակակից ռմբակոծիչներ են նախընտրում։ Մի քանի ռումբ գցեցին Աֆղանստանի վրա, հանգիստ անցավ։ Ի պատասխան պայթեցրած դեսպանատները ի՞նչ են կարգուկանոնի եւ ժողովրդավարության արտահանման վեհ գաղափարի առաջ։ Դրան հաջորդեց Իրաքը։ Այստեղ խաղը չնայած մի փոքր ձգձգվեց, սակայն ընդհանուր առմամբ հարթ է անցնում։

Այժմ հերթը հասավ Հարավսլավիային։ Այն, ինչ կատարվում է Բալկաններում, չափազանց լուրջ է. արյունալի եւ սարսափեցնող, բայց մի՞թե ռմբակոծում խաղալը կսաստի այստեղ փարթամացած ատելությանը։

Ի՞նչն է ստիպում քեռի Սեմին, ջանք չխնայելով, հրել ՆԱՏՕ-ին դեպի ուժային տարբերակ։ Մի՞թե՝ բռնագրավել Կոսովոն եւ նվիրաբերել այն ալբանացիներին։ Իհարկե ոչ։ Որովհետեւ դա իրավաբանորեն այլ կերպ լուծվող հարց է այն պարզ պատճառով, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկիր պատրաստ չէ անգամ ամենաչնչին զոհերի, որոնք երկրի վրա ռազմական գործողությունների դեպքում անխուսափելի են։ Պատերազմ ամենեւին չի ծրագրվում՝ խոսքը միայն օդային հարվածների մասին է, որոնց հնարավորությունը Վաշինգթոնի հաշվարկով պետք է ահ ու սարսուռ առաջացնի Հարավսլավիայի ղեկավարության մոտ եւ ստիպի ընդունել ցանկացած պահանջ։ Ամերիկացիները պարզապես հաշվի չեն առել ազգային արժանապատվության գործոնը, որը եւ շրջում է նրանց բոլոր հաշվարկները 180 աստիճանով։ Պարզվեց, որ սերբերը պատրաստ են շատ ավելի մեծ զոհողությունների։

Դժվար չէ կանխագուշակել, որ արդյունքը նույնն է լինելու, ինչ Իրաքում, այն տարբերությամբ միայն, որ ԱՄՆ-ն այստեղ մասնակից է դարձնում ՆԱՏՕ-ին։ Իրաքում ամերիկացիներն արդեն մեկ անգամ սխալվեցին, ենթադրելով, որ «made in USA» նիշով ռումբերը ժողովրդի դժգոհության ալիք կբարձրացնեն՝ ընդդեմ սեփական ղեկավարության։ Արտաքին վտանգը երկրի ներսում ամենակոշտ ղեկավարման լավագույն արդարացումն է։ Իրաքի ռմբակոծումների փորձը դա ցույց տվեց ամենայն պարզությամբ։ Որեւէ կասկած չի կարող լինել, որ Սերբիայի ռմբակոծումները միմիայն կնպաստեն Միլոշեւիչի դիրքերի ամրացմանը։ Իսկ ԱՄՆ-ը ձեռք կբերի եւս մեկ անհաշտ թշնամի, այս անգամ Եվրոպայում՝ ի դեմս քրիստոնյա ազգի։

Ամեն անգամ ռմբախաղ սկսելով՝ ԱՄՆ-ը կրակի հետ է խաղում։ Ոչ ոք չի կարող կանխագուշակել, տեղական հրդեհներից ո՞ր մեկը համաշխարհային բոցի կվերածվի այդ խաղերի հետեւանքով։ Դա ռուսական ռուլետկա է, յուրաքանչյուր հարվածը կարող է մահացու լինել։ Աշխարհը սարսափած հետեւում է, թե քեռի Սեմը ինչպես է հերթական անգամ ռմբակոծիչը քունքին հարմարեցնում։ Կրքոտ նախագա՞հն է նորանոր արկածներ փնտրում, թե՞ սլավոնական արյունն է խաղում պետքարտուղարի երակներում։ Այս անգամ ինչո՞վ կվերջանա։

Այս դարում տեղի ունեցած երկու համաշխարհային պատերազմները Բալկաններից են սկիզբ առել։ 20-րդ դարի վերջին մնացել է ընդամենը 9 ամիս։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031